ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ ԱՐԳԵԼՈՑ

ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեղակայված է Արարատի և Կոտայքի մարզերում: Ստեղծվել է 1958  թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով։ Արգելոցը տեղակայված է Գեղամա լեռնավահանի և Մերձարքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև։ Արգելոցը տեղակայված է ծովի մակարդակից 700-ից մինչև 2800 մ բարձրության վրա: Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից։ Խոսրովի անտառային պետական ​​արգելոցը, իր բազմաթիվ առանձնահատկությունների շնորհիվ, եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Կովկասի էկոհամակարգում: Գիտակցելով արգելոցի կարևորությունը ՝ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոց ՊՈԱԿ-ին շնորհվել է պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմ:

am-khosrov-forest-state-reserve
Խոսրովի Անտառ Պետական Արգելոց

ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ ԱՐԳԵԼՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոցն աշխարհում ստեղծված առաջին պահպանվող տարածքներից է: Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Պատմական աղբյուրները վկայում են, որ «Խոսրովի անտառ» արտահայտությունը կապված է Խոսրով Գ Կոտակ թագավորի հետ: Խոսրովի անտառը ստեղծվել է 334-338 թթ.։ Հայոց Խոսրով III արքան, որը հայտնի է նաև Կոտակ անունով (իր կարճահասակության պատճառով էր ստացել այդ անունը), իր գահակալության տարիների ընթացքում (330-338 թթ.) երկրի ներքին կյանքում նախաձեռնեց մի շարք կարևոր բարեփոխումներ: Ինչպես գիտենք, չափազանց կարևոր նշանակություն ուներ Դվին մայրաքաղաքի հիմնադրումը, որից հետո, չբավարարվելով քաղաքաշինության զարգացմամբ, որոշեց նաև հիմնել արքունի որսատեղի` հրամայելով անտառը լցնել կենդանիներով: Ըստ Խորենացու՝ Խոսրովի գահակալության ժամանակ Գառնու ամրոցից մինչև Դվին կատարվել են անտառատնկումներ։

ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ ԱՐԳԵԼՈՑԻ ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Արգելոցի տարածքում աճում է բույսերի 1849 տեսակներ: Բույսերից 80 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:Արգելոցի տարածքում աճող բուսատեսակներից 24 էնդեմիկ են:

Արգելոցում հանդիպում են 283 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, որից

Թռչուններ — 192 տեսակ  
Կաթնասուններ — 44 տեսակ
Սողուններ — 33 տեսակ
Ձկներ — 9
Երկկենցաղներ — 5 տեսակ:

Ողնաշարավոր կենդանիներից 58 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 51 տեսակ Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում:

Կաթնասուններից արգելոցում հանդիպում է ընձառյուծը, լուսանը, արջը, գայլը, վայրի խոզը, բեզոարյան այծը, նապաստակը, աքիսը, քարակզաքիսը, գորշուկը, հնդկական մացառախոզը և այլ տեսակներ: 

Արգելոցում սողուններից հանդիպում է կովկասյան գյուրզան, հայկական, լեռնատափաստանային իժը, կովկասյան կատվաօձը, առաջավորասիական մաբույան, անդրկովկասյան սահնօձը, միջերկրածովյան կրիան, անդրկովկասյան մողեսը և այլ տեսակներ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում անողնաշարավոր կենդանիների ֆաունան ներկայացված է ավելի քան 1500 տեսակներով, որոնցից փափկամարմինները՝ 62 տեսակ, կարիճները՝  3  և 1427-ը՝ միջատներ:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԸ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌՈՒՄ

ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հաշվառված է ընդհանուր թվով 312 հուշարձան, որից 29-ը՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, 19-ը` բնակատեղի, 2-ը` ամրոց, 222-ը՝ խաչքարեր և տապանաքարեր, 40-ը` այլ բնույթի, հիմնականում, միջնադարյան հուշարձաններ, որոնք մեծամասամբ կիսավեր, անբարեկարգ վիճակում են: Արգելոցի տարածքում են գտնվում Հավուց Թառ, Սբ. Ստեփանոս վանական համալիրները, Մանկուկ, Աղասի, Խոսրով, Սպիտակավանք, Գեղմահովիտ, Բերդատակ, Ավանիկ, Վանստան, Գիլան գյուղատեղիները, Կաքավաբերդը, որը հայտնի է նաև Գեղի բերդ անունով, Վահագնի և Աստղիկի ջրվեժները, մի քանի հարյուր խաչքարեր ու մահարձաններ, միջնադարյան կամուրջ և այլ պատմական հուշարձաններ: Խոսրովի անտառում պահպանվել են նաև նախնադարյան ժամանակաշրջանի ժայռապատկերներ, դամբարանադաշտեր և հնագիտական հուշարձաններ:

Ինքնատիպ բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, բուսական ու կենդանական աշխարհի մեծ բազմազանությունը հնարավորություն են ստեղծում զբոսաշրջային հետևյալ ձևերի իրականացման համար՝

Էկոզբոսաշրջություն
Գիտաճանաչողական զբոսաշրջություն
Պատմամշակութային զբոսաշրջություն

am-khosrov-forest-state-reserve
Կաքավաբերդը

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐՆ ՈՒ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
/Տեսնել բոլորը