HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻՆ, ՈՎ ՀԱՍԱՎ ԿԱԶԲԵԿԻ ԳԱԳԱԹ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻԶԱԲԵԼԼԱՅԻ ՀԵՏ

Արմլենդ ակումբը սկսած 2016 թվականից իրականացնում է վերելքներ դեպի Կազբեկ լեռ:  Հենց այդ տարի իրականացրած վերելքի ժամանակ մասնակիցների մեջ էր նաև 19-ամյա Իզաբելլա Խանզրատյանը, ով դարձավ Կազբեկի գագաթ հասած ամենաերիտասարդ հայուհին: Նա մասնագիտությամբ աֆրիկագետ է, ակումբի անդամ է 2015 թվականից։

 Իզաբելլայի հետ զրուցեցինք Կազբեկ լեռան վերելքի, ճանապարհին հանդիպած դժվարությունների և ընդհանրապես լեռների մասին:

Որտեղի՞ց է գալիս լեռների հանդեպ սերը

-Լեռների հանդեպ սերը գալիս է դեռ մանկուց: Միշտ հանրագիտարաններով, ֆիլմերով տեսնում էի ալպինիզմին վերաբերվող նյութեր, բայց մտքովս չէր անցնում, որ ես ինքս կարող եմ դառնալ այդ ամենի մի մասը: Ինձ համար ալպինիզմը միշտ ասոցացվում էր շատ լուրջ մասնագիտության հետ:

Սովորել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ միշտ կարևորություն են տվել լեռնագնացությանը և բնության հետ կապին: Երբ դարձա կրթահամալիրի սան, ինքս էլ սկսեցի զբաղվել լեռնագնացությամբ և սկսվեց ինքնաճանաչողության անվերջանալի ճանապարհը: 14 տարեկան էի, երբ դասընկերներիս հետ առաջին անգամ բարձրացա Արագած սարը, որն ինձ համար բացեց մի ուրիշ աշխարհ:

Արագածի հարավային գագաթին

Ի՞նչ են քեզ տալիս լեռները

-Լեռները ինձ տալիս են ներդաշնակություն, հանգստություն, խաղաղություն: Դեպի լեռան գագաթ հասնելու ողջ ճանապարհը ինձ համար ինքդ քեզ հետ զրուցելու, ինքդ քեզ հաղթելու, ինքդ քեզ ճանաչելու նոր հնարավորություն է : Այստեղ քաղաքի անվերջ շարունակվող աղմուկին ու անվերջանալի թվացող խառնաշփոթին  փոխարինելու են գալիս հանգստությունն  ու ներդաշակությունը:

  Վերջերս կարդացի մի հետաքրքիր միտք, որտեղ ասվում էր, որ լեռները յուրաքանչյուրիս մեջ են: Եվ իսկապես, ես զգում եմ լեռների հետ այդ կապը: Շատերն ուղղակի չգիտեն, որ լեռներն իրենց մեջ են: Մենք բոլորս էլ ունենք բնության հետ կապվածություն: Շատերն այս կամ այն պատճառով հեռվացել են բնությունից և ուղղակի պետք է վերականգնել դա: Երբեմն նրանց պարզապես պետք է ոգեշնչել:

Լեռների գեղեցկությունը բառերով նկարագրելն անհնարին է: Առաջին անգամ լեռ բարձրանալիս կամ անվերապահ սիրահարվում ես բնության այդ վեհ հսկաներին, կամ էլ մնում անտարբեր ու շարունակում ապրել քաղաքի անվերջ կրկնվող սարդոստայնում: Իմ դեպքում եղավ առաջինը: Իհարկե չեմ բացառում բնության այլ հրաշքները նույնպես՝ ծովեր, կիրճեր, ձորեր և այլն։

Լեռան բարձրունքից ավելի լավ ես հասկանում, թե ներքևում ինչքան աննշան է ամեն ինչ: Մեր բոլոր հաղթանակներն ու հուսախաբությունները դառնում են այնքան աննշան և դու հասկանում ես, թե որքան անսահմանն է աշխարհն ու քեզ ընձեռնված հնարավորությունները:

Kazbek
Վերելք Կազբեկ լեռ

Գիտենք, որ դու ցանկություն ունես բարձրանալու աշխարհի 7 ամենաբարձր գագաթները, իսկ որտեղի՞ց եկավ այդ ցանկությունը

-Լինելով աֆրիկագետ ինձ համար մշտապես հետաքրքրություն է ներկայացրել Կիլիմանջարո լեռը՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթը: Դեռ միջին դպրոցում տեսնելով Ակոնկագուայի նկարները շատ եմ ոգևորվել: Հետո եկավ Անտարկտիդան, որն այնքան հեռու է թվում և առաջացավ ցանկութուն հասնել այնտեղ ու բարձրանալ ամենաբարձր գագաթը: Դե իսկ Հիմալայների մասին խոսելն ավելորդ է:

Այդպես ժամանակակի ընթացքում հավաքվեց լեռների մի ողջ ցանկ և այդ դժվարին ճանապարհը անցնելու, գագաթ հասնելու և ինձ հետ էմոցիաների նոր չափաբաժին տանելու ցանկությունը ստիպեց առաջ շարժվել:

2019 թվականին վերելք իրականացրեցի դեպի Էլբրուս լեռ, մնացին մյուս 6 գագաթները, որոնք ժամանակի ընթացքում պատրաստվում եմ բարձրանալ: Համաճարակի ավարտից հետո պլանավորել եմ բարձրանալ Արարատ (3-րդ հինգհազարանոց գագաթը շատ եմ ցանկանում, որ Արարատը լինի): Ինչպես նաև մի քանի այլ պլաններ ունեմ, որոնց մասին դեռ կխոսեմ:

Արդյոք երկա՞ր ես պատրաստվել Կազբեկի վերելքին

-Ինչպես նշեցի 2011  թվականից սկսել եմ զբաղվել լեռնագնացությամբ և պարբերաբար մասնակցելով տարբեր բարդության վերելքների արդեն ունեի որոշակի փորձ և պատրաստվածություն:

2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին մասնակցել եմ ձմեռային լեռնային վերելքների: Իսկ արդեն Կազբեկի վերելքից առաջ բարձրացել եմ Արագածի հյուսիսային և արևմտյան գագաթները:

Ինչպիսի՞ դժվարությունների ես հանդիպել վերելքի ընթացքում

– Վերելքի ընթացքում ինչ-որ լուրջ դժվարությունների չեմ հանդիպել: Միայն այսպես կոչված կատվիկներն էին, որ առաջացնում էին որոշակի դիսկոմֆորտի զգացողություններ, բայց ժամանակի հետ հարմարվեցի: Որոշակի հատվածներում սրտի արագ աշխատանքն էր դանդաղեցնում ընթացքը, բայց ճիշտ իրականացրած կլիմայավարժեցումը (ակլիմատիզացիան) թույլ տվեց գնալ մինչև վերջ: Բոլոր դժվարությունները հաղթահարելի էին թիմային միահամուռ աշխատանքի շնորհիվ:

Լեռնային վերելքները դրանք բառացիորեն թիմի յուրաքանչյուր անդամի բարձր պատասխանատվության և թիմային աշխատանքի արդյունքն են: Վերելքից առաջ բոլորս հստակ գիտեինք, որ եթե մեզանից որևէ մեկը չի հասնում գագաթ,ապա չենք  հասնում բոլորս: Կարելի էր ասել, թիմի անդամների երազանքներն ու գագաթ հասնելու ցանկությունը կախված էր յուրաքանչյուրիցս: Հենց դա էլ ստիպում էր առաջ շարժվել:

Mountain sickness

Ի՞նչ տվեց քեզ Կազբեկի վերելքը

– Կազբեկի վերելքն ինձ ևս մեկ անգամ տվեց հավատ և ավելի մեծ մոտիվացիա: Գագաթից բացվող Կովկասյան լեռնաշղթան իր ողջ գեղեցկությամբ ստիպեց ինձ ևս մեկ անգամ համոզվել, որ լեռներն իմ սրտում են:

Թիմը Կազբեկի գագաթին

Ի՞նչ կասես այն մարդկանց, ովքեր երբեք լեռներում չեն եղել

– Լեռներ բարձրացող մարդը պետք է ունենա հավատ սեփական անձի նկատմամբ, չհանձնվի ու չթերագնահատի բնությանը, լինի էմոցիոնալ, հուզական, բայց միաժամանակ սթափ և գիտակից:

Ձեզ շրջապատող բնությունն ու այն դժվարին ուղին, որ Ձեզ տանում է դեպի գագաթ անըմբռնելի կերպով ձևավորում են  ձեր աշխարհայացքը և բացում ինքնաճանաչողության մի մեծ ճանապարհ: Այնպես որ, եթե չունեք առողջական շատ լուրջ խնդիրներ, անպայման բարձրացեք լեռներ:

Իզաբելլան Էլբրուսի գագաթին

ԳԻՏԵՆՔ, ՈՐ ԴՈՒ ԲՈՒՍԱԿԵՐ ԵՍ․ ԻՆՉպե՞ս Է ԱՅՆ ՕԳՆԵԼ ԿԱՄ ԽԱՆԳԱՐԵԼ ԿԱԶԲԵԿ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒՆ

-Մինչ Կազբեկ բարձրանալս մեկ տարի արդեն բուսակեր էի և նույնիսկ Կազբեկից մեկ ամիս առաջ ամբողջությամբ անցել էր խիստ բուսակերության ռեժիմի։ Մեր թիմի ուղեկցորդը՝ Արտյոմը նախքան վերելքը զգուշացնում էր, որ եթե որոշակի բարձրության վրա էներգիայի պակաս կամ թուլություն զգամ, պետք է օգտագործեմ կենդանական ծագումով սնունդ (միս կամ բաստուրմա)։ Սակայն ես վստահ էի, որ ամեն ինչ լավ է ընթանալու։ Անգամ Կազբեկից հետո շարունակել եմ բուսակերությունը և նույնիսկ բարձրացել հաջորդ 5000+ լեռը՝ Էլբրուսը։ 

Լեռներում հիմնականում օգտագործում եմ ընդեղեն, արագ պատրաստվող սնունդ, քաղցր սուջուխ, շոկոլադի բուսական տեսակը ու ընդհանրապես տարբեր քաղցրավենիքների բուսական տեսակը։

Իրականում, այն տեսակետը, որ բուսակերները ոչինչ չունեն ուտելու իրենց քաղցը հագեցնելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Կան զանազան այլընտրանքներ և սննդի աղբյուրի միջոցներ։ Արդեն 5 տարի է բուսակեր եմ և պետք է նշեմ, որ այս հանգամանքը ընդհանրապես չի խանգարել ինձ լեռնագնացության մեջ։ Ընդհակառակը, բուսակեր դառնալուց հետո, ես ինձ ավելի երջանիկ և էներգիայով լեցուն եմ զգում, նույնիսկ 5000 մ-ից բարձր լեռներում։ 

Էներգիայով լեցուն
Հարցազրույցը վարեց Սիրան Թորոսյանը

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԱԺԴԱՀԱԿԸ ԸՆԴՈՒՆԵՑ 110 ԱՐՇԱՎԱԿԱՆԻ ԻՐ ԳԱԳԱԹԻՆ

ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ ՍԻՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ Արշավային կարճատև դադարը իր հերթին հրահրեց սարեր գնալու տենչանք, Հայաստանը նորովի ճանաչելու ու բացահայտելու ցանկություն։ Այս տարի ամռանը, տեսնելով բազմաթիվ արշավականների հոսքը դեպի լեռներ, կրկին անգամ համոզվեցինք, որ Հայաստանը հիմնական ասֆալտապատ ճանապարհներից այն կողմ է, սարերի, ձորերի, կիրճերի մեջ է։ Հայաստանում պետք է քայլես, զգաս, շնչես, ապրես ու վերապրես կրկին։...
Ավելին

ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻՆ, ՈՎ ՀԱՍԱՎ ԿԱԶԲԵԿԻ ԳԱԳԱԹ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻԶԱԲԵԼԼԱՅԻ ՀԵՏ Արմլենդ ակումբը սկսած 2016 թվականից իրականացնում է վերելքներ դեպի Կազբեկ լեռ:  Հենց այդ տարի իրականացրած վերելքի ժամանակ մասնակիցների մեջ էր նաև 19-ամյա Իզաբելլա Խանզրատյանը, ով դարձավ Կազբեկի գագաթ հասած ամենաերիտասարդ հայուհին: Նա մասնագիտությամբ աֆրիկագետ է, ակումբի անդամ է 2015 թվականից։  Իզաբելլայի հետ զրուցեցինք Կազբեկ լեռան վերելքի, ճանապարհին հանդիպած դժվարությունների և ընդհանրապես լեռների...
Ավելին

ԻՆՉՊԵՍ ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ Արշավական հանդերձանքի ամենակարևոր տարրերից մեկը արշավական կոշիկներն են: Որքան կարևոր է արշավական կոշիկների ճիշտ ընտրությունը,  նույնքան էլ կարևոր է դրանց ճիշտ խնամքը: Ինչպես արշավանական հանդերձանքի յուրաքանչյուր տարր, այնպես էլ արշավական կոշիկները որակյալ և ժամանակին արված խնամքի կարիք ունեն: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն կազմակերպել Ձեր կոշիկների ճիշտ խնամքն ու երկարացնել...
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$820
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am