HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ԳԵՂԱՐԴԻ ՎԱՆՔ

Կոտայքի մարզում, Երևանից ընդհամենը 40 կմ հեռավորության վրա է գտնվում միջնադարյան Հայաստանի ձեռակերտ հուշարձաններից մեկը՝ Գեղարդի վանքը, որն իր տեսակի մեջ յուրովի է ու չկրկնվող։ Գեղարդի վանական համալիրը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, կից գավթից, ժայռափոր երկու եկեղեցիներից, ժամատուն-դամբարանից, ժայռափոր խցերից։ Համալիրը 2000 թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

Ինչու՞ Գեղարդ

Վանքն այդպես է անվանվել, քանի որ այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ և կոչվում է «Գեղարդասար»։ Նա է առաջացնում այն կիրճը, որով հոսում է Ազատ գետի վերին հոսանքը։ Ձորը նույնպես կոչվեց «Գեղարդաձոր»: Այն անվանվել է նաև Այրիվանք (այր-քարայր), քանի որ այստեղ շատ են քարայրները, որոնք ծառայել են որպես մենակյացների խցեր։

Ավանդազրույց

14-րդ դարի վերջին Հայաստանը ենթարկվում է միջինասիական զորավար Լենկթեմուրի արշավանքներին։ Լսած լինելով Գեղարդի վանքի հրաշագործությունների համբավը՝ Լենկթեմուրը (1336-1405) որոշում է անձամբ փորձել այն։ Անթիվ զորքով հարձակվում է ամայի ձորի վրա և հոխորտանքով ու ծաղրաբանությամբ հրամայում է բերել իր մոտ Գեղարդի Սուրբ նշանը։ Հենց որ բարձրացնում են նիզակները Սուրբ նշանին հարվածելու, անմիջապես բյուրավոր աներևույթ զրահավորված զինվորներ՝ գույնզգույն համազգեստներով, ամեն կողմից հարձակվում են թշնամու վրա։ Իրարանցում է ընկնում Թեմուրի զորքի մեջ. ոմանք փախուստի են դիմում, ուրիշների ձեռքերն են գոսանում, շատերը կուրանում են։ Տեսնելով այդ՝ սարսափահար Լենկթեմուրը թողություն է խնդրում Սուրբ նշանից և մեծամեծ պարգևներ խոստանալով՝ ետ է վերադառնում։

Կաթողիկե

1215 թվականին կառուցվել է համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, որն իր հորինվածքով իրենից ներկայացնում է խաչաձև գմբեթակիր կառույց։ Արևելյան և հարավային պատերը եզերված են զույգ հայկական խորշերով, որոնք հակասեյսմիկ նշանակություն ունեն։ Կաթողիկեի ճակատային մասում բարձրաքանդակ կա, որ պատկերում է առյուծի հարձակումը ցլի վրա։ Եկեղեցու պատերի վրա եղել են բազմաթիվ որմնանկարներ, որոնց հետքերը մինչև օրս էլ պահպանվում են։

Գավիթ

Քառասյուն հորինվածքով և կենտրոնակազմ հատակագծով գավիթը Կաթողիկեին կից է արևմյան կողմից։ Կառուցվել է 1215-1225 թվականների ընթացքում։ Հատակը պատված է երկրաչափական պատկերներով, ինչպես նաև նախարարական ընտանիքների ու վանականների տապանաքարերով։

Ավազան

Կաթողիկեի գավթի հյուսիսային պատից ձախ գտնվում է վիմափոր Ավազան եկեղեցին։ Եկեղեցիում գտնվող աղբյուրը մինչև օրս էլ համարվում է սուրբ։ Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարի կեսերին (1230-1250 թթ.), ճարտարապետ Գալձակի կողից։ Ճարտարապետի անունը իմանում ենք գմբեթատակ քառակուսու վրա արված փորագրությունից։ Եկեղեցին իրենից ներկայացնում է խաչաթև գմբեթակիր կառույց և կառուցվել է Պռոշյան իշխանների պատվերով։

Պռոշյանների դամբարան

Գավթից դեպի հյուսիս-արևելք գտնվում է գավիթ-տապանատունը։ Շինության կառուցումը սկզբնապես պատվիրվել է Զաքարյանների կողմից 1215թվականին։ 1283թվականին Պռոշյանները Այրիվանքը գնելով Զաքարյաններից Գալձակ ճարտարապետին հրամայում են ընդարձակել գմբեթավոր դահլիճը։ Այս դահլիճում ամփոփված են Պռոշյան իշխանական տան անդամները։ Հյուսիսային պատի վերնամասում պատկերված է Պռոշյանների զինանշանը։ Քանդակված է եզան գլուխ, որը պահում է շղթայակապ
երկու առյուծների։ Դրանցից մի փոքր ներքև պատկերված է թևերը պարզած արծիվ` ճիրաններում գառ։Պատերի բազմաթիվ քանդակների շարքում կան մարդկային պատկերաքանդակներ, իսկ եկեղեցու մուտքը երիզող հարթ գոտու վերին անկյուններում Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների պատկերաքանդակներն են` դրախտի բանալին ձեռքներին։

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Պռոշյանների դամբրանից բացվում է Սբ․ Աստվածածին եկեղեցու մուտքը։ Եկեղեցին իրենից ներկայացնում է խաչաձև գմբեթավոր կառույց։ Խորանից դեպի ձախ տեսնում ենք մեծ, շատ ինքնատիպ մի խաչ` վերնամասում հոյակերտ Կենաց ծառի և արևի խորհրդանշանով, իսկ ստորին մասում` Ադամի գլուխն է։ Խաչի եզրերում փորագրված են յուրօրինակ փոքր խաչեր` հայկական ոճով։ Խաչի 2 կողմերում որսի տեսարան է` հավանաբար Պռոշյանների պատկերով։ Խորանը եզակի է այն առումով, որ ունի միայն մեկ սանդուղք։

Վերին գավիթ

Արձանագրության համաձայն վերին գավիթը կառուցվել է 1288 թվականին Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կնոջ Ռուզուքանի համար։ Վերին գավիթը, ինչպես և Ավազանն ու Պռոշյանների տապանատունը, կերտված է միակտոր ժայռից։ Գավիթը նաև ծառայել է որպես դամբարան։ Այստեղ պահպանվել են միայն Մերիկ և Գրիգոր Պռոշյան իշխանների տապանաքարերը։ Հատկապես ուշագրավ է կառույցի ակուստիկան, որը պարզապես ապշեցնում է։ Վանքը ծառայել է նաև որպես երաժշտական դպրոց։ Շարականների հայտնի հեղինակների թվում եղել է նաև մի կին` Սահակադուխտը, որը 8-րդ դարում ստեղծագործել և դասավանդել է վանքում։ Թեև ժամանակի կանոնների համաձայն կանայք պետք է հեռու լինեին վանականներից, բայց Սահակադուխտն այնքան հայտնի էր իր ստեղծագործություններով, որ նրան թույլ է տրվել դասավանդել վանքում` թաքնվելով վարագույրի հետևում։ Գավթի հետնամասի ստորին անկյունում, դեպի Պռոշյանների դամբարանը նայող փոքրիկ բացվածք կա։ Ասում են, որ այն բացվել է միջնադարում, որպեսզի վերևում կատարվող շարականները լսելի լինեն նաև ներքևում։
Վանքի բաղկացուցիչ մասն են կազմում նաև վանականների ժայռափոր խցերը։ Խցերի շուրջը և եկեղեցուց վեր, ժայռերին քանդակված են գեղազարդ խաչքարեր։Խաչքարերը պատված են որդան կարմիր ներկով և
պահպանել են կարմիր գույնը։

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]