Վերելք Շեկաղբյուր, Հացուտմատ, Ճաքած Քար լեռներ
Երթուղին իր մեջ ներառում է վերելք Լոռվա երեք հպարտ գագաթներ՝ Շեկաղբուր (2061 մ), Հացուտմատ (2026 մ) և Ճաքած Քար (1888 մ)։ Արշավը սկսում ենք Արդվի գյուղից, որը գտնվում է Դեբեդ գետի ձախափնյա բարձրադիր սարավանդում:
Գյուղը հարուստ է պատմամշակույթային հուշարձաններով, որոնցից մեկն է Սուրբ Հովհաննեսի վանքը (8-17 դարեր), որտեղից էլ սովորաբար սկսում են քայլարշավը։ Այնտեղ է թաղված Հայոց 34-րդ կաթողիկոս, մեծ աստվածաբան, մտածող Հովհաննես Օձնեցին: Վերջինիս հետ է կապված նաև հարևանությամբ գտնվող բնական հուշարձանի` Օձի պորտի ավանդազրույցը… Այն բնական հուշարձան է, որտեղից բխում է երկու սառնորակ աղբյուր, որոնք ունեն բուժիչ հատկություններ։
Քայլելով ոսկեզօծ լանջերի վրայով, թվում է, թե մի ալքիմիկոս (բնությունը) վերածել է հողն ու քարերը ոսկու:
Շեկաղբյուրից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Լալվարի, Գուգարաց, Իջևանի, Փամբակի, Բազումի, Ջավախքի լեռները… Հիասքանչ տեսարանները անպակաս չեն նաև Հացուտմատից և Ճաքած Քարից, որտեղից Լոռին փռում է իր բազմերանգ գորգերը արշավականների առջև, թույլ տալով նրանց ընկղմվել Թումանյանի աշխարհի մեջ։
Դեպի լեռ բարձրացող արահետի ձախ կողմում պահպանվել են միջնադարյան խաչքարեր։
Արշավի վերջնակետը Կողես գյուղն է: Այն կոլորիտային մի գյուղ է, որտեղ ներդաշնակ բնակվում են միասին հայ և հույն ընտանիքներ։ Գյուղը հունաբնակ է։