Главная страница » ԱՐԱԳԱԾ ԼԵՌ
Արագած լեռը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը։ Լեռնազանգվածը զբաղեցնում է 820 ք/կմ տարածք։ Այն հանգած հրաբուխ է, որի ժայթքման արդյունքում առաջացել են 4 գագաթները: Ամենաբարձրը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090 մ բարձրություն։ Բարձրությամբ երկրորդը արևմտյան գագաթն է՝ 4001 մ, որին հետևում է արևելյան գագաթը՝ 3916 մ, ապա հարավային գագաթը՝ 3879 մ: Սակայն Արագած լեռն իրենից ներկայացնում է հսկայական մի հրաբխային զանգված, որը, բացի հիմնական 4 գագաթներից, ունի ճյուղավորություններ՝ մոտ 20-ից ավել 3000 մ-ից բարձր լեռնագագաթներով (Քարակատար, Քարապար, Կաքավասար, Նիգասար, Թեժառույք և այլն), ինչպես նաև սառցահալոցքային լճեր, ջրվեժներ։
Արագած լեռան ծածկույթը հրաբխային է։ Այդ իսկ պատճառով լեռան լանջերը քարքարոտ են, և հարուստ են հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով։ Լեռան ժայռային մասն իրենից ներկայացնում է տուֆի բազմագույն երանգներով ծածկ՝ մուգ կարմիր, մանուշակագույն, վարդագույն, սև ու դեղնագույն: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածները պատված են բազալտով: Արագած լեռան ճակատային հատվածը պատված է լավայից գոյացած մակերեսով, որը հարթ է և տարիների ընթացքում ջրի, քամու և այլ ազդեցություններից ձևավորել է գեղեցիկ աստիճանաձև ծածկույթ:
Հրաբխի խառնարանը վերածվել է սառցե մի լճի: Անռան ամիսներին խառնարանն անզուգական է՝ լի տարաձև երկարաչափական պատկերներ հիշեցնող քարերով․ սրճագույն, կաթնագույն, ալ, վարդագույն և այլն։
Արագածի շրջակայքում կան մի քանի լճեր, որոնք ձևավորվել են հենց լեռան ձնհալներից: Խոշորներից մեկը Քարի լիճն է, որի տրամագիծը կազմում է 1150 մ և այն գտնվում է 3200 մ բարձրության վրա: Լճի ափին է տեղակայված Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների գիտահետազոտական կայանը։
Արագած լեռը հարուստ է ստորգետնյա ջրերով։ Լեռան սրտից դուրս եկող բազմաթիվ աղբյուրներ տալիս են սառնորակ խմելի ջուր։ Հենց այդ պատճառով էլ Արագածի լանջերին են գտնվում Հայաստանի ամենաբերքառատ գյուղերը։
Արագած լեռան լանջերը բնակեցվել են դեռևս հին ժամանակներից, որի մասին փաստում են լեռնազանգվածի շրջակայքում գտնվող պատմական կառույցները, գտնված նիզակի ծայրը, նախնադարյան մարդու կայանատեղին, ջրային ակունքների մոտ կագնեցված վիշապաքարերը, ոռոգման հին մեխանիզմի հետքերը և այլն։ Գագաթին հայտաբերել են չորրորդական ժամանակաշրջանի սառցակալման շերտեր։
Արագած լեռան շուրջ են գտնվում Հայաստանի հիմնական խոշոր քաղաքները։
Արագածի 4 գագաթն էլ հասանելի են լեռնագնացների համար։ Վերելքներ իրականացնում են տարբեր երթուղիներ համատեղելով։ Ավելի փորձառու լեռնագնացները իրականացնում են նույնիսկ վերելքներ 4 գագաթ մեկ օրում։ Հիանալի տարբերակ է նաև վրանային գիշերակացով վերելքը։ Գիշերելով 3200-3300 մ բարձրության վրա տեղակայված ճամբարում օրգանիզմի արդյունավետ կլիմայավարժեցումն երաշխավորված է։ Հետևաբար և հաջորդող լուսաբացի վերելքը դեպի գագաթ ավելի հեշտ կտրվի։
Մենք բոլորս մանկուց լսել ենք «քառագագաթ Արագած» արտահայտությունը։ Մեզ, դպրոցից սկսած, սովորեցրել են, որ Հայաստանի ամենաբարձր լեռ հանդիսացող Արագած լեռը քառագագաթ է։ Եկեք օգտագործենք պահը և շտկենք վաղուց ընդունված «քառագագաթ» արտահայտությունը, քանի որ բուն Արագած լեռն ունի նաև 5-րդ՝ անանուն գագաթը։
Անանաուն գագաթն իրար է կապում հյուսիսային և արևմտյան գագաթները։ Բարձրություն կազմում է մոտ 4000մ։ Մեր սեփական փորձից ելնելով՝ կարող ենք ասել, քիչ հայտնի Արագածի դեռ անուն չստացած գագաթը տեխնիկապես ամենաբարդ և դժվարամատչելի գագաթն է։
Անանուն գագաթ հասնելու համար ամենահնարավոր տարբերակն է սկսել արևելյան և հյուսիսային գագաթներն իրար կապող թամիբից և մինչև զառիթափ ժայռերը բարձրանալ հյուսիսային գագաթը՝ մոտ 2500մ։ Քանի որ դեպի անանուն գագաթ չկա ալպինիստական որևէ երթուղի, այստեղ սկսվում է վերելքի ամենաբարդ և վտանգավոր հատվածը։ Շրջանցելով հյուսիսային գագաթի լանջը մեր անտեսանելի և երևակայական արահետը միանում է անանուն գագաթի լանջին։ Ամբողջ երթուղու ընթացքում լեռան լանջի կտրուկ զառիթափությունն ու անկայուն քարերը Ձեզ թույլ չեն տա հանգիստ շունչ քաշել․․․
Սակայն գագաթը բուժում է բոլոր վերքերը․․․
Մեր ակումբի շրջանակներում որոշեցինք Արագածի անանուն գագաթը կոչել Դարյանի գագաթ, ի պատիվ սովետական Հայաստանի առաջին հայ ալպինիստ, 1930-ականներին առաջին անգամ Արագած լեռան մասսայական վերելքների կազմակերպիչ Վահրամ Դարյանի։
Թերևս մինչև օրս անանուն գագաթը փակ է սիրողական վերելքների համար, այն որպես Արագած լեռան 5-րդ գագաթ նախընտրելի երթուղի չէ հենց երթուղու բացակայության և դճվարամատչելիության համար։
ArmLand ակումբը իրականացնում է խմբային և անհատական վերելքներ Արագած լեռան 4 գագաթները։ Սակայն խմբային վերելքների համար դասական են դարձել երկուսը՝ հարավային և հյուսիսային գագաթները։
Հարավային գագաթը Արագած լեռան ամենացածր գագաթն է։ Բարձրությունը՝ 3879 մ։ Վերելքը սկսվում է Քարի լճից՝ 3200 մ բարձրությունից։ Երթուղին քարքարոտ է։ Ամբողջ արշավի ընթացքում հարավից ուղեկցում է խորհրդավոր Արարատը։ Երթուղու երկարությունը 10 կմ է։ Գագաթից հիանալի տեսարան է բացվում դեպի խառնարանը և մյուս գագաթները։
Արագածի հյուսիսային գագաթ, հյուսիսային Արագած կամ Հայաստանի գագաթ։ Լեռնազանգվածի ամենաբարձր գագաթը։ Բարձրությունը կազմում է 4090 մ։ Արագած գյուղից ամենագնաց մեքենաներով հասնում ենք Գեղարոտի ջրվեժ (2900 մ բարձրություն), որտեղից սկսում ենք քայլարշավը դեպի գագաթ։ Ամեն 10 մ բարձրանալիս կտրուկ փոխվում է լեռան բուսականությունը։ Շրջանցելով արևելյան գագաթը՝ հասնում ենք արևելյան և հյուսիսային գագաթների միջև գտնվող թամբին։ Այստեղից արդեն երևում են Արագած լեռան 4 գագաթները և խառնարանը։
Հյուսիսային Արագածն ունի երկու գագաթ՝ իրական և կեղծ։ Շատերը բավարարվում են բարձրանալով միայն կեղծ գագաթը։ Կեղծ գագաթից իրական գագաթ հասնելը և վերադառնալը տևում է մոտ 1 ժամ, քանի որ տեխնիկապես բարդ է դա անելը․ երբ մի գագաթը մյուսից բաժանում է նեղ կատարային գիծ, որտեղ չկա նույնիսկ քիչ հարմար արահետ և առաջանալ հնարավոր է մեկը մյուսին հաջորդելով՝ միմյանցից հեռավորություն պահելով:
Հայաստանի ամենաբարձր կետից երևում են Արարատը, Արա լեռը, Ծաղկունյաց և Թեղենյաց լեռնաշղթաները։ Գագաթից՝ խառնարանը կտրելով, իջնում ենք դեպի Գեղարոտի ջրվեժ։ Արշավի ամենահետաքրքիր մասն է, երբ ականատես ես լինում, թե ինչպես է արևելյան լանջերից սկիզբ առնում Գեղարոտ գետը, որը, ներքևում արագացնելով իր հոսքը, գահավիժում է ժայռերից՝ առաջացնելով Գեղարոտի ջրվեժը։ Վերջինս գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնական հուշարձանների ցանկում։ Ձմռանը ջրվեժը սառցակալում է, իսկ գարնան և ամռան ամիսներին գահավիժում մոտ 17 մ բարձրությունից՝ լինելով զբոսաշրջիկների սիրելի և զով վայրերից մեկը։
Մ․ Սարյանը շատ անգամներ է լեռնագագաթներ պատկերել իր կտավներում։ Սակայն նրա վերաբերմունքը Արագած լեռանը չենք կարող չընդգծել։ Իր շատ նկարներում մենք կգտնենք քառագագաթը։ Անգամ իր կտավներից մեկում՝ «VII դարի Կարմրավոր եկեղեցին: Աշտարակ» նկարի մեջ կարող ենք տեսնել Արագած լեռը անկյունում, թեպետ և նկարչի դիրքից լեռը չէր կարող երևալ։ Երբ Սարյանին հարցնում էին այդ մասին, նա միշտ պատասխանում էր․ «Ես գիտեմ, որ Արագածն այդտեղ չէ, բայց ինձ պետք էր, ես էլ բերեցի այս կողմ:»
Սա փաստում է այն մասին, որ գեղանկարչին այդ պահին պետք էր ոգեշնչանքի աղբյուր, և նա ստեղծեց այն։
Սարյանի խոսքերը «Արագած» բնանկարի մասին․ «Իմ ձգտումն է՝ դժնի արհավիրքներով անցած, արյամբ և հավատքով սրբագործված մեր փոքր երկիրը պատկերել իր շոշափելի գոյությամբ: Արագածի փեշը կազմող այս հողակտորը՝ ես դիտում եմ իբրև հույսի աղբյուր: Ես ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ այս լեռնոտ երկիրը կա, իր կրծքի վրա պահում է, ճիշտ է մի բուռ, բայց աշխատասեր մի ժողովուրդ՝ իր հերոսական պատմությունը խորհրդանշող հոգևոր բազմադարյա արժեքներով»:
Մեկ այլ լեգենդ էլ պատմում է Արագածի և Արարատի մասին։ Ասում են մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:
Ա․Ս․ Պուշկինը իր «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» գրքում, շփոթում է Արարատը Արագածի հետ։
․․․Դուրս եկա վրանից առավոտյան թարմ օդ ծծելու։ Արևը ծագում էր։ Պարզ երկնքի վրա սպիտակին էր տալիս ձյունապատ, երկգլխանի մի սար։ «Այդ ի՞նչ սար է»,— հարցրեցի ճմլկոտալով և լսեցի պատասխանը։—«Դա Արարատն է»։ Որքան զորավոր է հնչյունների ներգործությունը։ Ագահաբար նայում էի բիբլիական սարին, տեսնում էի տապանը, որ կանգ էր առել նրա գագաթին նորոգման և կյանքի հույսով, և դուրս թռչող ագռավն ու աղավնին, պատժի և հաշտությաւն սիմվոլներին…
Կազակները սխալվել են։ Քանզի նայելով քարտեզին, կարող ենք վստահ ասել, որ Պուշկինը, գտնվելով Գյումրիում, տեսել է Արագածի երկու գագաթը հյուսիսից, այլ ոչ թե Արարատը։ Ինչևէ, նա ընդգծել է Արարատ բառի հնչյունների զորությունը։
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:
Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:
Հ․ Թումանյան
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարների հեղինակներ՝ Արտյոմ Մարտիրոսյան, Տատյանա Ռոստոմյան
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]