Հայկական լեռնաշխարհի կարմիրը
Նրանք ովքեր եղել են Մատենադարանում և նայել են ձեռագիր մատյանների էջերին, անկասկած ապշել են մանրանկարների գեղեցկությամբ: Արվեստի այդ եզակի նմուշներին իրենց անկրկնելիությունն է տալիս կարմիը՝ որդան կարմիրը։ Նայում ես մանրանկարներին ու տպավորություն է, թե հենց նոր են նկարել: Գույներն այնքան պայծառ են, այնքան գրավիչ: Հենց դա է որդան կարմիրի ֆենոմենը` երբեք չհնացող ու իր գեղեցկությունը կորցնելու անընդունակ: Այդ 12 մմ-ի հասնող որդերը դեռ հին ժամանակներից մեծ ճանաչում են բերել շատերի համար անծանոթ Հայաստանին: Հայաստանի բրենդը դարձած երբեմնի «կարմիրը» այժմ , ցավոք, գտնվում է ոչնչացման վտանգի տակ: Անշուշտ բոլորս ենք լսել հրաշք ներկանյութի մասին, որի դեմ ժամանակը անզոր է, սակայն ի՞նչ գիտենք նրա մասին: Երբվանի՞ց հայերը սկսեցին օգտագործել այն, ի՞նչ է պահպանվել որդան կարմիրի մասին պատմության էջերում, ինչու՞ մոռացվեցին երբեմնի կախարդական ներկանյութի պատրաստման ավանդույթները և ի՞նչ ենք անում մենք ի պաշտպանություն որդան կարմիրի:
ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ
ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐՈՒՄ
Բացի հայ հեղինակներից, պահպանվել են նաև օտար պատմագիրների վկայությունները։ Արաբ պատմագիրները կարմրաորդի մասին գրել են․ «Հայերն ունեն մի շատ տարօրինակ միջատ, որը ոչ մի տեղ չկա՝ բացի Հայաստանից: Սա մի կարմիր միջատ է, որ ապրում է հողում և հայտնվում է տարվա մեջ միայն տասը օր` վաղ առավոտյան, որի ընթացքում պետք է հասցնել հավաքել»։
Հռոմեացի պատմիչները նույնպես տեղեկացնում են, որ 275 թվին պարսից շահը Արեղիանոս կայսրին ծիրանագույն մի բանվածք է ուղարկում որպես ընծա, որի սքանչատեսիլ գույնն այնքան է զարմացնում ամեն բան տեսած կայսրին, որ անպայման ուզում է իմանալ դրա հայրենիքը, և նրան տեղեկացնում են, որ նման բան միայն Հայաստանում կա։
Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին «Որդան կարմիրի երկիր» արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկարաններ, որոնց կոչում էին արքայական։ Արաբները Արտաշատ քաղաքը կոչել են որդան կարմիրի քաղաք։
Հայկական որդան կարմիրը լայն տարածում գտավ Ⅵ-Ⅸ դարերի արաբական արշավանքների ժամանակ: Աչքն ու ճաշակը շոյելու և բուժիչ հատկությունների համար անվանվեց «արևելքի հրաշք»: Կարմիր ներկանյութը օգտագործվում էր թագավորական և կաթողիկոսական կնիքների համար։ Դրանով էին ներկում արքայական զգեստները։ Այն օգտագործում էին երիտասարդացնող ու մաշկի գեղեցկությունը պահպանող յուղեր պատրաստելու համար։ Կան պահպանված հիշատակություններ, որոնք վկայում են, որ որդան կարմիրը օգտագործել են նաև դեմքին կարմրություն հաղորդելու համար։
Այս ներկանյութը նաև լայն կիրառություն ուներ բժշկության մեջ։ Այն օգտագործել են որպես ջերմիջեցնող, հականեխիչ, հակաբորբոքիչ։ ⅩⅤ դարում հայ մեծ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին իր աշխատություններից մեկի մեջ հետաքրքիր տեղեկություն է հաղորդում այս ներկի առանձնահատկությունների մասին։
Ներկն օգտագործվում էր մանրանկարչության, որմնանկարչության, գորգագործության մեջ։ Ալթայի երկրամասից հայտնաբերված, 4500 տարեկան համարվող Պազիրիկի գորգը, որն ամբողջական պահպանված ամենահին գորգն է աշխարհում, նույնպես գեղազարդված է որդան կարմիրով:
Այժմ էլ հայկական եկեղեցիների պատերին կարելի է տեսնել որմանակարներում օգտագործված որդան կարմիրի հետքերը, որոնք այդպես էլ չեն խամրել։ Դրանց լավագույն օրինակներից են Ախթալայի և Քաբայրի վանական համալիրներում պահպանված մանրանկարները։
ՀԱՎԵՐԺ ՉԽԱՄՐՈՂ ԿԱՐՄԻՐԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԱԾ
ⅩⅨ դարում հայտնաբերեցին արհեստական գունանյութերը։ Դրանց արտադրությունը և ավելի հեշտ էր, և էժան։ Թվում էր, թե այն ամբողջությամբ կարող է փոխարինել բնական ներկանյութին։ Մինչ աշխարհը տարված էր նոր՝ արհեստական ներկանյութով, որդան կարմիր պատրաստման բաղադրությունը մոռացության է մատնվում։
Հետագայում ժամանակը ցույց է տալիս, որ արհեստական ներկերը չեն կարող փոխարինել բնականին։ Դրանք իրենց գույնի պայծառությունը շուտ էին կորցնում, նաև առողջության համար վտանգավոր էին։ Որդան կարմիրը վստահորեն և առանց վախենալու օգտագործում էին սննդի մեջ, ինչը չէր կարելի ասել արհեստական ներկանյութերի մասին
Սկսվում են որդան կարմիրի ուսումնասիրության աշխատանքները։ 1830 թվականին այդ նպատակով Հայաստան գործուղվեց Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի տեխնոլոգ և մեխանիկ Իոսիֆ Գամելը: Նրա հետազոտությունների արդյունքում հիմնավոր աշխատություն հրատարկվեց ռուսերեն և գերմաներեն լեզուներով:
XIX դարի սկզբում որդան կարմիրի բաղադրությունը վերականգնելու փորձեր արեց Էջմիածնի Մայր տաճարի վարդապետ Իսահակ Տեր-Գրիգորյանը (1780-1858)` շարունակելով միջնադարի մանրանկարիչ Սահակ Ծաղկարարի ավանդույթները:
XX դարի 30-ականներին խորհրդային կառավարությունը նույնպես փորձեց որդան կարմիրի արտադրություն բացել: Սակայն դա չհաջողվեց կյանքի կոչել` պատերազմը խանգարեց: Արարատյան որդան կարմիրի ուսումնասիրման նախագիծը կրկին կյանքի կոչվեց 1971-ին, սակայն արդյունաբերական մասշտաբների այն այնդպես էլ չհասավ:
Այս ամբողջ ընթացքում շատերն են փորձել բացահայտել որդան կարմիր ներկանյութի ստացման գաղտնիքները։ Իհարկե, մատենադարանում պահպանված ձեռագրերում բավարար տեղեկություններ կան դրա պատրաստման վերաբերյալ։ Սակայն դրանք մանրակրկիտ ուսումնասիրությունների կարիք ունեն։ Պետք է հասկանալ, թե այս կամ այն տերմինը ինչ նշանակություն ունի և ժամանակային ինչ միավորներ են կիրառվել։
ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ
Որդան կարմիրի ներկի ստանալու տեխնոլոգիան այդպես էլ գաղտնիք է մնացել, քանզի այն մեծ զգուշավորություն է պահանջում։ Հիմա միայն մասնագետներին ու գիտակներին է հասանելի ներկի տեխնոլոգիան։
ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։