ԱՐԱՔՍ ԳԵՏ

 

 

Արաքսը (նաև ՝ Արազ, Արաս, Երասխ), սկիզբ է առնում Բյուրակնյան բարձրավանդակի Սրմանց լեռնագագաթից (բարձրությունը՝ 2700 մ) , այն Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկն է։ Գետի ընդհանուր երկարությունը 1072 կմ է, ջրհավաք ավազանը՝ 102 հզ. կմ2: Արաքսի ավազանին է պատկանում ՀՀ տարածքի մոտ 76%-ը:

Վերին հոսանքում անցնում է Թուրքիայով, միջին հոսանքում սահմանազատում է Հայաստանը՝ Թուրքիայից, Նախիջևանը՝ Իրանից, Հայաստանը՝ Իրանից, այնուհետև, Ադրբեջանը՝ Իրանից: Ստորին հոսանքում հոսում է Ադրբեջանի տարածքով:

Արաքս գետն իր հոսքի ճանապարհին մտնում է Տվարածատափի դաշտը, որտեղ ընդունում է Կարասու գետը և  դուրս է գալիս Բասենի դաշտ:  Ձախից ընդունելով Մուրց վտակը՝ Արաքսն անցնում է Կարսի սարահարթի և Հայկական Պարի միջով, որից հետո ընդունելով իր ամենախոշոր վտակը՝ Ախուրյանը, մտնում է Արարատյան դաշտ: Այստեղ Արաքս գետն ընդունում է մի շարք գետեր.  Դեղին, Կարմիր գետերը, Մեծամորը, Հրազդանը, Ազատը, Վեդին, Արփան, այնուհետև` Նախիջևանը, Մեղրին, Ողջին, Որոտանը և Հագարին: Արաքսը Կուրին է միանում Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի մոտ:

Արաքս գետի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով և նրա վրա կառուցվել են բազմաթիվ ջրանցքներ ու ջրամբարներ: Արաքսի վրա կառուցված են եղել հինգ նշանավոր կամուրջներ՝ Տափերականը, որից սկսվել է Արտաշատ-Տիգրանակերտ արքունի պողոտան, Բասենի, Երվանդակերտի, Նախիջևանի և Ջուղայի կամուրջները, վերջինս, ըստ, ավանդության` կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից և ավերվել է  1605 թ-ին՝ պարսից շահ Աբբասի հրամանով:

Արաքսը համարվում է Հայոց աշխարհի «մայր գետը», գրականության մեջ հաճախ հանդիպում է նաև «Մայր Արաքս» անվանմամբ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]