Главная страница » ՈՐՈՏԱՆ ԳԵՏ
Որոտան գետը Սյունիքի մարզի ամենախոշոր գետն է: Սկիզբ է առնում Սյունիքի հրաբխային բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից` 3045 մ բարձրության վրա գտնվող երկու փոքրիկ լճերից: Երկարությունը կազմում է 119 կմ, իր երկարությամբ երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:
Որոտանն ունի զարգացած գետային ցանց, միջին խտությունը կազմում է 1,09 կմ/կմ2: Նրա ավազանում կան 1133 գետակներ, որոնցից 37-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն: Կարևորագույն վտակներից են Սիսիանը, Այրիգետը, Լեռնաշենը, Շաքին և այլն:
Որոտանի սնումը ձնանձրևային է (52%), սակայն մեծ դեր ունեն նաև ստորերկրյա ջրերը (48%): Այն ունի մեծ ջրաէներգետիկ և ոռոգիչ նշանակություն: Որոտանից սկսվում են Սիսիանի և Որոտանի ջրանցքները, որոնցով ոռոգվում են Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների գյուղատնտեսական հողային տարածքները:
Որոտան գետի մերձափյա տարածքում գտնվում են բազմաթիվ պատմամշակութային և հոգևոր արժեքներ, ինչպես նաև աշխարհագրական կարևորություն կրող վայրեր՝ Տաթևի վանքը, Տաթևի Մեծ Անապատը, Որոտնաբերդը, Որոտնավանքը, Շաքիի ջրվեժը, ինչպես նաև մայր բնության հրաշքներից՝ Սատանի կամուրջը:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]