Վերելք դեպի փառավոր Խուստուփ
Բարգուշատի լեռների մաս է կազմում նաև Խուստուփ լեռը, Կատար լեռնազանգվածի հետ միասին: Խուստուփի երկարությունը կազմում է 44 կմ, իսկ առավելագույն բարձրությունը 3201 մ:
Խուստուփը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապանից ոչ շատ հեռու: Լեռը կազմված է հրաբխածին և նստվածքային ապարներից: Ունի հարուստ բուսականություն, հյուսիս-արևելյան հատվածն անգամ անտառածածկ է: Լեռան լանջերին կան նաև քարանձավներ ու քարափներ: Վերջին 100 մետրը ժայռոտ է։ Խուստուփը հաճախ պատվում է առատ ձնով, որի հալոցքի հետևանքով առաջացել է Վաչագան գետը:
Խուստուփ լեռան վերելքը կազմակերպում են գիշերակացով, քանզի բավականին հեռու է գտնվում քաղաքից։ Կապան հասնելուն պես, ամենագնաց մեքենաներով բարձրանում ենք դեպի Նավչայ՝ վրանատեղին։ Առաջին օրը գիշերում ենք վրաններում, Սյունյաց աստղազարդ երկնքի տակ։ Առավոտյան մթնշաղի ներքո սկսում ենք վերելքը դեպի փառավոր Խուստուփ: Լեռան լանջին՝ գագաթից մոտ 200 մ ներքև սառնորակ աղբյուր կա։ Գագաթից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի Զանգեզուրի անվերջ ձգվող լեռնաշղթան և Սյունիքի հպարտ բարձրավանդակը։
Խուստուփի անվանման հիմքում ընկած «խութու» բառը նշանակում է աղոթք: Լեռը համարվում է սուրբ լեռ: Այն միշտ եղել է աղոթատեղի և ուխտագնացության ուղղություն: Խուստուփը ևս մեկ առանձնահատկություն ունի. Գարեգին Նժդեհի խնդրանքով այս սուրբ լեռան լանջին՝ Կոզնի աղբյուրի մոտ են ամփոփել նրա մասունքները: Այդտեղ տեղադրված է իր կիսանդրին, որի հայացքը սևեռված է դեպի սյունյաց բարձունքները։ Եվ ինչպես կասեր նա՝ հենց այդ հպարտ բարձունքների վրա է հայ ազգի փրկությունը։