HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ԱՐԱՐԱՏԸ՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Մասիսը ներշնչանքի աղբյուր է եղել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի բազում ստեղծագործողների համար: Մասիսին ձոնել են բազում բանաստեղծություններ, երգեր, կտավներ, համարել վեհության, մեծության և գեղեցկության խորհրդանիշ:

Արարատը գրականության մեջ

Թերևս բոլորս էլ հիշում ենք Եղիշե Չարենցի հայտնի տողերը՝

Աշխարհ անցիր,
Արարատի նման ճերմակ գագաթ չկայ,
Ինչպէս անհաս փառքի ճամփայ՝
Ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Արարատի մասին իրենց հիացմունքի խոսքն են արտահայտել Պարույր Սևակը, Վահան Տերյանը, Հովհաննես Թումանյանը, Ղևոնդ Ալիշանը ու էլի շատ արժանավոր հայ մեծեր։

Պարույր Սևակն ասել է․

-Մենք քիչ ենք, սակայն մեզ Հայ են ասում:
Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում :
Պարզապէս մենք էլ պիտի ընդունենք,
Որ մենք, միայն մենք Արարատ ունենք

Մասիսը ոգեշնչել է նաև Հ․ Շիրազին

Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՛խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վեր,
Հովտում այրվել սիրտս բացի, բայց հով սարերն հեռվում տեսա․․․

Չարենցի տողերի ներքո դեպի Արարատ
Հ․ Շիրազի սիրտը թաղված է Արարատի հավերժական սառույցների տակ

Արարատը կտավներում

Արարատն իրենց նկարներում հավերժացրել են շատերը՝ Մ․ Սարյան, Փ․ Թերլեմեզյան, Հ․ Այվազովսկի և այլն։

Ներկայացնենք դրանցից մի քանիսը՝

Ararat
Չարենցի կամար, Մ․Սարյան

Արարատը պատկերված է նաև 18-19-րդ դարերում Հայաստան այցելած շատ եվրոպական ճանապարհորդների գրքերում։

 

Ararat
Ֆրիդրիխ Պարրոտ «Ճանապարհորդություն դեպի Արարատ» գրքի անգլերեն թարգմանությունից

Բիբլիական Արարատ

Հին կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռան» վրա դառնալով «նոր մարդկության խանձարուրը, ազգերի ու ժողովուրդների սփռման արձակարանը»։ Գրաբարից թարգմանաբար հենց այսպես է ասվում․

-Եվ տապանը նստեց յոթերորդ ամսի քսանյոթերորդ օրը՝ Արարատ լեռան վրա։

Շատ պատմաբաններ և աստվածաշնչագետներ ընդունում են, որ «Արարատը» Ուրարտուի եբրայերեն անունն է, որը Հայաստանի աշխարհագրական նախորդն է: Սակայն Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունում՝ Վուլգատայում, «Արարատը» թարգմանված է որպես «Արարատի լեռներ»։ Այնուամենայնիվ, հենց Արարատ լեռն է համարվում Նոյյան տապանի նստելու ավանդական վայրը և շատ քրիստոնյաներ այս տեսակետի կողմնակիցն են, քանի որ այն կարող էր լինել ջրերից երևացող առաջին գագաթը: Դրա համար այն անվանվում է բիբլիական լեռ:

ararat
Արարատ լեռ ( J. E., II, 72)
Ետևում ՝ Նոյան Տապանը լեռան վրա

Արարատ․ Լեգենդ և իրականություն

Արարատի մասին ժողովուրդը հյուսել է բազմաթիվ լեգենդներ։ Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը։

Մի լեգենդ կա կապված հայոց Արտաշես և Արտավազդ թագավորների հետ, որը շատ գեղեցիկ ներկայացրել է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Ըստ լեգենդի, շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, ով Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հայրենիքից հեռու մահանում է՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ է տալիս իր հայրենի հողին։ Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

– Նա հեռանում է մեզնից, ոնց-որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորել:

Մինչ դու գնում ես,
Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում,
Ես ավերակների վրա ում թագավորեմ։

 

Արտավազդ և Արտաշես
Արտաշես և Սաթենիկ

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

– Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:

Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր, ի Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝

Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս և լույս չտեսնես։

Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձեռքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում: Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Բայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա: Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարն ու անարդարությունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից:

Լեգենդ Արարատի և Արագածի մասին

Մեկ այլ լեգենդ էլ պատմում է Արագածի և Արարատի մասին։ Ասում են մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:

Ըստ մեկ այլ լեգենդի հենց արարման վայրն է՝ ԱՐԱՐԱՏ-ը, որտեղ Արարիչը արարել է առաջին երկրային աստված Արիին: Արիի սերունդները բազմանալով տարածվել են Արարատից դուրս եւ տարբեր Արի Ազգեր կազմել: Իսկ Արարատում մնացած Արիները իրենց վրա պահպանում են ավանդական Արի (Արմեն) անունը: ՀԱՅ անունը նույնպես ավանդական խորհուրդ է եւ հոմանիշ է Արմենին: Իսկ Հայաստանը հոմանիշ է Արարատին:

Արարատը Արագածի հարավային գագաթից

Ա․Ս․ Պուշկինը իր «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» գրքում, շփոթում է Արարատը Արագածի հետ։ 

․․․Դուրս եկա վրանից առավոտյան թարմ օդ ծծելու։ Արևը ծագում էր։ Պարզ երկնքի վրա սպիտակին էր տալիս ձյունապատ, երկգլխանի մի սար։ «Այդ ի՞նչ սար է»,— հարցրեցի ճմլկոտալով և լսեցի պատասխանը։—«Դա Արարատն է»։ Որքան զորավոր է հնչյունների ներգործությունը։ Ագահաբար նայում էի բիբլիական սարին, տեսնում էի տապանը, որ կանգ էր առել նրա գագաթին նորոգման և կյանքի հույսով, և դուրս թռչող ագռավն ու աղավնին, պատժի և հաշտությաւն սիմվոլներին…

Կազակները սխալվել են։ Քանզի նայելով քարտեզին, կարող ենք վստահ ասել, որ Պուշկինը, գտնվելով Գյումրիում, տեսել է Արագածի երկու գագաթը հյուսիսից, այլ ոչ թե Արարատը։ Ինչևէ, նա ընդգծել է Արարատ բառի հնչյունների զորությունը։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am