ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԵՐՀԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

February 12, 2025

Երևան-Գորիս ավտոճանապարհից ճյուղավորվող 12 կմ երկարությամբ ճանապարհը տանում է դեպի Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը՝ Հերհեր գյուղը։ Այս գյուղին սիրահարվում ես դեռ գյուղ չհասած։ Սկզբում քո առջև բացվում է լեռների մեջ ամբարված Հերհերի ջրամբարը, որը միանգամից գերում է իր գեղեցկությամբ, իսկ հետո քեզ հիացնում է ժայռերի մեջ թաքնված փոքրիկ գյուղն իր ջերմ մթնոլորտով, իր բարյացակամ բնակիչներով, որ հարկ եղած դեպքում պատրաստ են ցույց տալ ճանապարհը։

Գյուղը գտնվում է 1500-1750մ բարձրության վրա։ Հերհեր գյուղի մասին պահպանված պատմական տեղեկությունները շատ չեն։ Զաքարյանների իշխանության շրջանում այն եղել է Օրբելյանների վասալ Շահուռնեցիների նստավայրը։ Հերհերում է ծնվել միջնադարի խոշոր մտածող Գրիգոր Տաթևացին։

Անվան հետ կապված տարբեր մեկնաբանություններ կան։ Կա վարկած, որ պատճառը բարբառային «հեր» բառն է։ Հերհերցիները ինչու-ի փոխարեն «հեր» են ասում։ Մեկ այլ վարկածի համաձայն, վաղ ժամանակներում գյուղը անվանել են Երերան, քանի որ գյուղը գտնվում է տեկտոնական ակտիվ գոտում և երկրաշարժեր շատ են եղել։ Հետագայում Երերանը ձևափոխվել է և դարձել Հերհեր: Գյուղի բնակչությունը 727 մարդ է։

Գյուղում ապրել են հայտնի քանդակագործներ։ Դրա համար էլ տեղանքում ամենաշատ խաչքարերն ու տապանաքարերը հենց Հերհերում են գտնվում։ Գյուղի հենց կենտրոնում է գտնում Սբ. Գևորգ եկեղեցին, որի կառուցման ստույգ թիվը հայտնի չէ։ Վերջին անգամ վերանորոգվել է 19-րդ դարում։ Հենց այդ տեղից էլ սկսվեց մեր հագեցած օրվա ճանապարհորդությունը։

Մեր հաջորդ կանգառը Սբ. Սիոն եկեղեցին էր։ Գտնվում է Հերհեր գյուղից մոտ 1կմ հյուսիս-արևելք՝ ձորերով շրջապատված ոչ մեծ քարաժայռի գագաթին։ Հիշատակվում է 7-րդ դարից։ Բաղկացած է երկու եկեղեցիներից և մատուռից։ Կիսավեր եկեղեցին այնքան վեհ է երևում։ Ամենուր խաչքարեր ու տապանաքարեր են։ Իսկ այդ ամենին մի տեսակ խորհրդավորություն է տալիս ձորից եկոց գետի ձայնը։

Համալիրի ամենահին եկեղեցին Սբ. Սիոնն է։Միանավ եկեղեցի է։ Արևելյան և արևմտյան ծայրերն ունեն կիսակլոր ապսիդներ, որոնք եզակի են հայկական ճարտարապետության մեջ։ Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռը, իսկ հարավից՝ Սբ. Աստվածածին միանավ եկեղեցին, որը արևելքում ունի զույգ կիսաշրջանաձև խորաններ։ Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին պատկերված է Պռոշյան իշխանական տոհմի զինանշանը՝ ճանկերում խոյ բռնած արծիվ։ Հարավային կողմում կա արևային ժամացույց։ Համալիրի բակում շատ են խաչքարերը, որոնց մեջ աչքի է ընկնում հատկապես ամենափրկիչ խաչքարը։

 

ՀԵՐՀԵՐԻ ԵՎ ՔԱՐԱՎԱԶԻ ՋՐՎԵԺՆԵՐ

Հերհեր գյուղից դեպի հյուսիս են գտնվում Քարավազի և Հերհերի ջրվեժները։ Քարավազը գտնվում է համանուն գետի վրա և միանալով Հերհեր գետին առաջացնում է Հերհերի ջրվեժը։ Մենք ուղևորվեցինք դեպի Քարավազի ջրվեժ։ Ճանապարհը հեշտ հասանելի է։ Ճանապարհի մեծ մասը կարելի է անցնել ամենագնաց մեքենաներով, բայց այդ դեպքում կզրկվեք բնության հրաշք տեսարանները ամբողջությամբ վայելելու հնարավորությունից։ Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր Վայոց սարը։

Հեռվից արդեն լսելի էր դառնում բարձրից գահավիժող ջրվեժի ձայնը, բայց երկու ժայռերի միջև թաքնված ջրվեժը դեռ չէր երևում։ Հասնելով ջրվեժին մի պահ մոռանում ես ամեն ինչի մասին, կտրվում աշխարհից ու վայելում բնության հրաշքը։ Քո առջև բացվում են Վայքի լեռներն ու դրանց տակ սփռված գյուղերը։ 2008թ.-ից ջրվեժները ներառվել են բնության պետական հուշարձանների ցանկում։

 

ԿԱՊՈՒՅՏ ԲԵՐԴԸ

Գյուղի հանդիպակաց լեռան հարավարևելյան գագաթին է գտնվում 13-14-րդ դարերում կառուցված Կապույտ բերդը, որը կոչում են նաև Գագիկի բերդ։ Անմատչելի բարձունքը հաղթահարելուց հետո քո առջև բացվում է գյուղն իր ողջ գեղեցկությամբ։ Հեռվից երեվում է Չիքի վանքը։

 

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ՄԱՏՈՒՌ ՉԻՔԻ ՎԱՆՔ

Կապույտ բերդից քիչ հեռու՝ մեկ այլ  բարձունքին է գտնվում Սբ. Գևորգ մատուռը։ 13-րդ դարում կառուցված մատուռը հայտնի է նաև Չիքի վանք անվանումով։ Մարդիք հավատում են, որ վանքի մոտակայքի հողը բուժիչ հատկություններ ունի և բուժում է տարբեր մաշկային հիվանդություններ։ Այստեղից էլ առաջացել է վանքի անունը՝ վանքը հիվանդությունները չիք է անում։

 

Ինչքան հեռու եմ ես գնում, այնքան մոտենում եմ ինքս ինձ

Էնդրյու ՄակԿարտի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated