ԱՐԱՐԱՏԸ՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

February 12, 2025

Մասիսը ներշնչանքի աղբյուր է եղել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի բազում ստեղծագործողների համար: Մասիսին ձոնել են բազում բանաստեղծություններ, երգեր, կտավներ, համարել վեհության, մեծության և գեղեցկության խորհրդանիշ:

 

Արարատը գրականության մեջ

Թերևս բոլորս էլ հիշում ենք Եղիշե Չարենցի հայտնի տողերը՝

Աշխարհ անցիր,
Արարատի նման ճերմակ գագաթ չկայ,
Ինչպէս անհաս փառքի ճամփայ՝
Ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Արարատի մասին իրենց հիացմունքի խոսքն են արտահայտել Պարույր Սևակը, Վահան Տերյանը, Հովհաննես Թումանյանը, Ղևոնդ Ալիշանը ու էլի շատ արժանավոր հայ մեծեր։

Պարույր Սևակն ասել է․

-Մենք քիչ ենք, սակայն մեզ Հայ են ասում:
Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում :
Պարզապէս մենք էլ պիտի ընդունենք,
Որ մենք, միայն մենք Արարատ ունենք

Մասիսը ոգեշնչել է նաև Հ․ Շիրազին

Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՛խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վեր,
Հովտում այրվել սիրտս բացի, բայց հով սարերն հեռվում տեսա․․․

 

Արարատը կտավներում

Արարատն իրենց նկարներում հավերժացրել են շատերը՝ Մ․ Սարյան, Փ․ Թերլեմեզյան, Հ․ Այվազովսկի և այլն։

Ներկայացնենք դրանցից մի քանիսը՝

 

Բիբլիական Արարատ

Հին կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռան» վրա դառնալով «նոր մարդկության խանձարուրը, ազգերի ու ժողովուրդների սփռման արձակարանը»։ Գրաբարից թարգմանաբար հենց այսպես է ասվում․

-Եվ տապանը նստեց յոթերորդ ամսի քսանյոթերորդ օրը՝ Արարատ լեռան վրա։

Շատ պատմաբաններ և աստվածաշնչագետներ ընդունում են, որ «Արարատը» Ուրարտուի եբրայերեն անունն է, որը Հայաստանի աշխարհագրական նախորդն է: Սակայն Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունում՝ Վուլգատայում, «Արարատը» թարգմանված է որպես «Արարատի լեռներ»։ Այնուամենայնիվ, հենց Արարատ լեռն է համարվում Նոյյան տապանի նստելու ավանդական վայրը և շատ քրիստոնյաներ այս տեսակետի կողմնակիցն են, քանի որ այն կարող էր լինել ջրերից երևացող առաջին գագաթը: Դրա համար այն անվանվում է բիբլիական լեռ:

 

Արարատ․ Լեգենդ և իրականություն

Արարատի մասին ժողովուրդը հյուսել է բազմաթիվ լեգենդներ։ Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը։

Մի լեգենդ կա կապված հայոց Արտաշես և Արտավազդ թագավորների հետ, որը շատ գեղեցիկ ներկայացրել է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Ըստ լեգենդի, շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, ով Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հայրենիքից հեռու մահանում է՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ է տալիս իր հայրենի հողին։ Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

– Նա հեռանում է մեզնից, ոնց-որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորել:

Մինչ դու գնում ես,
Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում,
Ես ավերակների վրա ում թագավորեմ։

 

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

– Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:

Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր, ի Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝

Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս և լույս չտեսնես։

Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձեռքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում: Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Բայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա: Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարն ու անարդարությունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից:

 

Լեգենդ Արարատի և Արագածի մասին

Մեկ այլ լեգենդ էլ պատմում է Արագածի և Արարատի մասին։ Ասում են մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:

Ըստ մեկ այլ լեգենդի հենց արարման վայրն է՝ ԱՐԱՐԱՏ-ը, որտեղ Արարիչը արարել է առաջին երկրային աստված Արիին: Արիի սերունդները բազմանալով տարածվել են Արարատից դուրս եւ տարբեր Արի Ազգեր կազմել: Իսկ Արարատում մնացած Արիները իրենց վրա պահպանում են ավանդական Արի (Արմեն) անունը: ՀԱՅ անունը նույնպես ավանդական խորհուրդ է եւ հոմանիշ է Արմենին: Իսկ Հայաստանը հոմանիշ է Արարատին:

Ա․Ս․ Պուշկինը իր «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» գրքում, շփոթում է Արարատը Արագածի հետ։ 

․․․Դուրս եկա վրանից առավոտյան թարմ օդ ծծելու։ Արևը ծագում էր։ Պարզ երկնքի վրա սպիտակին էր տալիս ձյունապատ, երկգլխանի մի սար։ «Այդ ի՞նչ սար է»,— հարցրեցի ճմլկոտալով և լսեցի պատասխանը։—«Դա Արարատն է»։ Որքան զորավոր է հնչյունների ներգործությունը։ Ագահաբար նայում էի բիբլիական սարին, տեսնում էի տապանը, որ կանգ էր առել նրա գագաթին նորոգման և կյանքի հույսով, և դուրս թռչող ագռավն ու աղավնին, պատժի և հաշտությաւն սիմվոլներին…

Կազակները սխալվել են։ Քանզի նայելով քարտեզին, կարող ենք վստահ ասել, որ Պուշկինը, գտնվելով Գյումրիում, տեսել է Արագածի երկու գագաթը հյուսիսից, այլ ոչ թե Արարատը։ Ինչևէ, նա ընդգծել է Արարատ բառի հնչյունների զորությունը։

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated