Վերելք Ամուլսար լեռ
Սեպտեմբերի 29-ին իրականացրեցինք չքնաղ վերելք դեպի Ամուլսար լեռը։ Բարձրությունը՝ 2987 մ։ Քայլեցինք մոտ 12 կմ։ Լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանաբաժանին։ Արշավի մեկնարկը տրվեց Սյունիքի զանգերի մոտից։
Լեռան տարածքը մարգագետնային է, մերթ ընդ մերթ հանդիպում են ժայռոտ զառիվայր լանջեր, ասես մի ալքիմիկոս ինքն է վերածել լանջերը ոսկու։ Գագաթին մնացել էր ընդամենը 20 մ և ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ-յի աշխատակիցները մոտեցան արշավախմբին զգուշացնելով չշարունակել ճանապարհը։ Սակայն ուժեղ քամուց և ցրտահարվելուց խուսափելու նպատակով, պատսպարվելու տեղ գտանք միայն գագաթին։
Գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սպանդարյանի ջրամբարը՝ Հայաստանի խոշորագույն ջրամբարներից մեկը։ Բացահայտեցինք հիանալի արշավային նոր երթուղի, որը իր բովանդակությամբ կգրավի շատ լեռնասերների և կարող է նպաստել էկոլոգիական տուրիզմի զարգացմանը Հայաստանում։
Ամուլսարը ռազմավարական, ստրատեգիական և էկոլոգիական մեծ նշանակություն ունի մեր երկրի համար։
Լեռները պատկանում են ժողովրդին
Լեռան տարածքը ոչ-ոք չի կարող սեփականաշնորհել։ Լեռները պատկանում են ժողովրդին և նա ազատ կարող է իրականացնել վերելք Հայաստանում գտնվող յուրաքանչյուր գագաթ։ Նրանք համարվում են երկրի ամուր ողնաշարը։ Մասնավորապես Ամուլսարի հանքի շահագործումը զգալի վնաս կհասցնի հյուսիսում գտնվող Ջերմուկին, քանզի վերջինս հանդիսանում է Հայաստանի առողջարանային քաղաղքներից մեկը և ունի տուրիստական մեծ նշանակություն։ Հանքի շահագործման դեմ պայքարը սկսվել է շուրջ մեկ տարի առաջ, երբ արդեն ավարտին էին մոտենում հանքի շինարարական աշխատանքները։
Նշենք նաև, որ մեր վերելքից մեկ շաբաթ անց դեպի Ամուլսար հաջող քայլարշավ իրականացրեցին 4 Peaks Alpine Club-ի երեխաները։
Մենք պետք է ներդաշնակ լինենք բնության հետ և ռացիոնալ օգտագործենք մեր ռեսուրսները։