ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ
Արշավական հանդերձանքի ամենակարևոր տարրերից մեկը արշավական կոշիկներն են: Որքան կարևոր է արշավական կոշիկների ճիշտ ընտրությունը, նույնքան էլ կարևոր է դրանց ճիշտ խնամքը: Ինչպես արշավանական հանդերձանքի յուրաքանչյուր տարր, այնպես էլ արշավական կոշիկները որակյալ և ժամանակին արված խնամքի կարիք ունեն:
Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն կազմակերպել Ձեր կոշիկների ճիշտ խնամքն ու երկարացնել Ձեր «ճանապարհի ընկերոջ» կյանքը:
Արշավական կոշիկների խնամքը պետք է սկսել դրանք ձեռք բերելու օրվանից: Եթե Ձեր կոշիկները ջրակայուն են, դրանք արդեն ունեն ջրից պաշտպանող շերտ և հատուկ նյութերով խնամք չեն պահանջում:
- Հին թե նոր նշանակություն չունի՝ արշավական կոշիկները պետք է մաքրել յուրաքանչյուր արշավից հետո: Արշավի ողջ ընթացքում կոշիների վրա հայտնվում են ցեխի կտորներ, քարեր, ավազ և այլն, որոնք շատ արագ ներծծում են ողջ խոնավութունը և պատճառ դառնում արշավական կոշիկների վրա ճեղքերի առաջացմանը:
- Արշավական կոշիկները պետք է մաքրել մանրակրկիտ և գրագետ:
- Ոչ մի դեպքում չի կարելի արշավական կոշիկները լվանալ լվացքի մեքենայով: Եթե կոշիկներն ունեն հատուկ ներդիրներ, որոնք հանվում են, ապա կարող եք լվանալ դրանք, բայց ոչ կոշիկներն ամբողջությամբ:
- Մանրակրկիտ մաքրեք կոշիկների վրա եղած փոշին և կեղտը կոշիկները մաքրեկու համար նախատեսված հատուկ խոզանակներով կամ էլ սովորական ատամի խոզանակով:
- Մաքրելուց առաջ արձակեք կոշկաթելերը:
- Արշավական կոշիկները մաքրելու համար մի օգտագործեք սովորական օճառ կամ այլ մաքրող միջոցներ, որոնք նախատեսված չեն կոշիկների համար:
- Եթե կոշիկի վրա բորբոսի հետքեր են հայտնվել, այն կարելի է վերացնել ջրի և քացախի խառնուրդի միջոցով:
- Պարտադիր կերպով մաքրեք կոշիկների ներբանները (подошва):
Մաքրելուց զատ նաև կարևոր է ճիշտ վայրում պահել արշավական կոշիկները: Ամենից հիանալին արշավական կոշիկները տանը՝ սենյակային ջերմաստիճանի պայմաններում պահելն է: Հեռու պահեք դրանք արևի ճառագայթների տակ մշտապես հայտնվելուց և տաքության ցանկացած աղբյուրներից: Կոշիկները պետք է մշտապես օդափոխվեն: Այդ իսկ պատճառով մի պահեք դրանք ավտոտնակներում կամ բեռնախցիկում:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Տատյանա Ռոստոմյանի