Նորավանք վանական համալիր

Երևանից 120 կիլոմետր հեռավորության վրա՝ Վայոց Ձորի մարզում է գտնվում միջնադարյան Հայաստանի հոյակերտ վանական համալիրներից մեկը՝ Նորավանքը։ Ճարտարապետական ուրույն և չափազանց տպավորիչ ոճի շնորհիվ այն դժվար է շփոթել որևէ այլ համալիրի հետ։ Դե իսկ Նորավանքի կիրճի հրեղեն ժայռերն էլ ավելի են ընդգծում նրա էզակիությունն ու գեղեցկությունը։

Նորավանքը հիմանդրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում՝ 12-րդ դարում։ Հիմնականում վերակառուցվել է 13-14-րդ դարերում։ Համալիրը հիմնադիրը Վահանավանքի վանահայր Հովհաննես կաթողիկոսն է։ Հետագայում՝ հաջորդ երկու դարեի ընթացքում այն ընդլայնվում է Օրբելյանների կողմից և դառնում նրանց տոհմական գերեզմանատունը։

 Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին(Բուրթելաշեն) դամբարան- եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սբ․ Գրիգոր եկեղեցուց(Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։

Սբ․ Աստվածածին / Բուրթելաշեն

Սբ․ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցին կառուցել է Բուրթել իշխանը, որպես Օրբելյանների տոհմական տապանատուն։ Սուրբ Աստվածածին Բուրթելաշենը հայկական ճարտարապետության մեջ պահպանված դամբարան-եկեղեցիների բարձրարժեք կատարումներից է. այն միջնադարյան անվանի քարգործ-վարպետի` Մոմիկի վերջին շրջանի աշխատանքներից է։ Եկեղեցու հարավային  կողմում պահպանվել է Մոմիկի խաչքար- մահարձանը։ Առաջին հարկում Օրբելյանների դամբարանն է։ Երկրորդ հարկում աղոթարանն է, դեպի որը տանում են երկու կողմից վեր բարձրացող նեղ աստիճանները։ Երկրորդ հարկի խորանի վերնամասում զույգ հրեշտակներով շրջապատված Քրիստոսի պատկերաքանդակն է, իսկ անմիջապես արևելյան լուսամուտից վեր քանդակված է սուրբ հոգու խորհրդանիշ աղավնին։

Եկեղեցու արևելյան ճակատին պատկերված է Օրբելյանների տոհմանշանը՝ արծիվը, որի մագիլներում եղնիկ է։ Մուտքի բարավորին կան երկու հարթաքանդակներ։ Դրանցից առաջինում պատկերված է գահին բազմած Սուրբ կույսը՝ Քրիստոսը ծնկներին, երկու կողմից շրջապատված Գաբրիել և Միքայել հրեշտակապետերով։ Իսկ երկրորդ հարթաքանդակում պատկերված է Քրիստոսը, որի կողքին Պողոս և Պետրոս առաքյալներն են։

Սբ․ Ստեփանոս Նախավկա եկեղեցի

Սբ․ Ստեփանոս Նախավկա եկեղեցին կառուցվել է 1216-1233 թթ․ Լիպարիտ Օրբելյան իշխանի կողմից։ Այն իրենից ներկայացնում է գմբեթավոր կառույց։  Եկեղեցու գավիթը կառուցվել է որպես Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատուն։ Այստեղ նույնպես կան ուշագրավ հարթաքանդակենր։ Դրանցից մեկում պատկերված է Տիրամայրը, ով նստած է և երեխան գրկին։ Վերին պատուհանի քանդակը Հայր Աստծո, Ադամի, Քրիստոսի և աստվածաշնչյան թեմաներով զարդաքանդակների եզակի գործ է։ 

Սուրբ Գրիգոր մատուռ-տապանատուն

Սուրբ Գրիգոր մատուռ-տապանատունը (Սմբատ իշխանի դամբարան) կառուցվել է 1275 թվականին։ Կառուցել է Սիրանես ճարտարապետը։ Թաղված են Օրբելյան իշխանական ընտանիքի տաս անդամները։

Սյունաց աշխարհի առավել հայտնի կրթօջախների, վանքերի և գրչության կենտրոնների` Տաթևի վանքի և Գլաձորի համալսարանի կողքին գործել է նաև Նորավանքը։

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]