Հայաստանի ձմեռային սպորտաձևերի կենտրոն համարվող Ծաղկաձոր քաղաքում է գտնվում 11-13-րդ դարերում կառուցված Կեչառիսի վանական համալիրը, որն իր առանձնահատուկ ճարտարապետությամբ զարմացնում է բոլոր այցելուներին: Այն համարվել է միջնադարյան Հայաստանի մշակութային և հոգևոր նշանավոր կենտրոններից մեկը և ներկա պահին Հայ Առաքելական ԵկեղեցուԿոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է: Կառուցվել է Պահլավունիների և Պռոշյան իշխանների կողմից: Կեչառիսի վանական համալիրն ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Վանական համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 1033 թվականին Գրիգոր Մագիստրոսի կողմից: Ինչպես նաև Կեչառիսի վանական համալիրի տարածքում են գտնվում երեք տասնյակից ավելի խաչքարեր:
Կեչառիսի վանական համալիրը դարերի ընթացքում մի անգամ չէ, որ ավերածությունների է ենթարկվել, սակայն կրկին վերանորոգվել է: 17-րդ դարում Կեչառիսի վանական համալիրը լքվել է, իսկ 19-րդ դարում տեղի ունեղած երկրաշարժի պատճառով ավերվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը: Խորհրդային միության տարիներին վանական համալիրի տարածքը վերանորոգվել է և բարեկարգվել: Իսկ արդեն 1998-2001 թվականներին ավստիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով ամբողջությամբ վերականգնվել է Կեչառիսի վանալական համալիրը: