5 ԱՄԵՆԱՇԱՏ ԱՅՑԵԼՎՈՂ ԼԵՌՆԵՐԸ

February 12, 2025

Ո՞ր լեռնագագաթներն են ամենահաճախը այցելում Հայաստանում

Հազար ու մի լեռների երկիր Հայաստանը իսկական դրախտավայր է բոլոր լեռնագնացների ու լեռնասերների համար։ Որ կողմ էլ նայես, ամենուր մեծ ու փոքր լեռներ են ու միշտ բացահայտելու ինչ-որ նոր բան կգտնես։ Բայց այդ հազարավորների մեջ կան նաև այնպիսինները, որ տպավորվում են մի ամբողջ կյանք, դառնում հիշողություններիդ մի մասն ու անդադար իրենց մոտ կանչում։ Ձեզ ենք ներկայացնում այն 5 լեռների ցանկը, որոնց հմայքը անտարբեր չի թողնի ոչ ոքի։

 

1․ Արագած

820ք/կմ տարածք զբաղեցնող այս լեռը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետն է, որը հասնում է 4090 մ բարձրության: Այն հանգած հրաբուխ է, որն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսային գագաթն է՝ 4090 մ, հետո արևմտյան՝ 4001 մ, որին հետևում է արևելյանը՝ 3916 մ, ապա հարավայինը՝ 3879 մ:

Հրաբխի խառնարանը վերածվել է սառցե մի լճի: Արագածի շրջակայքում կան մի քանի լճեր, որոնք ձևավորվել են հենց լեռան ձնհալներից: Խոշորներից մեկը Քարի լիճն է, որի տրամագիծը կազմում է 1150մ և այն գտնվում է 3207 մ բարձրության վրա:

Լեռան ժայռային մասն իրենից ներկայացնում է տուֆի բազմագույն երանգներով ծածկ՝ մուգ կարմիր, մանուշակագույն, վարդագույն, սև ու դեղնագույն: Արևելյան և հյուսիս-արևելյան հատվածները պատված են բազալտով: Լեռան ճակատային հատվածը պատված է լավայից գոյացած մակերեսով, որը հարթ է և տարիների ընթացքում ջրի, քամու և այլ ազդեցություններից ձևավորել է գեղեցիկ աստիճանաձև ծածկույթ:

 

2. Խուստուփ

Բարգուշատի լեռների մաս է կազմում նաև Խուստուփ լեռը, Կատար լեռնազանգվածի հետ միասին: Խուստուփի երկարությունը կազմում է 44 կմ, իսկ առավելագույն բարձրությունը 3201 մ:

Խուստուփը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապանից ոչ շատ հեռու: Լեռը կազմված է հրաբխածին և նստվածքային ապարներից: Ունի հարուստ բուսականություն, հյուսիս-արևելյան հատվածն անգամ անտառածածկ է: Լեռան լանջերին կան նաև քարանձավներ ու քարափներ: Վերջին 100 մետրը ժայռոտ է։ Խուստուփը հաճախ պատվում է առատ ձնով, որի հալոցքի հետևանքով առաջացել է Վաչագան գետը: Գագաթից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի Զանգեզուրի անվերջ ձգվող լեռնաշղթան և Սյունիքի հպարտ բարձրավանդակը

Խուստուփի անվանման հիմքում ընկած «խութու» բառը նշանակում է աղոթք: Լեռը համարվում է սուրբ լեռ: Այն միշտ եղել է աղոթատեղի և ուխտագնացության ուղղություն: Խուստուփը ևս մեկ առանձնահատկություն ունի. Գարեգին Նժդեհի մասունքները թաղված են Խուստուփի լանջին գտնվող Կոզնի աղբյուրի մոտ: Այդտեղ տեղադրված է իր կիսանդրին, որի հայացքը սևեռված է դեպի սյունյաց բարձունքները։ Եվ ինչպես կասեր նա՝ հենց այդ հպարտ բարձունքների վրա է հայ ազգի փրկությունը։

 

3․ Աժդահակ

Այս հրաբխային կոնը համարվում է Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։ Բարձրությունը 3597 մ է։  Գեղամա լեռնաշղթայում կան 50-ից ավել հանգած հրաբուխներ և ժայթքումների արդյունքում գոյացած մեծ ու փոքր խառնարանային լճեր։ Հնում տարածաշրջանում տարածված է եղել Գեղամա անվանումը (Գեղամա ծով՝ Սևան, Գեղամա լեռներ)։ Վերջինս եղել է Հայկ Նահապետի ծոռը։

Քաղաքակրթությունից հեռու, վայրի կանաչ անվերջ թվացող մարգագետիններ, որտեղ ապրիլ-մայիս ամիսներին իրենց անասունների հետ յայլաներ են բարձրանում եզդի հովիվները։ Եվ այդ ներդաշնակության մեջ կտրուկ իր բոցավառ փեշերն է փռում վիթխարի և հուժկու Աժդահակը, որի քաոսային գույները ասես ճեղքելով պայքար սկսեն այդ ներդաշնակության դեմ։ Մի ակնթարթ թվում է, թե գտնվում ես Երկրից հեռու ուրիշ մոլորակի վրա, որտեղ չի գործում ժամանակի և տարածության օրենքները։

Ամենագեղեցիկ դիտակետը տեսնելու Աժդահակը իր ամբողջ գեղեցկությամբ դա Կարմիրկատարի գագաթն է, որը նույնպես ունի կարմիր գույն։ Ե՜վ Կարմիրկատարը, և՜ Աժդահակը ունեն խառնարանային լճեր։ Աժդահակի խառնարանային լիճը 1 րոպեյում մի քանի անգամ փոխում է իր գույները։ Լավ եղանակի դեպքում գագաթից երևում է Սևանա լիճը, Ակնա լիճը, Վանքի լիճը և մեկ ուղղությամբ Հատիսը, Արան և Արագածը։

Աժդահակի գագաթ բարձրանում են տարբեր ճանապարհներով։ Դասականը դա Պայտասար- Կարմիրկատար- Աժդահակ երթուղին է։ Արշավի սկիզբը տրվում է 3000-3100 մ բարձրությունից՝  Պայտասար լեռան ստորոտից։ Խմբային արշավների դեպքում ճանապարհի մի մասը անցնում ենք բեռնատար մեքենաներով, իսկ անհատական արշավների՝ ամենագնաց մեքենաներով։

 

4․ Սառցապատ

Սառցապատը Իջևանին հարող լեռների ամենաբարձր գագաթն է։ Բարձրությունը կազմում է 2532 մ։ Լեռը գտնվում է Արոսագետ և Սառնաղբյուր գետերի միջև, Հաղարծին գյուղից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Սառցապատի լանջին է գտնվում Շաղոտի ջրվեժը, որը բացահայտեցինք 2016 թ-ին դեպի Սառցապատ էքսպեդիցիոն վերելքի ժամանակ։ Ջրվեժը նաև անվանում են արծվի թևեր, քանզի հարակից ժայռերը նման են արծվի թևերի։ Ունի 10 մ բարձրություն։ Դեպի Սառցապատ ճանապարհը քարքարոտ է։ Սառցապատ հասնելու համար Հաղարծին գյուղից ամենագնաց մեքենաներով կարելի է հասնել մինչև 1700 մետր բարձրություն և այնտեղից սկսել քայլել։ Ընդհանուր քայլարշավի երկարությունը 13 կմ է։ Սառցապատն ունի թե՜ անտառապատ, թե՜ մարգագետնային ծածկույթ։ Սառցապատից երևում են Դիմաց լեռը, Այրիքարը, Միափորի լեռնաշղթան։ Գագաթից չքնաղ տեսարան է բացվում դեպի Դիլիջանի անտառները։

Եթե մի անգամ լինեք Սառցապատում, միանգամից պարզ կդառնա, թե ինչու են լեռն այդպես կոչում։ Ժայռը իր տեսքով նման է սպիտակ սառույցի։ 2016 թվականին ArmLand արշավականների ակումբն առաջինն էր, որ բացահայտեց Սառցապատ լեռը որպես տուրիստական երթուղի և առայսօր շարունակում է արշավներ կազմակերպել դեպի Սառցապատ լեռ։

 

5․ Արտանիշ

Արտանիշ լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի արևելյան մասում՝ Արտանիշ թերակղզու վրա և բաժանում է Մեծ և Փոքր Սևանները։ Միակ լեռը, որտեղից իր ամբողջ գեղեցկությամբ պատյանից դուրս է գալիս Հայաստանի չքնաղ մարգարիտը՝ Սևանա լիճը։ Լեռն ունի ծովի մակերևույթից 2460 մ բարձրություն: Հարաբերական բարձրությունը՝ 500-600 մ։ Արշավի առանձնահատկությունն այն է, որ լեռան վերելքի ընթաղցքում մի կողմից աստիճանաբար իր աշխարհն է բացում ջրային մի վիթխարի ավազան՝ Սևանա լիճը։ Ասես երկնքի պրիզմայի միջով բեկված մի տարածություն, որը իր մեջ է կլանում կապույտ սպեկտրի բոլոր երանգները։

Արտանիշի վրա սովորաբար քամու ուժգնությունը մեծ է։ Սակայն այն ասես չորս կողմից հրող մի վերացական ուժ լինի, որը ողջագուրվելով քեզ հետ իր թափանցիկ ձեռքերով, տանում է քեզ դեպի կատարելություն, դեպի գագաթ։ Գագաթից չքնաղ տեսարան է բացվում դեպի Գեղամա ծովը։ Իսկապես որ «ծով»։ Լիճը վերևից ստեղծում է մի հեռանկարային պատրանք, թույլ չտալով տեսնել իր սահմանները… Գագաթից երևում են  Գեղամա, Վարդենիսի, Ծաղկունյաց, Արեգունու լեռնաշղթաներն և նույնիսկ հեռվում վեհորեն կանգնած Արագածը։

Հետաքրքիր է նաև երթուղու վերջին հատվածը՝ քայլարշավը լճի երկայնքով, հանդարտ ալիքների ներքո մինչև Շորժա գյուղ: Թերակղզու ափը հիանալի վայր է նաև վրանային արշավների համար։

 

 

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated