ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ

 Հաղպատի վանական համալիր

Երևանից 177 կմ հեռավորության վրա է գտնվում միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակույթային կարևոր կենտրոններից մեկը՝ Հաղպատի վանական համալիրը։ Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։

Հաղպատի վանական համալիրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Համալիրի կառուցվածքը

Համալիրը կազմում են Սբ․ Նշան եկեղեցին, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, գրատուն, զանգակատուն, մի քանի մատուռ, դամբարաններ և խաչքարեր, բաղնիք: Համալիրի շենքերի մեծ մասը կառուցված է կապտավուն, սրբատաշ բազալտից: Վանքը շրջապատված է աշտարակավոր  պարսպով: Տարածքից դուրս են գտնվում աղբյուր-հուշարձանը և մի քանի փոքր եկեղեցիներ: Վանքը շրջապատված է ամրակուռ պարիսպներով, որոնք ստեղծել են պաշտպանական ամուր շերտ։

Ինչու՞  Հաղպատ

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։

Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

Հաղպատի ավետարանը

Իրենից մեծ արժեք է ներկայացնում Հաղպատի ձեռագիր մագաղաթյա Ավետարանը։ Ավետարանը մանրանկարչության լավագույն նմուշներից է։ Այն Հաղպատի վանքում ընդօրինակել են երկու գրօչներ։ Նրանցից առաջինի անունը հայտնի չէ, իսկ երկրորդը եղել է Հակոբ անունով գրիչը։ Հակոբը, գրելուց բացի, ավետարանը զարդարել է զարդագրերով ու կիսախորաններով, որոնք չի գունազարդել։ Հաղպատից ավետարանը տարվել է Անի, որտեղ այն գունազարդվել է։ 1223թ․-ին արցախեցի Սարգիսը այն գնում է և նվիրում Խաչենի եպիսկոպոսարանին։ Դարեր հետո այն բերվել է Էջմիածնի մատենադարան, իսկ հետո Երևանի Մատենադարան։ Ավետարանը հանրահայտ է Մարգարեի նկարներով։ Այնտեղ նաև բացի հոգևոր տեսարաններից, ներկայացվել է ժամանակի աշխարհիկ կյանքը։

Հայկական առաջին մատենադարանը

Հաղպատի վանական համալիրը Հայաստանի կարևոր կրթական կենտրոններից մեկն է եղել։ Հաղպատում գրադարան է եղել 11-րդ դարից։ Այստեղ ուսանել և դասավանդել է Գրիգոր Մագիստրոսը։ Հաղպատի վանքն ուներ մի քանի հարյուր վանական։ Նրանք ձգտում էին ունենալ հայկական բոլոր ձեռագրերն ու գրքերը։ Գրադարանը դարձավ հայկական առաջին մատենադարանը։ Երբ մտնում ենք գրադարան կարող ենք տեսնել ներսում գտնվող գետնափոր կժեր։ Դրանք իրենց նշանակությունն են ունեցել։ Ձեռագրերը երկար ժամանակ պահպանելու համար անհրաժեշտ է եղել որոշակի խոնավություն։ Այդ կժերի մեջ պահել են գինի և կաթնամթերք, այդպիսով ապահովեով ձեռագրերի պահպանման համար անրաժեշտ խոնավությունը։

Ամենափրկիչ խաչքար

Արվեստի իսակական գլուխգործոց է Հաղպատի «Ամենափրկիչ» խաչքարը։ Խաչքարի վրա փորագրված են խաչված Քրիստոսի, 12 առաքյալների և հրեշտակների պատկերներ։ Խաչքարի ամբողջ մակերեսը պատված է Որդան կարմիրով։ Ընդհանրապես «Ամենափրկիչ» խաչքարերը շատ չեն հանդիպում, և ժողովրդի մոտ կա տարածված կարծիք, որ դրանք ունեն բուժիչ մշանակություն։

Հաղպատի լուսարարը

Մի քանի տարի, որպես կրոնավոր, Հաղպատում ապրել  է ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան։ Հաղպատում նա ծառայել է Տեր Ստեփանոս անունով։ Նա պատասխանատու է եղել օրվա արարողակարգի կանոնավոր կատարման համար: Հոգևոր ճառեր է կարդացել, գրել հոգևոր նյութեր: Սայաթ-Նովայի հայտնի խոսքը կա, որում նա ասում է. «Հաղպատի Սայաթ-Նովան եմ ես, բայց կանթեղ վառելու ձեթ չունեմ»:

 

Լուսանկարներ

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]