Իրենա Խարազովա
ԱՌԱՋԻՆ ՀԱՅՈՒՀԻՆ՝ ԷՎԵՐԵՍՏԻ ԳԱԳԱԹԻՆ
2016 թվականի մայիսի 20-ին Նեպալի ժամանակով առավոտյան ժամը 8-ին առաջին անգամ Էվերեստի գագաթին կանգնեց առաջին հայուհի լեռնագնաց Իրենա Խարազովան: Բացի Էվերեստ բարձրանալը, նա նաև առաջին հայուհին է, ում հաջողվել է իրականացնել «7 գագաթ» ծրագիրը՝ հասնելով բոլոր մայրցամաքների ամենաբարձր գագաթներին, որոնք են Կիլիմանջարոն, Էլբրուսը, Դենալին, Ակոնկագուան, Էվերեստը, Վինսոնը և Կաստյուշկո լեռնագագաթը։
Խարազովան բարձրացել է Երկրի ամենաբարձր կետը ռուսների թիմի կազմում՝ Ալեքսանդր Աբրամովի գլխավորությամբ, ով այդ պահին յոթերորդ անգամն էր բարձրանում Էվերեստ:
Ողջ պատմության ընթացքում Էվերեստի գագաթը նվաճել են երեք հայեր` Լև Սարկիսովը, Կարո Հովասափյանը և Իգոր Խալաթյանը:
ԴԵՊԻ ԷՎԵՐԵՍՏ
Լեռներ նվաճելու ցանկությունը Իրենայի մոտ առաջացել է 2011 թվականին, երբ նա Զանզիբարում անցկացնում էր իր արձակուրդը: Հարցազրույցներից մեկում Իրենան պատմում է, որ վերադառնալիս օդաչում թռիչքի ընթացքում ձեռքով ցույց է տվել Կիլիմանջարո լեռը և ասել, որ ով ուզում է ինքն իրեն ինչ-որ բան ապացուցել, հաղթահարում է այն:
Հասնելով Մոսկվա՝ առաջին բանը, որն արեց Իրենան՝ վերելքի կազմակերպումն էր։ Մինչ այս Իրենան ոչ մի կապ չի ունեցել հետաքրքրություն լեռնագնացության և էքստրեմալ սպորտաձևերից և ոչ մեկի հանդեպ: Կիլիմանջարոյի վարելքը նրան այնքան տպավորեց, որ նա ներգրավվեց «7 գագաթ» նախագծում: Նախագծի նպատակը 7 մայրցամաքների 7 ամենաբարձր կետերը հաղթահարելն էր։ Էվերեստից առաջ Իրենան հասցրել է բարձրանալ Էլբրուսը, հետո Հարավային Ամերիկայում գտնվող Ակոնկագուան, որը, նրա խոսքերով, ամենադժվար վերելքն էր և հաջողվեց գագաթ հասնել միայն երրորդ փորձից հետո, այնուհետև՝ ՄակՔինլին, որը գտնվում է Ալյասկայում, Վինսոնի զանգվածը, որը գտնվում է Անտարկտիդայում: Էվերեստն այդ շարքում 6-րդ էր։ Իրենան բարձրացել է Երկրի ամենաբարձր կետը Հյուսիսային (Տիբեթյան) կողմից՝ ստանդարտ երթուղու երկայնքով: Ավելի քան 200 կյանք խլած Էվերեստն Իրենան բարձրացել է 27 հոգանոց խմբով: Էկսպեդիցիան տևել է 42 օր: 42 օրերից 20-ը անցկացրել են 5000-7000 մետր բարձրության վրա: Խիզախ աղջիկը Էվերեստի գագաթին ծածանել է Հայաստանի և Արցախի դրոշները։
ԿԱՆԱՆՑ ԽՈՒՄԲԸ՝ ԷՎԵՐԵՍՏԻ ԳԱԳԱԹԻՆ
Մոսկովյան «7 գագաթ» ակումբում ամեն տարի կազմակերպվում են վերելքներ դեպի աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստ (8848 մ): Բայց 2016 թվականի էքսպեդիցիան առանձնահատուկ էր մասնակից կանանք թվով: Խմբի անդամներից տասը կանայք էին: Այսքան մեծ կանանց թիմ հավաքվել էր լեռան բոլոր վերելքների պատմության մեջ առաջին անգամ։ Տաս մասնակից կանանցից հինգը բարեհաջող հասան մինչև Էվերեստի գագաթ:
ԷՎԵՐԵՍՏԻ ՎԵՐԵԼՔԻՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴՐՎԱԳ
Էքսպեդիցիայի մասնակից աղջիկներից մեկը պատմում է, որ նախքան վերելքը մասնակիցները դեղահաբեր են ընդունել, որպեսզի բարձրության վրա զուգարան գնալու ցանկություն չունենան: Այդքան մեծ բարձրության վրա ալպինստները շատ հագուստ են կրում և միմյանց ամրացված են պարաններով, և պետք է ինչ-որ կերպ ազատվել դրանցից և ապահով տեղ գտնել, եթե 8900 մ բարձրության վրա զուգարան գնալու ցանկություն է առաջանում: Կարծես թե առօրյա պատմություն է, բայց դրա պատճառով կարող ես կորցնել հավասարակշռությունը: Ալպինիստները բարձրության վրա փորձում են ավելի քիչ ջուր խմել: Սովորաբար ոչ ոք իր հետ չի վերցնում մեկ լիտրից ավել ջուր՝ նախ դժվար է տանել, և հետո միայն մեկ թթվածնի բալոնն արդեն կշռում է 4 կգ։ 8300 մ բարձրության վրա կան վրաններ, որտեղ մասնակիցները կարող եք հալեցնել ձյունը, եթե ջուրը վերջանա, բայց լեռնագնացները նախընտրում են դա չանել. ի վերջո, վրան մտնելու համար հարկավոր է հանել կատվիկները (մետաղական ատամիկներով հարմարանք սառույցի վրա տեղաշարժվելու համար, որոնք ամրացվում են լեռնագնացների կոշիկների վրա), բայց ոչ ոք չի ցանկանում ավելորդ էներգիա ծախսել դրա վրա։
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Ըստ վիճակագրության Էվերեստ բարձրացողներից 13-ից մեկը ճանապարհին մահանում է։ Նրանցից շատերն այդպես էլ հնարավորություն չեն ունենում վերադառնալ տուն և հավերժ մնում են լեռան վրա՝ իրենց սառած մարմինների մոտով անցնող լեռնագնացներին հիշեցնելով, թե ով է այստեղ գլխավորը։ Մահվան մշտական սպառնալիք, ամեն վարկյան անդունդը ընկնելու, շնչահեղձ լինելու վախ։ Այս դեպքում ինչն է ստիպում տարեկան հարյուրավոր մարդկանց վտանգել իրենց կյանքն ու առողջությունը Էվերեստի գագաթ հասնելու համար։ Այս հարցին ի պատասխան Իրենան նշում է, որ Էվերեստ բարձրանալու որոշումը գալիս է միայն այն դեպքում, երբ դու իսկապես սկսում ես ապրել այդ լեռով, երբ կյանքն առանց նրա հետաքրքիր չի թվում, երբ Էվերեստը քեզ համար կյանքից էլ ավելի թանկ է դառնում:
Իրենան իր հարզարույցներում նշում է, որ ամենասարսափելին սպասողական վիճակն է, քանի որ շուրջդ շատ են խոսակցությունները մահվան մասին, և քեզ անընդհատ վախեցնում են պատմություններով, թե ով և ինչպես է մահացել Էվերեստի վրա:
Վերելքի ընթացքում Իրենան տեսնում է նախորդ էքսպեդիցիաներից մեկի մասնակցի սառած մարմինը: Դա Սլովենիայից փրկարար Մարկոն էր, ում մարմինը 2005 թվականից արդեն այդտեղ է: Այդ մասին Իրենան գրառումներ է արել իր օրագրում, պատմելով իր զգացողությունների մասին: Նրա համար ամենասարսափելի միտքը այն էր, որ հնարավոր է ինքը նույնպես հայտնվեր Մարկոյի կարգավիճակում: Իրենան վերելքից առաջ նույնիսկ խոսել է շերպաներից մեկի հետ, ասելով, որ եթե իր հետ մի բան պատահի ամեն գնով իրեն ներքև իջեցնեն, դրա համար նրա հարազատներն ինչքան հարկն է կվճարեն, իսկ եթե հանկարծ իջեցնելու ոչ մի հնարավորություն չլինի, գոնե հարմար դիրքով դնեն և մազերը արձակեն, որ գեղեցիկ տեսք ունենա:
Բարեբախտաբար ամեն բան լավ է ավարտվել:
ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷՎԵՐԵՍՏԻ ԳԱԳԱԹԻՆ
Իրենան նշում է, որ իրեն հաճախ են հարցնում, թե ինչ էր զգում վերևում․
— Հավանաբար, ես ոչինչ չեմ զգացել, քանի որ գագաթը հաջողության միայն 30%-ն է, և դեռ պետք է իջնել: Մոտ 20 րոպե ենք վերևում մնացել, պարզել ենք դրոշները, լուսանկարվել և սկսել իջնել: Մեզ ասացին, որ ուղղակի պետք է թեկուզ սողալով, իջնենք 6400 մետր բարձրության վրա գտնվող ճամբար:
Հայուհին իր հարցազրույցներում նշում է , որ էյֆորիան գալիս է ավելի ուշ, երբ հասնում ես 6400 մետրին։ Դուք հասկանում եք, որ բարձրացել եք Էվերեստը, եղել եք աշխարհի գագաթին, և հիմա ձեզ համար անհնարին ոչինչ չկա։ Այս էյֆորիան նման է թմրանյութի։
ԻՐԵՆԱ ԽԱՐԱԶՈՎԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Խարազովան ծնվել և ապրում է Մոսկվայում։ Նա մասնագիտությամբ նավթագործ է։ Իրենայի նախապապը փրկվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ՝ շնորհիվ այն բանի, որ մայրը կարողացել է տղային գորգի մեջ փաթաթված դուրս հանել։ Իրենայի ծնողները թբիլիսահայ են, այդ իսկ պատճառով Թբիլիսի այցելելու առիթներ շատ են եղել, բայց Հայաստանում երբեք չէր եղել: Իրենան առաջին անգամ Հայաստան եկավ 2016 թվականի օգոստոսի 16-ին: Իր այցի ժամանակ Իրենան ծանոթացել է Հայաստանի տեսարժան վայրերին, հանդիպումներ անցկացրել հայ լեռնագնացների հետ եւ մեծ հաճույքով կիսվել իր անմոռանալի փորձով:
ԱՆՀՆԱՐԻՆԸ՝ ՀՆԱՐԱՎՈՐ
Էվերեստը բարձրանալու օրերին Իրենա Խարազովան օրագիր է վարել, որտեղ մանրամասն պատմել է, թե ինչ դժվարություններ են հաղթահարել: Իր օրագրի մեջ նա գրել է, որ իր համար Էվերեստը ընդմիշտ կմնա իր ֆիզիկական ձեռքբերումների պատվանդանին և ապացույց կլինի, որ ցանկացած խենթություն կարելի է իրագործել, եթե հավատում ես սեփական ուժերիդ:
Իրենայի օրինակը լավագույն ապացույցն է այն բանի, որ կայնքում, եթե ինչ-որ բան շատ ցանկանաս և դրա համար բավականաչափ ջանք գործադրես, կարող ես անել այն, ինչ շատերի անհնարին է թվում:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Հեղինակ՝ Սիրան Թորոսյան