Բերդի մասին
Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին է գտնվում միջնադարյան Հայաստանի հզոր ամրոցներից մեկը՝ Տավուշի բերդը կամ այլ կերպ՝ Ցլիկ Ամրամի բերդը։ Այն հիշատակվում է 10-րդ դարից։ Սկզբից եղել է Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայրը՝ հիմնականում Ցլիկ Ամրամինը, այնուհետև անցել է Կյուրիկյան իշխանատոհմին։ 12-13-րդ դարերում այն արդեն Զաքարյանների տիրապետության տակ էր։ Հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։
Բերդը բաղկացած է եղել միջնաբերդից և ստորին բերդից։ Բարձրադիր մասը գրավում էր միջնաբերդը։ Արևելյան և հյուսիսարևելյան մասերում պահպանվել են կիսաշրջանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները, որոնք ունեցել են մինչև 12 մ բարձրություն։ Ամրոցի մուտքը եղել է հարավային կողմից։ Օժանդակ շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդի արևեյան կողմում տեղակայված է եղել ստորին բերդը։ Այս հատվածում պահպանվել են կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդները, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատերը, ինչպես նաև տնտեսական շինությունների և կացարանների հետքեր։
Մինչև օրս պահպանվել են ամրոցի ջրամատակարարումը ապահովող խողովակների մնացորդներ, որը բերվել է Գլգլան կոչվող աղբյուրներից։ 14-րդ դարից բերդը եղել է քանդված։ Ժամանակի հետ բոլոր շինությունները հայտվել են հողի հաստ շերտի տակ։ Կատարվել են մասնակի պեղումներ, սակայն մինչև այժմ անհայտ են մուտքի և ելքի տեղերը։ Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և այլ իրեր։