Главная страница » ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ․ ՍԵՎԱՆԻ ՋՐՎԵԺՆԵՐ
2020-u բոլորիս համար բարդ և դժվարություններով լի տարի էր։ Համարավարակով պայմանավորված՝ ստիպվածն էինք տևական ժամանակով դադարեցնել մեզ համար արդեն կենսակերպ դարձած արշավները։ Բայց, որրոշ ժամանակ անց, դրանք նորից վերսկսվեցին. հերթը, կրկին, նոր բացահայտումներինն էր։
Մենք հաճախ ենք կազմակերպում էքսպեդիցիոն արշավներ՝ նպատակ ունենալով ավելի լավ ճանաչել մեր հայրենիքն ու բացահայտել նրա գողտրիկ անկյունները ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ օտարազգի մեր ընկերների համար։
Այդպիսի էքսպեդիցիաներից մեկի ժամանակ էլ բացահայտեցինք ջրվեժների մի ողջ կասկադ, որը կարճ ժամանակ անց պետք է դառնար սիրված երթուղի։
2020 թվականի օգոստոսի 25-ին ուղևորվեցինք Գեղարքունիքի մարզ, Սևանի լեռներ՝ էքսպեդիցիայի։ Ի սկզբանե պլանավորել էինք բաձրանալ Սևանի լեռնագագաթներից մեկը։ Ուստի ուղևորվեցինք Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղ, որտեղից էլ սկսվեց բացահայտումներով լի օրը։ Բարձրացանք անանում մի գագաթ, որն ուներ մոտ 3000 մետր բարձրություն, որից հետո մեր ճանապարհը շարունակեցինք երկու լեռների միջով և հանդիպեցինք այս հրաշք ջրվեժներին։
Յուրաքանչյուր արշավի և հատկապես էքսպեդիցիոն արշավների ժամանակ մանրամասն ուսումնասիրում ենք տեղանքը՝ տեղագրական քարտեզների օգնությամբ։ Էքսպեդիցիայից առաջ արդեն գիտեինք, որ այս հատվածում գետ կա, բայց ջրվեժների մասին՝ ոչ մի տեղեկություն։ Նույնիսկ ոչ մի տպագրական քարտեզի վրա ջրվեժների տեղադրության մասին հիշատակում չկար։ Սակայն, իմանալով, որ այդ հատվածներում, որտեղ կան կիրճեր և խորշեր, ջրվեժ լինելու հավանականությունը մեծ է, շարժվեցինք այդ ուղղությամբ։ Սպասումներն իրենց արդարացրեցին։ Բացահայտեցիք ջրվեժների մի ողջ կասկադ՝ բաղկացած ջրառատ 3 ջրվեժներից, որոնք անվանեցինք Սևանի ջրվեժներ։
2021թ. մայիսի 22-ին իրականացրեցինք առաջին խմբային արշավը դեպի գեղատեսիլ Սևանի ջրվեժները։ Ոգևորությունը սպասվածից մեծ էր, և արդեն վստահ կարող ենք ասել, որ Սևանի ջրվեժները կհայտնվեն պահանջված երթուղիների ցանկում։
Իրոք որ, մեր երկիրն անվերջ սիրելու և բացահայտելու երկիր է։
Ավելի շատ ճամփորդեք, քայլեք հայրենի արահատներով և ավելի շատ սիրեք մեր հայրենիքը։ Դե, իսկ ներքևում կգտնեք հրաշք Սևանի ջրվեժների լուսանկարներն ու երթուղին։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]