ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ ՍԻՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ
Արշավային կարճատև դադարը իր հերթին հրահրեց սարեր գնալու տենչանք, Հայաստանը նորովի ճանաչելու ու բացահայտելու ցանկություն։ Այս տարի ամռանը, տեսնելով բազմաթիվ արշավականների հոսքը դեպի լեռներ, կրկին անգամ համոզվեցինք, որ Հայաստանը հիմնական ասֆալտապատ ճանապարհներից այն կողմ է, սարերի, ձորերի, կիրճերի մեջ է։ Հայաստանում պետք է քայլես, զգաս, շնչես, ապրես ու վերապրես կրկին։ Հայաստանը պետք է անցնես կիրճերի միջով ու վերևից նայես այդ կիրճերը։ Եվ հենց այսպես շատերը իրապես ճանաչեցին, հասցրեցին կրկին ու կրկին սիրահարվել Հայաստանին, տեսնել նրա բոլոր դրսևորումները և նոր ծրագրեր նախաձեռնել իր հետ։
Երբ գնում ես լեռներ, ժամանակդ ակնթարթային է անցնում։ Այդպես էլ արշավականների աչքի առջև ամառը անցավ սարերի քամու պես։ Իսկ դե ամառվա ամենապահանջված երթուղին դարձավ Աժդահակը լեռը։ Հենց այս տարի տեղի ունեցավ Արմլենդի պատմության ամենամեծ խմբային վերելքը։ 110 հոգուց բաղկացած խումբը բարեհաջող բարձրացավ Աժդահակ լեռը և իջավ գագաթից։