Երևանից 207 կմ հեռավորության վրա, մարդկությունից ու աշխարհից կտրված, անտառներով շրջապատված մի հեռու անկյունում է գտնվում Խորանաշատը։ Երբեմնի վանական համալիրը, որ ունեցել է նույնիսկ իր համալսարանը, այժմ սահմանապահ զինվորի պես հսկում է հայոց աշխարհի սահմանները։ Մերձակա Չինարի և Այգեձոր գյուղերի համար ուխտատեղի դարձած վանքը, գտնվում է սահմանից մոտ 500 մ հեռավորության վրա։
Բնության հետ միաձուլված վանքը, որը կիսավեր վիճակում է, ամենևին էլ չի կորցում իր վեհությունը։ Հակառակորդի հնարավոր կրակի տակ լինելու փաստը բոլորովին չի խանգարում, որ Խորանաշատն ունենա ուխտավորների պակաս։ Վանք գնալ, չգնալու բոլոր մտորումները հօդս են ցնդում, երբ հայտնվում ես Չինարի գյուղում, տեսնում տեղի անվախ ու հպարտ բնակիչներին։ Չինարիից Խորանաշատ ճանապարհն անցնում է անտառածածկ արահետով։ Հարկավոր է լուռ քայլել․ դիմացդ հակառակորդն է։ Գլխումդ մտքերի խառնաշփոթ է ստեղծվում, անհաստկանալի զգացողություններ են պարուրում քեզ։ Մի պահ մոռանում ես հակառակորդի մոտ լինելը, թվում է թե աշխարհի ամենախաղաղ անկյունում ես։ Մի քիչ էլ, ու քո առջև վեր է խոյանում դարերի լուռ վկան՝ Խորանաշատը։ Վանքի պատմությանը ծանոթանալուց հետո սկսում ես ավելի շատ սիրել Խորանաշատը։