baberdmonastery

Արարատի մարզ, Խոսրովի պետական արգելոց, «Գիլան» արգելավայր

Արարատի մարզում՝ Խոսրովի արգելոցի «Գիլան» արգելավայրի տարածքում, որտեղ միախառնվում են Ազատ գետի Աղջո ու Գլան վտակները, պահպանվել են Բաբերդ բնակատեղիի հետքերը։ Վերջինս վաղ միաջնադարյան բնակատեղի է, որը, ըստ մեզ հասած վերջին տվյալների՝ հայաթափումից հետո, ունեցել է փոքրաթիվ բնակչություն՝ 96 հոգի, բնակչության հիմնական մասը մահմեդական (իսլամ)։ Պատմական ստույգ տեղեկություններ բնակավայրի մասին չեն պահպանվել։ Միակ հիշատակությունը 19-րդ դարի հայ բանաստեղծ, պատմաբան և աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշանինն է, ըստ որի, բնակավայրի անվանունը ծագել է բերդ բառից։

Բնակավայրի ավելի կենտրոնական հատվածում պահպանվել է սրբատաշ, բազալտով կառուցված 5-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցին։ Եկեղեցին ուղղանկյուն ծավալ ունի, որի պայտաձև ավագ խորանը դուրս է եկեղեցու ընդհանուր ծավալից։ Հատկապես նկատելի են կիսավեր քանդակազարդ խոյակները և կենտրոնական մասում խաչաքանդակով որմնակամարը։ Գավիթը եկեղեցու հարավային կողմում է, որն այժմ ավերակ է։

Ըստ եկեղեցու շարվածքում պահպանված արձանագրության՝ բնակատեղին գոյատևել է մինչև 17-րդ դար և հայաթափվել 1604 թվականին՝ պարսից Շահ Աբաս Առաջինի իրականացրած բռնագաղթի ժամանակ։

Եկեղեցուն կից կա գերեզմանոցը, որտեղ կան 5-14-րդ դդ. տասնյակ խաչքարեր։ Իրականացված մաքրման աշխատանքների ժամանակ՝ 1980-ական թթ․, այստեղ հայտնաբերվել է հունարեն արձանագրություն, որը հայերեն թարգմանաբար նշանակում է «Առողջություն» և «Երանություն»։

Լուսանկարներ

Հոդվածը կազմվել է  ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

 

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]