Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ախթալա գյուղը հռչակված է ոչ միայն հանրապետության պղնձահանքային արդյունաբերության զարգացման գործում ունեցած դերով, այլև՝ տարբեր դարաշրջաններին պատկանող մշակույթի արժեքավոր հուշարձաններով։ Դրանցից են Ախթալայի ամրոցն ու վանական համալիրը։
Ամրոցը վանական համալիրի հետ միասին գտնվում է գյուղի կենտրոնական մասում։ Ամբողջ տարածքը երեք կողմից եզերված է ժայռապատ խոր ձորերով, իսկ չորրորդ՝ հյուսիսային կողմից սարահարթ է։ Շրջապատված լինելով բնական ամրություններով, այն պաշտպանված է եղել նաև բրգավոր պարսպապատերով։ Ամրոցը կառուցվել է 10-րդ դարում՝ Կյուրիկյանների տիրապետության ժամանակ։ Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ 10-րդ դարի պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան Արևելցին ամրոցը հիշատակում են Պղնձահանք անունով։
Եկեղեցին տեղադրված է ամրոցի տարածքի միջին մասում։ Իր հորինվածքով այն եռանավ բազիլիկ տիպի գմբեթավոր կառույց է։ Ըստ վերոհիշյալ պատմիչների հիշատակությունների, վանքի գլխավոր՝ Սբ․ Աստվածածին եկեղեցին կաուցվել է ամիլսպասալար Իվանե Զաքարյանի կողմից՝ 13-րդ դարի առաջին քառորդում։ Վանական համալիրը հյուսիսային Հայաստանում քաղկեդոնական դավանանքի կենտրոնն էր և կարևոր դեր է խաղացել միջնադարյան Հայաստանի կրթամշակութային կյանքում։ Քաղքեդոնական դավանանքին հարած լինելու հանգամանքն իր կնիքն է դրել եկեղեցու հարդարանքի վրա, օժտելով այն վրացաոճությամբ։
Պատերն արտաքինից շարված են բազալտե սրբատաշ խոշոր քարերով, իսկ ներսից՝ կոպտատաշ մանր քարերով և աղյուսով։ Ամբողջ եկեղեցին պատված է նրբագեղ որմնանկարներով, որոնք հիացնում են յուրաքանչյուրին իրենք բարձրարվեստ կերտվածքով և երանգների ապշեցուցիչ բազմազանւոթյամբ։ Որմնանկարներից հատկապես ուշագրավ են խորանի պատի Աստվածամոր պատկերը գահի վրա, Սուրբ Հաղորդության տեսարանը, արևմտյան պատի Ահեղ դատաստանի թեմաներով որմնանկարները, մույթերի վրա ամբողջ հասակով կանգնած սրբերի պատկրները և այլն։ Եկեղեցու արևմտյան ճակատի հարավային կողմին կից է ուղղանկյուն հատակագծով թաղածածկ սենյակ, որը եկեղեցուն կցվել է ավելի ուշ։ Դրա մասին են վկայում կցման տեղերում պատերի միջև փոխպայմանավորվածության բացակայությունը։ Այն ունի երկու մուտք՝ արևմտյան և հյուսիսային կողմերից։ Եկեղեցու հյուսիսային պատին հետագայում կցվել է թաղակապ ևս մի սենյակ։
Գլխավոր եկեղեցուց մոտ 50 մետր դեպի հյուսիս- արևմուտք գտնվում է միանավ եկեղեցի, որը թվագրվում է 13-րդ դարին։ Այն ունի ուղղանկյուն հատակագիծ։ Մուտքը առանց հարդարանքի է և արևմտյան կողմից։ Սբ․ Աստվածածին եկեղեցու հյուսիսային կողմում գտնվել է վանքի միաբանության կացարանի եկհարկանի շենքը, որից միայն պատերն են մնացել։ Առաջին հարկը գետնի մակարդակից ցածր է, իսկ մուտքը բացվել է երկրորդ հարկից։
Ախթալան Կյուրիկյան թագավորների դրամահատարանն էր: Այստեղ է հատվել Հայաստանի տարածքում հատված միակ հայատառ դրամը, որ պատկանում է Լոռու Կյուրիկե Բ արքային: Հետագայում, Լոռու թագավորության անկումից հետո Ախթալան դարձավ վրաց Բագրատունի թագավորների դրամահատարանը: Դրամահատարանը գտնվում է հենց ամրոցի և եկեղեցու տարածքում։ Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնի» որոշ տեսարաններ։
Ախթալան ռազմապաշտպանական և հոգևոր հզոր կենտրոն է եղել, ինչի մասին են վկայում գյուղի 10-13-րդ դդ. բազմաթիվ ամրաշինությունները, եկեղեցիները և մատուռները։ Մայրուղի վերադառնալու ճանապարհին` աջից, ժայռակատարի վրա կտեսնեք Սբ Երրորդություն վանքը, որն ունի երկու իրար կից եկեղեցիներ, մատուռ, մեծ սրահ և ստորգետնյա սենյակներ։