ՕՁՈՒՆԻ ՎԱՆՔ

Օձունի վանք

Գեղատեսիլ համայնապատկերներով հարուստ Օձուն գյուղը, որը նաև հանրապետության մեծ գյուղերից է, հռչակված է Օձունի վանական համալիրով։ Գյուղ հասնելուն պես Ձեր դիմաց բացվում են չկրկնվող տեսարաններ։ Գյուղի հորիզոնը հյուսիսից եզրափակվում է Վիրահայոց լեռներով, հարավ- արևելքից՝ Գուգարաց լեռնաշղթայով, իսկ հարավից ուրվագծվում են անտառապատ Բազումի լեռները։ Գյուղը հայտնի է նաև որպես Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ծննդավայր։

ՕՁՈՒՆԻ Վանքի կառուցվածքը

Օձունի վանքը հանդիսացել է միջնադարյան Հայաստանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը։ Գյուղին մերձակա քարայրներում հայտնաբերվել են մեծ թվով ձեռագիր հիշատակություններ։ Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում և աչքի է ընկնում տեղանքի հետ ունեցած սերտ միասնությամբ և շրջակայքի հետ ներդաշնակ կերտվածքով։ Այն երևում գյուղի գրեթե բոլոր կետերից։
Գրիգոր Լուսավորչի կառուցած եկեղեցին եկել է միանավ բազիլիկ, իսկ 8-րդ դարում Հովհաննես Օձնեցին այն վեակառուցելով դարձնում է եռանավ բազիլիկ կառույց։ Եկեղեցու որմնանկարներն արվել են 728-731 թվականներին։ Տանիքը սկզբնապես եկել է կղմինդրե, սակայն կարկուտը 12-րդ դարում կոտրում է տանիքը և ավիրում բոլոր որմնանկարները։ Դրանից հետո կղմինդրե տանիքը փոխարինվում է քարե տանիքով։ Որմնանկարներից վերականգնվել է Աստվածածնին մանկան հետ պատկերող որմնանկարը։ Այն պատկերված է խորանի վերևի հատվածում։ Զանգակատունն ավելացրել են 19-րդ դարում։ Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ։ Մուտքի վերևում V դարում ստեղծված «Ահեղ դատաստանի» պատկերն է։ Այն «Ահեղ դատաստանը» պատկերող աշխարհի ամենահին հարթաքանդակն է։
Եկեղեցին կառուցված է հեշտ մշակվող, դիմացկուն և գեղարվեստական տեսանկյունից արտահայտիչ բաց շագանակագույն ֆելիզիտե բազմերանգ սրբատաշ քարերով։
Օձունի վանքն, ինչպես բնութագրում են որոշ հեղինակներ, «իսկական ստեղծագործական պոռթկման, ճարտարապետական հասուն վարպետության հուշարձան է»։

Կոթող- մահարձան

Բազիլիկ եկեղեցու հյուսիսարևելյան մասում է գտնվում կոթող-մահարձանը։ Գլխավոր ճակատով ուղղված է դեպի արևմուտք։ Այն իրենից ներկայացնում է արևմտյան ճակատում աստիճանաձև, բարձր պատվանդանի վրա բարձրացող քառակուսի կտրվածքով երեք մույթերի կամարակապ բացվածքներում տեղադրված մեկական քառակող սյունանման օբելիսկներ։ Դրանց բարձրությունը կազմում է 4 մ և բոլոր կողմերից քանդակապատված են։ Դրանք ավետարանական թեմաներով տեսարաններ են, Հայաստանում քրիստոնեության տարածման հետ կապված պատկերներ և այլն։ Հուշարձանի վրա կան տարբեր ժամանակների նորոգումների հետքեր։ Կոթող-մահարձանը ավանդաբար վերագրվել է 914 թվականին արաբների կողմից Դվինում սպանված Սմբատ Ա Բագրատունի թագավորին, ըստ որի այն պետք է կառուցված լինի 914 թվականից հետո։ Հուշարձանն աչքի է ընկնում մոնումենտալ արտահայտիչ ձևերով և ներդաշնակ համաչափություններով։

ԻՆՉՈՒ՞ ՕՁՈՒՆ

Ըստ Վարդան Արևելցու անվան ծագումը կապվում է «օծուն», «օծել» բառերի հետ կամ «օձ ունի» արտահայտության հետ։
Ավանդությունն ասում է, որ 1-ին դարում ներկայիս վանքի տեղում Թովմաս առաքյալը օծել է քահանաներ և եպիսկոպոսներ։ Հենց օծել բառի հետ է կապված վանքի Օձուն անվանումը։Եկեղեցին ունի նաև այլ անվանումներ։ Այն անվանվել է Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ, որը կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ։ Վանքի պատմությունը Ավանդությունն ասում է, որ Թովմաս առաքյալը իր հետ Օձուն է բերել Քրիստոսի բարուրաշորը և այն ամփոփել այստեղ։ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Երրորդ թագավորը այդ նույն վայրում կառուցում են բազիլիկ եկեղեցի։ Ասում են, որ բարուրաշորը թաղված է Սբ․ Աստվածածնի խորանի տակ։ Արդեն 8-րդ դարում, հայոց կաթողիկոս Հովհաննես Օձնեցին վերակառուցում է եկեղեցին և այն ստանում է իր ներկայիս տեսքը։

Հովհան Օձնեցի կաթողիկոսը

Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը իր գործունեությամբ մեծ վաստակ է ունեցել հայության կյանքում։ Ժողովուրդը նրան տվել է իմաստասեր մականունը։ 718թ․-ին Հովհաննես Օձնեցին ընտրվում է ամենայն հայոց կաթողիկոս։ Այս շրջանում Հայաստանն անցնում է արաբների տիրապետության տակ և նրանք փորձում են ժողովրդին դավանափոխ անել։ Կաթողիկոսի ամենամեծ վաստկն այն էր, որ հանդիպելով արաբ Օմար խալիֆայի հետ, կարողանում է նրա հետ համաձայնության գալ և կնքում է պայմանագիր, որով արաբները դադարեցնում են հայերի բռնի դավանափոխությունը։ Նա նաև հայկական առաջին եկեղեցական օրենքների հավաքածուի հեղինակն է, որը կոչվում է «Կանոնագիրք Հայոց»։ Այն հիմք ծառայեց Մ․ Գոշի դատաստանագրքի համար։ Այսօր էլ այդ կանոնագիրքը որոշ փոփոխություններով և հավելումներով օգտագործում են հայ առաքելական եկեղեցում։

Լուսանկարներ

Ինչպե՞ս հասնել Օձուն

Օձունի տաճարը գտնվում է Երևանից 165 կմ հեռավորության վրա։ Վանք հասնելու համար կա երկու տարբերակ՝ մեքենայով կարելի է հասնել մինչև վանքի դարպասների մոտ, իսկ եթե քայլարշավների սիրահար եք, ապա Ձեր համար նույնպես կա հրաշալի տարբերակ։Վերջերս բարեկարգված արահետով կարող եք քայլել Քոբայրից մինչև Օձուն, ճանապարհին տեսնելով նաև Հոռոմայրի վանական համալիրը։

Դեպի Օձուն քայլարշավային երթուղին

Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Հայաստանի վանքերը
/Տեսնել բոլորը
https://armland.am/hy/2024/02/06/maqenisi-vanq/

ՄԱՔԵՆԻՍԻ ՎԱՆՔ

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին է գտնվում միջնադարյան հայկական հրաշակերտ վանական համալիրներից՝ Մաքենիսի վանքը: Հիշատակվում է վաղ միջնադարից: Վանքը եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից մեկը:
Առաջիկա Արշավները