Վերելք Սալքար և Ուռակատար լեռներ
Սալքար, Ուռակատար լեռները Վարագի լեռնաշղթայի գագաթներից են, գտնվում են Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, ձգվում են Միափորի լեռներից մինչև Ղազախի ջրամբարը։ Երթուղու սկզբնակետը Դիտավան գյուղն է, գտնվում է Աղստև գետի աջ կողմում։
Բարձրանում ենք և աստիճանաբար երևում է հայ-ադրբեջանական սահմանը, ինչպես նաև սահմանը բաժանող Ղազախի ջրամբարը, որից, ցավոք, 1990 թվականից հնարավորություն չունեն օգտվել հայկական սահմանամերձ գյուղի բնակիչները:
Սալքար լեռը ունի 1403 մ բարձրություն։ Ժայռանման մի գագաթ է; Այնպիսի զգացողություն է ասես թե գտնվում ես անդունդի եզրին` բնության գեղեցկության անդունդի, և ցանկություն կա ազատ ճախրելու այդ երկու առծիվների հետ “սահմանից” այն կողմ դեպի Հայկական լեռնաշխարհի մյուս բարձունքներ։ Գագաթից գեղեցիկ երևում է Գավազան լեռը սահմանից այն կողմ, որը հպարտ կանգնած սպասում է ջրամբարի ետևում…
Մյուս լեռնագագթը Ուռակատարն է (1504մ):
Վերադարձի ճանապարհին հեռվից երևում է կիսաքանդ մարմնագույն սրածայր մի գմբեթ ու ռոտոնդա: Դա Սրվեղի քաղքեդոնական վանքն է… Կառուցվել է 13 -րդ դարում, համարվում է երկրորդ աղյուսաշեն եկեղեցին Հայաստանի տարածքում Կիրանցից հետո: Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Սրվեղ անունը։ Պատերի մեջ ագուցված են խաչքարերի կտորներ, որոնք հավանաբար ավելի հին են։
Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից, խուցերից, ձիթհանքից, օժանդակ շինություններից: Արշավը ավարտվում է Այգեհովիտ գյուղում: