«Ագարակ» պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում: Այն Հայաստանի ամենահետաքրքիր հնագիտական հուշարձաններից մեկն է:Արգելոցի տարածքը 118,2 հեկտար է: Արգելոցը ընկած է Ամբերդ գետի աջ ափին և գտնվում է Երևան-Աշտարակ-Գյումրի մայրուղու երկու կողմերում: Բնակատեղիի տարածքը պատված է ժայռափոր և քարակոփ կառույցների համալիրներով: Առկա են ժայռափոր խորշեր, դեպի այդ խորշերը տանող աստիճանահարթակներ և այլ նշանակության կերտվածքներ: 200 հա տարածք զբաղեցնող ծիսական լանդշաֆտի նմանատիպ օրինակ, մինչև Ագարակի պեղումները Հայկական լեռնաշխարհում փաստագրված չէր: Հուշարձաններն ուսումնասիրող հնագետների կարծիքով նման կերտվածքներով հագեցած ժայռահարթակները ծիսապաշտամունքային կառույցներ են:
«Ագարակ» պատմամշակութային արգելոցի լայնածավալ պեղումները սկսվել են 2001 թ.-ին: Այստեղ իրականացված պեղումները փաստում են, որ հնավայրը բնակեցված է եղել շենգավիթյան կամ կուր-արաքսյան մշակույթի միջին փուլում, ինչպես նաև Ք. Ա. 8-6-րդ դարերում: Վանի թագավորության կազմալուծումից հետո Ագարակը քաղաքային տիպի խոշոր բնակավայր է եղել : Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մեծաքանակ խեցեղեն, թրծակավե արձանիկներ, կլոր և պայտաձև օջախների, հենակ-պատվանդանների մնացորդներ: Պեղումների ընթացքում նաև հայտնաբերվել են ուրարտական ժայռափոր դամբարան, ուրարտական կնիքով կարասային թաղման և խեցեղենի մնացորդներ: Ագարակի ծաղկման շրջանը համարվում է Ք.ա. 4-3-րդ դարերից մինչև Ք.հ. 2-4-րդ դդ., երբ գյուղը ( կամ գուցե արդեն քաղաքը ) ներգրավված էր, այսպես ասած, միջազգային առևտրի մեջ: Այդ մասին վկայում են այս տարածքից հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջանների մետաղադրամների գտածոները:
Ագարակցիների կյանքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել խաղողագործությունն ու գինեգործությունը, այդ են վկայում պեղումեների ընթացքում հայտնաբերված գինու մեծաքանակ ժայռափոր հնձանները: Ագարակի համալիրը «բազմաշերտ» է. մարդիկ այստեղ ապրել և ստեղծագործել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում, սակայն մինչ օրս ուսումնասիրվել է բնակավայրի միայն մի մասը։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարների հեղինակ՝ Արտյոմ Մարտիրոսյան