Լճաշենի կիկլոպյան ամրոցը Սևանի ավազանի մյուս ամրոցների նախատիպն է և ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։ Լճաշենի կիկլոպյան ամրոցը համաշխարհային նշանակության պատմական հուշարձան է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ այցելուներ են լինում:

Ի՞ՆՉ Է ԿԻԿԼՈՊՅԱՆ ԱՄՐՈՑԸ

Կիկլոպյան ամրոցները տաշած քարե մեծ մասերից կառուցված շինություններ են, որոնք կառուցված են առանց միացնող շաղախի։ Հին հույները մտածում էին, որ այս ամրոցները կառուցել են կիկլոպները, որոնք հունական դիցաբանության մեջ առասպելական միաչքանի հսկաներ են։ Կառուցվածքը կանգուն է մնում բեկորների ծանրության հաշվին՝ իրար վրա տեղավորված։
Կիկլոպյան շարվածքը հնության գաղտնիքներից մեկն է, այն պատահում է մոլորակի ցանկացած վայրում, բայց ավելի հաճախ կարելի է հանդիպել Միջերկրական ծովի ափերին, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհում և Ղրիմում։

Կիկլոպյան շատ ամրոցներ կան Գեղարքունիքի մարզում, հենց Սևանա լճի ավազանին մոտ, որոնցից մեկը Լճաշենն է:

ԱՄՐՈՑԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա է գտնվում Լճաշենի կիկլոպյան ամրոցը: Ամրոցը «Լճաշեն» բնակատեղիի ենթահուշարձան է: Բնակատեղին հայտնաբերվել է գյուղից դեպի արևելք գտնվող լճի ցամաքած տեղում: Լճաշենի ամրոցը կառուցվել է վաղ բրոնզե դարում՝ մ.թ.ա. երրորդ հազարամյակու, զգալիորեն ընդլայնվել ուշ բրոնզե դարում և պահպանվել մինչև ուշ միջնադար: Բազմադարյա գոյության ընթացքում հուշարձանը զբաղեցրել է տարբեր տարածքներ՝ բնակատեղից վերածվելով ամրոցի, ամրոց-բնակատեղիի, քաղաքատեղիի, ապա միջնադարյան գյուղատեղիի: 

Տարածված է 15 բլուրների վրա և զբաղեցնում է ավելի քան 35 հեկտար տարածություն: Տարածքը և շրջակայքը խիստ քարքարոտ է, ծածկված կացարանների մնացորդներով:

ԱՐԳԻՇՏԻ I-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Բնակատեղիից ոչ հեռու` քարաժայռի վրա, պահպանվել է ուրարտական թագավոր Արգիշտի I-ի արձանագրությունը: Այն թվագրվում է մ․ թ․ ա․ 8-րդ դարի 80-ական թթ։  Այս արձանագրության մեջ Արգիշտի I-ը պատմում է դեպի Սևանա լճի ավազանը կատարած իր արշավանքի և Իշտիկունի քաղաքի գրավման մասին, որն էլ, հավանաբար, հենց Լճաշենի ամրոց-բնակատեղին է:

Արձանագրությունում ասվում է.
«Խալդ Աստծո զորությամբ Արգիշտին ասում է․ նվաճեցի ես Կեխունի քաղաքի երկիրը։ Հասա մինչև Իշտիկունի քաղաքի երկիրը, ծովի այս կողմում, Լիկիու երկրի կոքին։ Արգիշտի հզոր թագավոր, Բիայնիլի երկրի թագավոր, տերը Տուշպա քաղաքի»։

Հետաքրքիր է նաեւ, որ ուրարտացիներն այս տարածքում որեւէ նոր բան չեն կառուցել։ Հին, տեղական ավելի քան 20 ամրոց հարմարեցրել են իրենց պաշտպանական նպատակներին։ Ուրարտացիներն այս տարածքում իրենց տեղապահներ են թողել՝ շատ փոքր կայազորով, ինչի մասին են վկայում հնագիտական եզրակացությունները, որ տեղացիները պարբերաբար ըմբոստացել են եւ ուրարտացիները ստիպված են եղել կրկնել արշավանքները։
Արձանագրությունն արված է ժայռաբեկորի վրա, որը նախկինում, մինչև լճի ջրերի իջեցումը եղել է ափամերձ գոտի: Արձանագրությունը հրաշալի վկայությունն է նրա, թե որքան վաղուց է բնակեցված եղել Սևանա լճի հարևան տարածքները:

ԱՄՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Լճաշենի ամրոց-բնակատեղին ամբողջությամբ շրջապատված է պարիսպներով։ Կրկնակի պարսպապատ են նաեւ կենտրոնական ամրոցը, բլուրները։ Պարիսպների ընդհանուր երկարությունը հասնում էր շուրջ 5 կմ, իսկ արտաքին պարսպինը՝ 3 կմ-ի։ Ամրոցն արևելյան կողմից ունեցել է բնական պարիսպ՝ Սևանա լիճը, իսկ մյուս կողմերից շրջապատված է եղել պարիսպներով, որոնք շատ խելացիորեն հարմարեցված են եղել լեռնային տեղանքին։ Որոշ տեղերում պարիսպները կոր են, ինչը ստրատեգիականն նշանակություն է ունեցել։ Այն տեղերում, որտեղ պարիսպն առավել խոցելի էր, կառուցվել են կրկնակի, իսկ երբեմն էլ եռակի պարիսպներ, որոնց կանգուն մնացած մասերի բարձրությունը հասնում է 3 մետրից 4 մետրի, տեղ-տեղ 5-7 մետրի։

Ամրոցը երկու մուտք ունի. հյուսիսարեւելյան կողմում կենտրոնական եւ ամենամեծ մուտքն է, ուր հնարավոր է եղել մտնել կառքերով, սայլերով, իսկ արեւմտյան կողմի մուտքը երկրորդական է ու միայն մարդկանց համար է անցանելի։ Ամրոցն ունեցել է երկու միջնաբերդ և 22 մանր ու խոշոր աշտարակներ ու քարաբուրգեր։ Առաջին միջնաբերդը կառուցված է եղել ամրոցի աևելյան մասում եղած ամենաբարձ բարձունքի վրա և զբաղեցրել է 1 հեկտար տարածություն։ Այն ունեցել է 4 մուտք և շրջապատված է եղել երեք շարք պարիսպներով։ Երկրորդ միջնաբերդն կառուցվել է առաջինից 300 մետր հեռավորության վրա, ամրոցի հյուսիս-արևմտյան ծայրամասում։ Ամրոցն իր բազմաթիվ կառուցվածքներով, մուտքերով և ելքերով, աշտարակներով ու կոնտրֆորսերով, միմյանց հատող պարիսպներով և թաքստոցներով հիշեցրել է լաբիրինթոս։
Ինչպես ամրոցում, այնպես էլ նրա պարիսպներից դուրս՝ պարսպի հարակից վայրերում, գտնվել են հարյուրավոր կացարանների ավերակներ, ինչը փաստում է, որ այստեղ անընդհատ բնակչություն է եղել։

ԼՃԱՇԵՆԻ ՀՆԱՎԱՅՐԸ

1950-ական թվականներին էներգետիկ և ոռոգման կարիքների համար Սևանա լճի ջրի մակարդակը արհեստականորեն իջեցվեց 18 մետրով, ինչն էլ թույլ տվեց բացահայտել բացառիկ մի բնակատեղի՝ Լճաշենի հնավայրը։

Հնավայրը բաղկացած է 2 հիմնական մասերից՝ ընդարձակ 2 դամբարանադաշտերից և կիկլոպյան ամրոցից ու դրան շրջապատող բնակատեղիից։  Լճաշենի դամբարանադաշտի և ամրոցի պեղումները սկսվել են 1954-1955թթ՝ հնագետ Հարություն Մնացականյանի ղեկավարությամբ։

Առանձնահատուկ մեծ նշանակություն ունեն դամբարանադաշտից գտնված բազմազան ու անգին նմուշները, որոնք ամբողջացնում են Հայաստանի բրոնզեդարյան մշակույթի ուսումնասիրությունը, ինչպես նաև բացառիկ դեր ունեն ամբողջ Հարավային Կովկասի մ․ թ․ ա․ 4-2-րդ հազարամյակների մշակույթի համար։ Դամբարանադաշտերն ընդգրկում են շուրջ 800 դամբարան՝ հիմնականում քարարկղային թաղումներով։ Դրանց պեղումներն ու ուսումնասիրությունները մեծ բացահայտումներ են կատարել մինչ այդ Հայաստանի տարածքում հայտնի, ինչպես նաև երբեք չհանդիպած թաղման ծիսակարգերի մասին։ 

Առավել տարածված են եղել մահացածին մի կողքի վրա կծկված թաղման ծիսակարգը՝ միայնակ կամ ընտանքի անդամների հետ միասին։ Նույն դամաբարանում մահացածների հետ դրվում էին նաև նրա թանկարժեք իրերը, զարդերը, դաշույնները և այլ առարկաներ, որոնք հիմնականում դրված էին լինում զանազան կավամանների մեջ։ Մահացածների հետ դրվում էին նաև խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ։ Առավել արտասովոր էին այն դամբարանները, որտեղից հայտնաբերվել են մահացածի մասնատված մարմնի մասերը՝ տեղադրված դամբարանի տարբեր մասերում, իսկ երբեմն էլ բացակայել է գանգը։ 

Հատկապես նշանակալից են հայտնաբերված փայտյա դիակառք -սայլերը և ձիասայլերը՝ երկանիվ և քառանիվ, որոնք լծված ձիերի ու եզների, ինչպես նաև հարուստ գույքի հետ միասին թաղվել են հանգուցյալի հետ ։

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]