Հայաստանի հրաշագեղ անկյուններից մեկը Վայոց ձորի մարզն է։ Այն իր ռելիեֆով և բազմազան բնական լանդշաֆտներով դեպի իրեն է ձգում բնություն սիրողներին։
Այստեղ շատ են բնական և ձեռակերտ հուշարձանները։ Դրանցից մեկն էլ Գնդեվանք վանական համալիրն է։ Այն գտնվում է Գնդեվազ գյուղից արևմուտք, Արփայի գեղատեսիլ կիրճում՝ գետի ձախ ափին։ Վանական համալիրը կառուցվել է 10-17-րդ դարերում։ Սյունյաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփիա (Սոփի) իշխանուհու նախաձեռնությամբ 10-րդ դարում սկսվել է վանքի կառուցումը։ Վանքը իր անվանումը ստացել է վանահայր Սուփան Գնդունու անունից։ Ըստ մեկ ուրիշ վարկածի՝ Սոփի իշխանուհին վաճառել է իր ականջի գնդերը, որպեսզի կարողանա ավարտել վանքի շինարարությունը և այդտեղից էլ վանքը ստացել է իր անվանումը։
Վանական համալիրի կազմի մեջ մտնում են Սբ Ստեփանոս եկեղեցին, գավիթը, սեղանատունը, տնտեսական և բնակելի շինությունները, գերեզմանատունը և վանքին պատկանող ջրանցքը։ Վանական համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։
Սբ Ստեփանոս եկեղեցին իրենից ներկայացնում է խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառույց։ Եկեղեցու արևմտյան պատի վրա պահպանվել է մի արձանագրություն, որում Սոփի իշխանուհին նշում է «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն վերայ»։ Արևելյան կողմից գլխավոր գավթին կից կառուցված են զույգ ավանդատներ։ Չորս ավետարանիչների բարձրաքանդակները տեղ են գտել գմբեթի առագաստների վրա։ Եկեղեցում եղել են Եղիշե երեցի (10-րդ դ․) որմնանկարները։ Ավագ խորանում եղել է Քրիստոսի պատկերը, որից պահպանվել է մի փոքր հատված։ Յուրահատուկ վարպետությամբ կատարված է հյուսիսային ավանդատան պատի Աստվածամոր պատկերը, որը դասվում է միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերի շարքին։ Ցավոք, որմնանկարները չեն պահպանվել խոնավության պատճառով։
Գավիթը կառուցվել է Քրիստափոր վանահոր կողմից 999 թվականին։ Եկեղեցուն է կցված արևմտյան կողմից և թաղածածկ կառույց է։ Սեղանատունը պարսպին կից ուղղանկյունաձև թաղածածկ կառույց է, որն ունի նկուղ, օժանդակ սենյակներ և մեծ օջախ։ Վանքի բակում պահպանվել են 10-16-րդ դարերի խաչքարեր, օրորոցաձև տապանաքարեր և այստեղ էլ՝ բակում գտնվում է գերեզմանատունը։ Վանքին են պատկանում նաև հողատարածքներ, որոնց ոռոգելու համար վանական համալիրը ունի իր սեփական ջրանցքը։ Այն կառուցվել է 1008 թվականին վանքի վանահայր Սարգսի ջանքերով։ Ջրանցքի երկարությունը կազմում է 22 կմ։ Իսկ 1691 թվականին Պետրոս վանահոր նախաձեռնությամբ կառուցվում է Գնդեվանքը շրջափակող աշտարակավոր պարիսպը։
Գնդեվանքը բազմիցս վերանորոգնել է։ 1309 թ․ Գրիգորը (Գրիգորես) վերանորոգել է եկեղեցին։ Արևմտյան պատի վրա պահպանված արձանագրությանը հավաստում է, որ 1691 թ․ Պողոս վարդապետի կատարած վերանորոգումների մասին։
ԼԵԳԵՆԴԸ
Սյունյաց իշխան Սմբատի դուստր Սոփիայի ձեռքը խնդրելու էր եկել մի երիտասարդ իշխան։ Սոփիան պայման է դնում, եթե իշխանը հաղթի նրա առաջարկած մրցույթում, միայն այդ դեպքում նա կընդունի իշխանի առաջարկը։ Ըստ պայմանի իշխանը պետք է 40 օրում ջրանցք կառուցեր Որոտան գետից մինչև Վայոց ձոր, իսկ այդ նույն ժամանակահատվածում Սոփիան պետք է կառուցեր մի եկեղեցի։ Իշխանը ընդունում է Սոփիայի առաջարկը և նրանք անցնում են գործի։ Արդեն 39-րդ օրը իշխանը լուրն է լսում, թե Սոփիան ավարտին է հասցնում վանքի շինարարությունը։ Նա շտապում է հոր մոտ, ով էլ խորհորդ է տալիս սպիտակ սավան կախ գցել կիրճի եզրից, որը քամուց կծածանվի և ջրի տպավորություն կստեղծի։ Իշխանը լսում է հոր խորհուրդը և կախում է սավանը։ Սոփիային մնում էր միայն գմբեթի վերջին քարը դնել։ Դրա համար նա վաճառում է իր ականջի գնդերը և դրացից ստացված գումարը տալիս է շինարարությանը։ Այդ ժամանակ նա լուր է ստանում, թե իշխանը ավարտել է ջրանցքի կառուցումը, նա նայում է ժայռի ծայրից կախված սավանին, հեռվից նմանացնելով դա ջրանցքով եկած ջրին։ Նա հուսահատվում է և բարձր վայրից նետվում անդունդը։ Այդ օրվանից վանքը կոչվում է Գնդեվանք, այն բանի համար, որ Սոփիան վաճառեց իր ականջի գնդերը և դրանց դիմաց ստացված գումարով կառուցեց վանքը։
Երթուղի դեպի վանական համալիրը
Դեպի Գնդեվանք կարող եք փոքրիկ քայլարշավ կատարել Գնդեվազ գյուղից գեղեցիկ արահետով։ Արահետի երկարությունը դեպի վանք կազմում է 1 կմ։ Մեկ ուրիշ հրաշալի տարբերակ է Գնդեվանքից շարունակել արշավը Արփայի կիրճով դեպի Կեչուտի ջրամբար։ Այդ դեպքում Ձեր անցած ուղղին կկազմի մոտ 10 կմ։