Главная страница » ԳՈՇԱՎԱՆՔ
Գոշավանքի վանական համալիրը գտնվում է Երևանից կմ, իսկ Դիլիջանից 15կմ հեռավորության վրա։ Համալիրը գտնվում է համանուն Գոշ գյուղում, 1200մ բարձրության վրա։
Վանական համաիրը հիմնադրել է Մխիթար Գոշը։ Նախկինում Գոշավանքից ոչ հեռու եղել է Գետիկ վանք, որը երկրաշարժից ավերվել է։ Այդ ժամանակ Մխիթար Գոշը կառուցում է ներկայիս Գոշավանքը, որը անվանվում է Նոր Գետիկ, իսկ նրա մահվանից՝ 1213թ․-ից հետո կոչվում է Գոշավանք
Գիտնական, օրենսդիր, հասարակական գործիչ, հոգևորական, մանկավարժ և առակագիր Մխիթար Գոշը ծնվել է 1120-ական թթ․՝ Գանձակ քաղաքում։ Կրթությունը ստացել է հայրենի Գանձակում։ Ութ տարի սովորելուց հետո Գոշը ստանում է վարդապետի կոչում։ Սակայն դա բավարար չէր Գոշի համար և նա թաքցնելով իր վարդապետական կոչումը մեկնում է Կիլիկիա և շարունակելով ուսումը երկրորդ անգամ է ստանում վարդապետի կոչում։ Նրա իմաստության համբավն այնքան էր տարածվել, որ շատերը, նույնիսկ վարդապետներ և գիտնականներ, եկել են նրա մոտ աշակերտելու։ Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից նշանավորը «Դատաստանագիրքն» է։
Գոշավանքի վանական համալիրը կառուցվել է 1188թ․-ից մինչև 13-րդ դարն ընկած ժամանակահատվածում։ Վանքի գլխավոր եկեղեցին Սբ․ Աստվածածինն է։ Այն իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույց։ Կառուցվել է Հաթերքի Վախթանգ իշխանի և նրա կնոջ՝ Արզուխաթունի հովանավորությամբ։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն հորինվածքով գավիթը։ Հատկապես հիացնում է ութասյուն երդիկավոր գմբեթը։
Սբ․ Աստվածածին եկեղեցուն կից է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ միանավ եկեղեցին։ Նրա հետնամասում են գտնվում Սբ․ Հռիփսիմե և Առաքելոց մատուռներն ու Սբ․ Գրիգոր եկեղեցին։ Գավթից հյուսիս, կամարակապ միաջանցքով նրան է միացած գրատուն-զանգակատունը։ Գրատունը նման է Հաղպատի վանքի գրատանը։ Գրատուն-զանգակատան շենքի հյուսիսարևմտյան կողմում է գտնվում ավերված մի շինություն, որը ենթադրում են, որ եղել է վանքի միաբանության սեղանատունը կամ դպրոցը։ Հուշարձանախմբի զարդն են կազմում Պողոս քարագործ-վարպետի կողմից կերտած խաչքարերը։ Դրանցից մեկն այժմ գտնվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում, իսկ մյուսը՝ վանքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։ Դրանք այնպիսի որկերչական նրբությամբ են կերտված, որ կոչվում են «ասեղնագործ» ։
Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից։ Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ, քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչություն, արվեստ, նկարչություն։ Գոշավանքում առաջին անգամ իրավագիտությունը սկսել են ուսումնասիրել որպես աանձին ուղղություն։ Այստեղ կրթվել ու գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական վարդապետը։ Վանքի գրատանը պահվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց մի մասը հրկիզվել է թշնամու արշավանքների ժամանակ։
Ըստ ավանդույթի, երազում Մխիթար Գոշի մոտ է գալիս Աստվածը և ասում է. «Լսի´ր ուշադիր, Մխիթա´ր. յոթ տարին շարունակ լինելու են բերքառատ, որոնց ընթացքում անհրաժեշտ է ամբարվել, քանի որ հաջորդ յոթ տարին լինելու է երաշտ»: Լսելով Աստծուն` Մխիթարը վանքի միջոցներով ամբարներ սարքեց և ամբողջությամբ լցրեց ցորենով: Երբ հասավ օրհասական պահը, նա պատրաստեց մի աման` «գուշ», և այդ ամանով սկսեց բաշխել ժողովրդին հացահատիկը: Դրա համար, նա ժողովրդի կողմից ստացավ «Գուշ» կամ «Գոշ» մականունը:
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]