ԽՈՒՃԱՊԻ ՎԱՆՔ

Լալվարի լեռնաշղթայի հյուսիսային փեշերի թավոտ անտառների մեջ է գտնվում Խուճապի վանքը։ Ժամանակին վանքին մոտիկ է եղել համանուն գյուղը։ Այժմ ճանապարհ անցնում է հայ-վրացական սահմանի երկայնքով (մոտ է Պրիվոլնոյե գյուղին)։

Վանքային համալիրն ընդհանուր առմամբ թվագրվում է 13-րդ դարին, սակայն համալիրի ամենահին եկեղեցին կառուցվել է դեռևս 9-ից 10-րդ դարերում։ Գլխավոր եկեղեցին տեղակայված է հուշարձանախմբի հարավային կողմում։ Գտնվում  է ամբողջապես կանգուն վիճակում։ Իրենից ներկայացնում է արևելքից արևմուտք ձգվածություն ունեցող ուղղանկյուն գմբեթավոր դահլիճ։ Եկեղեցու մուտքերը երեքն են՝ հյուսիսային, հարավային, արևմտյան կողմերից։ Գմբեթն ունի տասներկու նիստանի թմբուկ։ Եկեղեցու հարավային և արևմտյան ճակատներին՝ զույգ պատուհանների հետ համադրված, գտնվում են մեծ ձգվածությամբ խաչեր։ Եկեղեցին հարավային և հյուսիսային կողմերից ունեցել է 3մ լայնությամբ թաղակապ սրահներ, որոնցից կանգուն է միայն հարավայինի կիսաքանդ պատերը։ Արևմուտքից կից է եղել գավիթը, որից մնացել են միայն մնացորդներ։ Նրանից ավելի ցածր տեղադրությամբ կան կացարանի և աշտարակավոր երկհարկանի շինության կիսամշակ քարերով պատեր։ Գլխավոր եկեղեցուց մոտ 25 մ դեպի հյուսիս գտնվում են միանավ եկեղեցու մնացորդներ։

Սկզբում Խուճապի վանքը հայադավան մենաստան էր, բայց Զաքարյանների օրոք (XIIIդ.) այն դարձավ քաղքեդոնիկ վանք: Խուճապի վանքն աչքի է ընկնում շրջապատի հետ ունեցած ներդաշնակ կապով։

Հայ-վրացական սահմանին մոտ գտնվող կիսավեր եկեղեցին մշտապես հակասությունների առիթ է դարձել հայկական և վրացական կողմերի միջև։ Վերցիններս պնդում էին, որ եկեղեցին վրացական է, ինչի մասին վկայում են եկեղեցու պատերին առկա վրացական արձնագրությունները։

Հայ Առաքելական եկեղեցին պնդում է, որ վրաց եկեղեցու կողմից պահանջվող այս և մի քանի այլ եկեղեցիներ ունեն քաղկեդոնական անցյալ, բայց դրանք հայկական են՝ կառուցվել են հայի ձեռքով և հավատի տուն են եղել քաղկեդոնականություն կամ ուղղափառություն ընդունած հայերի համար:

 

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]