Главная страница » ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՃԻՇՏ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՇԱՎԱՅԻՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ
Ձմեռային արշավները և վերելքները չափազանց պատասխանատու մոտեցում են պահանջում։ Եթե ամռանը սխալ ընտրված արշավային համազգեստը կարող է ձեզ մոտ անհարմարավետություն առաջացնել և փչացնել ձեր տրամադրությունը, ապա, ձմռանը՝ դրանից ուղղակիորեն կախված է ձեր կյանքը և առողջությունը։ Ճիշտ ընտրված ձմեռային արշավային համազգեստը լավ արշավի և առողջ օրգանիզմի գրավականն է։
Այս հոդվածում կմանրամասնենք, թե ինչպես ընտրել ճիշտ ձմեռային արշավային համազգեստ։
Ցանկացած արշավի ժամանակ արշավականն առաջին հերթին պետք է իր հետ ունենա ուսապարկ։ Սակայն առօրյա օգտագործման ձեր ուսապարկերը չունեն կրելու այն հարմարավետությունը, որն ունեն արշավային ուսապարկերը։ Արշավային ուսապարկերն ունենում են տարբեր տարողունակություն։ Մեկօրյա արշավների համար բավական են 20-30լ տարողություն ունեցողները, իսկ գիշերակացով և բազմօրյա արշավների ժամանակ անհրաժեշտ է ունենալ 60-70լ տարողությամբ ուսաապարկ։ Արշավական ուսապարկերը ունենում են ջրակայուն մակերևույթ, ինչի շնորհիվ ներսի պարունակությունը անձրևից և ձնից չի թրջվում։ Իր հատուկ մշակված մեխանիզմի շնորհիվ՝ ուսապարկի ողջ ծանրությունն ընկնում է գոտկատեղի մկանների վրա, որոնք ավելի ուժեղ են քան ուսերի մկանները։
Արշավական համազգեստի անբաժանելի և շատ կարևոր մաս է կազմում թերմոհագուստը։ Վերջինս արշավական համազգեստի առաջին, ներքին շերտն է։ Այն իրենից ներկայացնում է երկար թևերով բլուզ և տաբատ։ Թերմոհագուստի կարման ժամանակ հումք են ծառայում սինթետիկ մանրաթելերը, ինչպիսիք են՝ պոլիեստերը, միկրոֆիբրան, լայկրան, որոնք խոնավությունը հեռացնող և ջերմությունը պահմանող ֆունկցիա են իրականացնում։ Գիշերակացների ժամանակ նույնիսկ կարելի է քնել թերմոհագուստով։
Ձմեռային արշավային համազգեստի բաղկացուցիչ տարրերից մեկն է արշավային կոշիկը։ Այն կոշիկները, որոնք դուք կրում եք առօրյայում, կարող են շատ հարմարավետ լինել քաղաքում զբոսնելու համար, բայց դրանք ոչ միշտ են հանդիսանում լավ տարբերակ երկար արշավների համար։ Հիշեք, որ հաստ և ամուր տակացուն լավագույն արշավային կոշիկի գրավականն է։ Ձեր ընտրած արշավական կոշիկը պետք է մեկ չափս մեծ լինի ձեր առօրյա կրման կոշիկներից, որպեսզի, հաստ գուլպաներ կրելիս, ոտքը չսեղմվի։ Կոշիկը պետք է ունենա ջրակայուն մակերևույթ՝ ոտքը թրջվելուց պաշտպանելու համար։
Դե, իսկ այսօր շուկան հարուստ է արշավային համազգեստի բազմազանությամբ, գույների և դիզայնի հարցում ունեք լայն ընտրություն։
Ճիշտ արշավային տաբատի ընտրությունն էլ բավական կարևոր է։ Ձմեռային արշավային տաբատ ընտրելիս անպայման ուշադրություն դարձրեք ջրակայուն և քամուց պաշտպանիչ հատկությունների առկայությանը։ Ձմեռային արշավների ժամանակ ցանկալի է համադրել թերմո տաբատը և ամուր ջրակայուն տաբատը։ Ձմեռային արշավային տաբատները ներսից ունենում են նաև տաքացնող շերտ։ Շատ հաճախ ,որպես ջերմամեկուսիչ շերտ, օգտագործվում են նաև ֆլիսե տաբատները։
Ֆլիսե բլուզը ևս ձմեռային արշավային համազգեստի անփոխարինելի տարր է ցանկացած արշավականի համար։ Այն իրենից ներկայացնում է թեթև և ջերմությունը լավ պահպանող սինթետիկ գործվածք։ Ֆլիսե բլուզներն ակտիվ օգտագործվում են լեռնագնացների կողմից։ Հատկապես Հիմնականում ֆլիսը կրում են թերմոհագուստի վրայից՝ որպես երկրորդ շերտ։
Ձմեռային գլխարկները կարող են լինել բրդյա կամ ֆլիսե, բայց ցանկացած պարագայում պետք է լինեն շատ տաք։ Գլուխը սառեցնելու դեպքում հաճախ սկսվում են անցանկալի գլխացավեր, որոնք կարող են փչացնել ձեր տպավորությունները արշավից։
Դե էլ ի՞նչ ձմեռ և, իհարկե, ի՞նչ ձմեռային արշավային համազգեստ առանց ձեռնոցի։ Ձեռքերը նույնպես պետք է տաք պահել։ Մատների ցրտահարությունը կարող է վատ հետևանքների հանգեցնել, բարձր լեռների վերելքներ ժամանակ՝ նույնիսկ անդառնալի։ Ֆլիսե ձեռնոցները տաքացնում են ձեռքերը և պահպանում են ջերմությունը։ Իսկ ինչպե՞ս ձեռքերը պաշտպանել քամուց․ Այստեղ օգնության են հասնում քամուց պաշտպանիչ շերտով ձեռնոցները, որոնք հագնում են ֆլիսե ձեռնոցի վրայից։
Մարդու իրանը մարմնի ամենաքրտնարտադրող մասն է, իսկ ցուրտ եղանակին իրանը սառեցնելը բավական վտանգավոր է։ Ուստի, ճիշտ ձմեռային արշավային համազգեստի հաջորդ, ոչ պակաս կարևոր տարրը ճիշտ ընտրված բաճկոնն է։ Այն պետք է լինի թեթև, բայց միևնույն ժամանակ ջրադիմացկուն և քամուց պաշտպանող շերտով։ Ձմեռային արշավային բաճկոններն ունենում են նաև ջերմությունը պահող ներքին շերտ։
Ձմեռային լեռնային վերելքների և արշավների ժամանակ պետք է հետևողական մոտեցում ցուցաբերել տեսողական առողջությանը։ Աչքերը պետք է պաշտպանված լինեն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ձմեռային արշավային համազգեստի անփոխարինելի մաս է նաև արևային ակնոցը, քանի որ արևի ճառագայթները, ձնից անդրադառնալով, կարող են նույնիսկ տեսողության ժամանակավոր կորստի պատճառ դառնալ։ Բացի արևապաշտման ակնոցներից, շուկայում կան նաև քամուց պաշտպանող դիմակ-ակնոցներ, որոնք դեմքի վրա զբաղեցնում են ավելի մեծ տարածք՝ այտոսկրերից վեր, բոլոր կողմերից դեմքը քամուց ու փոշուց պաշտպանող։
Բաֆֆը իրենից ներկայացնում է բազմաֆունկցիոնալ շարֆ։ Այն իր վրա չունի կար, լինում է ինչպես բարակ (սինթետիկ) կտորից, այնպես էլ հաստ (հաճախ ֆլիսե)։ Բաֆֆը օգնում է դեմքն ու վիզը պաշտպանել քամուց և ունի օգտագործման տաբեր եղանակներ։ Օրինակ՝ գլխարկ, շարֆ, կամ այս երկու տարբերակների համատեղություը և շատ այլ տարբերակներ։
Ձմեռային արշավային համազգեստի կարևոր տարրերից են նաև զանգապանները։ Նրանց կարևորությունը կայանում է իրենց ունեցած գործառույթների մեջ։ Նախ ի՞նչ է զանգապանը։ Այն ծածկում է ոտքերը՝ կոճերից մինչև ծնկները և ամրանում է կոշիկներին։ Պատրաստվում է ջրակայուն կտորից։ Ձմռանը զանգապանները պաշտպանում են ոտքերը ձնից թրջվելուց։
Արշավային ձեռնափայտերը անփոխարինելի “գործիքներ” են երկար արշավների ժամանակ, առավելապես ձմեռային արշավների ընթացքում։ Դրանց օգնությամբ դուք հեշտությամբ կթեթևացնեք արշավի ընթացքում ձեր քայլքը, հավելյալ հենման կետ ունենալով։ Արշավական փայտերը լինում են կարբոնից կամ դյուրալյումինի համաձուլվածքներից պատրաստված։ Կարբոնից պատրաստված փայտերը, համեմատ ալյումինի, ավելի թեթև են և հարմար։
Եթե սիրում եք մի պահ նստել և վայելել բնությունը, ապա ավելացրեք Ձեր ցուցակում նաև նստատեղը։ Այն օգտագործվում է ոչ միայն ձմեռային արշավների ժամանակ, այլ ողջ տարվա ընթացքում։ Հինականում պատրաստված են լինում պոլիուրիտանային փրփուրից։ Թույլ է տալիս նստել ցանկացած վայրում, լինի դա թե՜ քարքարոտ տեղանք, թե՜ հող, թե՜ ձյուն։ Ձմռանն այն առավել կարևոր է, որպեսզի սառը և խոնավ վայրերում արշավականը հնարավորություն ունենա նստել՝ առանց առողջության համար հնարավոր վատ հետևանքների։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]