Հաղարծինի վանական համալիր
Հաղարծինի վանական համալիրը գտնվում է Դիլիջանից 18կմ հեռավորության վրա։ Այն գտնվում է սաղարթախիտ անտառների մեջ, անմատչելի բարձունքի վրա։ Վանական համալիրի երկու կողմերում հոսում են Հաղարծին և Մեծ Աղբյուր գետակները։
Հաղարծինը կառուցվել է 10-13-րդ դարերում։ Վանական համալիրի հիմքը դրել են Բագրատունիները։ Համալիրը կազմված է երեք եկեղեցիներից, երկու գավթից,սեղանատնից և աղոթարաններից։Ամենահինը վանքի Սբ․ Գրիգոր եկեղեցին է։ Այն խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Սբ․ Գրիգորին արևմուտքից կից է քառասյուն գավիթը, որը կառուցել է Իվանե Զաքարյանը 12-րդ դարում, իսկ հյուսիսից՝ Սբ․ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին։ Գխավոր եկեղեցին Սբ․ Աստվածածինն է, որը իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ։ Եկեղեցու դիմաց պահպանվել են ավերված գավթի մնացորդները։ Սբ․ Աստվածածին եկեղեցում կա մի թաքստոց, որտեղ պահել են սրբություններ օտարներից պաշտպանելու համար։ Վանքային համալիրը նաև գետնուղի ունի, որը տանում է դեպի գետը։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավում վանքի սեղանատունը։ Սեղանատունը կառուցել է ճարտարապետ Մինասը։ Այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն դահլիճ, որը զույգ սյուներով բաժանված է երկու հավասար մասերի։ Սեղանատան դիմաց գտնվում են օժանդակ շինությունների ավերակեներ։ Դա հավանաբար եղել է խոհանոցը կամ հացատունը։