Ի՞ՆՉ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԹԹՎԱԾՆԱՔԱՂՑԸ
Լեռներում պետք է պատրաստ լինել ամեն ինչի։ Այստեղ անկանխատեսելիորեն կարող է փոխվել ոչ միայն եղանակը, այլև մարդկանց ինքնազգացողությունը։ Շատերդ լսած կլինեք լեռնային հիվանդության մասին, սակայն դրանից զատ պետք է իմանաք, թե դրա դեպքում ինչպես ճիշտ օգնություն ցուցաբերել Ձեր արշավական ընկերոջը։
Նախ պարզաբանենք, թե ինչ է իրենից ներկայացնում լեռնային հիվանդությունը։ Լեռնային հիվանդությունը դա մարդու օրգանիզմի պատասխան ռեակցիան է թթվածնի անբավարարությանը, որն ի հայտ է գալիս որոշակի բարձրության պայմաններում։ Թեթև դրսևորումներով այն կարող է դիտվել յուրաքանչյուրի մոտ, ով բարձր լեռ է բարձրանում, սակայն դրա բարդ դրսևորումները կարող են ընդհուպ մահվան հասցնել։
Ընդհանրապես սովորական պայմաններում օդում թթվածնի քանակությունը կազմում է մոտավորապես 20,9 % ։ Սա հենց թթվածնի այն քանակն է, որի դեպքում մարդն ունենում է նորմալ ինքնազգացողություն։
Ըստ բարձրության մթնոլորտային ճնշումը ընկնում է և օդում թթվածնի քանակությունը դառնում է ավելի նոսր։ Պրակտիկորեն դա նշանակում է, որ մենք մի շնչով ստանում ենք ավելի պակաս թթվածին, քան սովոր է մեր օրգանիզմը։ Օրգանիզմի առաջին ռեակցիան դա ավելի հաճախ և խորը շունչ քաշելն է։ Ցածր բարձրություններում դա աշխատում է՝ կանգնում ենք և խորը շունչ քաշում։ Սակայն 3000 մետրից բարձր սա արդեն չի աշխատում։ Եթե մարդը միանգամից, առանց օրգանիզմին սովորեցնելու հայտնվի նման բարձրության վրա, ապա հետևանքները կարող են լավ ավարտ չունենալ։
Մարդու օրգանիզմը կարողանում է աստիճանաբար հարմարվել թթվածնի պակասին, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Այդ պրոցեսն անվանում են կլիմայավարժեցում (ակլիմատիզացիա)։ Անչափ կարևոր ենք համարում շեշտել, որ ալկոհոլի օգտագործումը կտրուկ կարող է վատթարացնել լեռնային հիվանդության ախտանշաններ ունեցող անձի վիճակը: