Главная страница » ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ․ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
Շատերի համար ծովի մակարդակից 5000մ բարձրության վրա հայտնվելը թվում է չափազանց անիրական և անհասանելի։ Կան շատ ու շատ 5000մ-ից բարձր լեռներ, որոնք կարող է բարձրանալ յուրաքանչյուր ֆիզիկապես առողջ մարդ՝ նույնիսկ առանց հատուկ ալպինիստական պատրաստվածության։
Թեթև 4000մ+ լեռնային վերելքները, ինչպիսիք են, օրինակ, Արագածը, Արարատը, Մոնբլանը և այլն, թույլ են տալիս փորձել օրգանիզմի դիմադրողականությունը՝ մեծ բարձրությունների վրա։ Իսկ «իրական» ալպինիստական երթուղիներով լեռնային վերելքները պահանջում են հատուկ ալպինիստական պատրաստվածություն և փորձ։ Այս դեպքում այնքան կարևոր չէ լեռան բարձրությունը, որքան ալպինիստական երթուղու տեխնիկական բարդությունը։ Որպես օրինակ, կարող ենք համեմատել Կովկասյան տարածաշրջանի 5000մ+ լեռներից Կազբեկը (5054մ) և Արարատը (5165մ)․ Արարատը գերազանցում է Կազբեկին բարձրությամբ, մինչդեռ, Կազբեկը գերազանցում է Արարատին տեխնիկական բարդությամբ։ Կազբեկ լեռը հարուստ է սառցադաշտերով, որոնք, տարվա ընթաքում՝ կախված եղանակային փոփոխություններից, տեղաշարժվում կամ ձևափոխվում են՝ սառցադաշտի վրա առաջացնելով տարբեր լայնության և խորության ճաքեր։ Հենց այս սառցադաշտերն են, որ այդքան բարդացնում են Կազբեկ լեռան վերելքը։
Ինչպես արդեն նշեցինք, Արարատ լեռան վերելքը համարվում է թեթև, ոչ բարդ ալպինիստական լեռնային վերելք։ Բայց, եկեք չշտապենք անել հետևություններ, քանի որ նույն թեթև լեռնային վերելքը կարող է փոխվել բարդ ալպինիստական լեռնային վերելքի՝ ձմռանը կամ վատ եղանակային պայմանների ազդեցությամբ։ Պետք է նաև հաշվի առնել այն, որ թեթև ասվածը, այս դեպքում, վերաբերում է բարձր լեռնային վերելքների շրջանում «թեթև» հասկացությանը։ Ուստի պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել բարձր լեռնային յուրաքանչյուր վերելքի և ունենալ տվյալ վերելքի համար բավարար փորձ։
Ճիշտ և գրագետ մոտեցում ցուցաբերելով՝ հարկ ենք համարում շեշտել, որ Արարատ լեռան վերելքի համար խիստ ցանկալի է արշավական փորձը։ Ֆիզիկապես առողջ և պինդ կամքի ուժ ունեցող մարդը՝ փորձառու լեռնային գիդի ուղեկցությամբ, կարող է հասնել Արարատ լեռան գագաթ։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե որն է Ձեր նպատակը․ պարզապես հասնել Արարատի գագաթ և դրոշ բարձրացնել, թե՞ ունենալ բավարար փորձ և «հպարտանալ» Արարատ լեռան գագաթին կագնելու համար անցած Ձեր ճանապարհով։
Արարատ լեռան վերելքին գրագետ պատրաստվելու համար ցանկալի է սկսել դա անել վերելքից առնվազն մի քանի ամիս շուտ։ Քայլարշավներ, ավելի ցածր և հեշտ լեռնային վերելքներ, վրանային արշավներ, սպորտդահլիճ, լող, վազք և այլն։ Օրգանիզմը պետք է հակված լինի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հաղթահարել անհրաժեշտ յուրաքանչյուր պահի և պատրաստ լինի փորձությունների։ Պետք է մասնակցել շաբաթական առնվազն 1 արշավի, որոնցից գերակշռողը, ցանկալի է, որ լինեն հենց լեռնային վերելքները։
Արարատ լեռան վերելքի նախապատրաստական շրջանում շատ կարևոր է նաև առողջ սննդակարգը։ Հիշե՛ք, որ օրգանիզմը ինչով սնուցեք, դա էլ լինելու է նրա առողջության կարևորագույն գրավականներից մեկը։ Սնվեք առողջ, օգտագործեք մեծ քանակությամբ սպիտակուցներ, մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն։ Հանեք սննդակարգից գազավորված ըմպելիքները, յուղով ուտելիքները։ Հրաժարվեք վնասակար սովորություններից։ Ապահովեք Ձեր մարմնի և օրգանիզմի ներքին և արտաքին առողջ ներդաշնակությունը։
Հաջող լեռայի վերելքի գրավականը օրգանիզմի ճիշտ կլիմայավարժեցումն է։ Բարձր լեռնային տեղանքում լեռնային հիվանդությունը (հիպոքսիա) հաճախ հանդիպող երևույթ է, որը, այլ կերպ ասած, թթվածնաքաղցն է։ Վերջինս արտահայտվում է գլխացավերով, սրտխառնոցով, գլխապտույտներով, վատագույն դեպքում ընդհուպ թոքերի, գլխուղեղի այտուց և մահ։ Դժբախտ պատահարներից խուսափելու համար պարտադիր պետք է անցնել կլիմայավարժեցման որոշակի փուլ։
Կլիմայավարժեցումը օրգանիզմի ընտելացումն է նոր, անծանոթ շրջակա միջավայրին և իրավիճակներին։ Կախված բարձրությունից՝ նոսրանում է ոչ միայն օդում առկա թթվածինը, այլ նաև ինտենսիվանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը։ Օրգանիզմը խիստ կարիք ունի կոփվել և պատրաստվել այս բոլոր կողմնակի ազդեցություններին։
Նախքան Արարատ լեռան վերելքը մեր կազմակերպությունն իրականացնում է կլիմայավարժեցում Արագած լեռան ամենաբարձր՝ հյուսիսային գագաթի վերելքով (4090մ)։ Մասնակիցները բարձրանում են մինչև 4090մ և, որպես կանոն, իրենք ևս հասկանում են, թե որքանով են պատրաստ 5000մ+ լեռնային վերելքի։ Ոմանք շատ հեշտ են ադապտացվում, ոմանք՝ դժվար, ադապտացումն անմիջականորեն կապված է օրանիզմի անհատական ունակություններից։
Գույքի և հանդերձանքի ճիշտ ընտրությունը խիստ կարևոր է, հատկապես բարձր լեռնային վերելքների համար։ Բարձրադիր գոտում եղանակն անկանխատեսելիորեն փոխում է իր տրամադրությունը․ շոգից՝ ցուրտ, արևից՝ անձրև, անձրևից՝ ձյուն և նորից արև։ Ուստի, լեռան վրա պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր եղանակային պայմանների։
Հաշվի առնելով մեր բազմամյա փորձը լեռնագնացության ոլորտում՝ ստորև կներկայացնենք Արարատ լեռան վերելքի համար անհրաժեշտ գույքի և հանդերձանքի ցուցակը, որը, վստահորեն շատ օգտակար կլինի նրանց համար, ովքեր որոշել են հասնել շատերիս համար այդքան նվիրական գագաթին։
⇒ պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
⇒ տերմո հագուստ
⇒ 2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
⇒ ֆլիսե բլուզ
⇒ քայլարշավային ձեռնափայտեր
⇒ ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
⇒ դեղատուփ
⇒ արևապաշտպան քսուք
⇒ թերմոս
⇒ լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
⇒ տաք փոխնորդ հագուստ
⇒ կատվիկներ
⇒ քնապարկ (-2 -5C)
⇒ վրան
⇒ անձրևապաշտպան բաճկոն
⇒ զանգապաններ (gaters)
⇒ ձմեռային և ամառային գլխարկ
⇒ լեռնային արևային ակնոց
⇒ գլխի լապտեր
⇒ հիգիենայի պարագաներ
Արարատ լեռն վերելքը սկսվում է Բայազետ քաղաքից։ Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Արարատ լեռան լանջեր՝ մինչև 2200մ բարձրություն։ Այստեղից սկսվում են դեպի գագաթ տանող «իրական» և հաստատուն քայլերը։
Օր 1․
Արշավը սկսվում է 2200մ բարձրությունից։ Այստեղ կարող եք վերցնել Ձեր փոքր ուսապարկերը(25-30լ), ջուր և Ձեր լանչն ու սկսել քայլել։ Ծանր ուսապարկերը տեղափոխվում են ձիերով։ Քայլում ենք մինչև 3200մ բարձրության վրա գտնվող առաջին բազային ճամբար։
Արշավի երկարությունը մոտ 7-8կմ է, տևողությունը՝ 4-5ժ։
Այստեղ հանգստանում ենք, հաճելի և հիշարժան ճամբարային երեկո անցկացնում և գիշերում առաջին ճամբարում։
Օր 2․
Երկրորդ օրը սկսվում է վաղ առավոտյան։ Նախաճաշից հետո սկսում ենք քայլել դեպի 4200մ բարձրության վրա գտնվող 2-րդ ճամբար։ Երթուղու երկարությունը 6-7կմ է։ Կլիմայավարժեցվում ենք նոր բարձրության վրա։ Կլիմայավարժեցման ընքացքում անհրաժեշտության դեպքում կարեղ եք հետ իջնել դեպի առաջին ճամբար, գիշերել այնտեղ և հաջորդ օրն առավոտյան բարձրանալ նորից 2-րդ ճամբար։ Հետևեք Ձեր ուղեկցորդի խորհրդին և Ձեր օրգանիզմի ազդակներին՝ կլիմայավարժեցման ժամանակ։
Գիշերակացը՝ 4200մ բարձրության վրա գտնվող ճամբարում։
Օր 3․
Որոշիչ և բաղձալի օրն սկսվում է գիշերը (2։00-ին)՝ դեպի Արարատ լեռան ձյունաճերմակ գագաթ։ Մինչև վերելքը դեպի գագաք ևս մեկ անգամ ստուգեք անհրաժեշտ գույքի և հանդերձանքի առկայությունը՝ Ձեր ուսապարկում և Ձեր հագին։ Հետևեք Ձեր ուղեկցորդի բոլոր հորդորներին և հրահանգներին՝ բարեհաջող «5165»-ի համար։
Կսկսեք քայլել դանդաղ և հաստատուն տեմպով։ Դեպի գագաթ երթուղու տևողությունը սովորաբար 5-7 ժամ է։ Կհասնեք գագաթ, կստանաք հուզմունքի, ուրախության, հպարտության, սիրո և էյֆորիկ զգացողությունների Ձեր մեծ չափաբաժինը, կլուսանկարվեք և կսկսեք իջնել հետ՝ դեպի 4200մ-ի վրա գտնվող 2-րդ ճամբար։ Հանգստից և լանչից հետո կսկսեք քայլել դեպի 3200մ-ի վրա գտնվող առաջին ճամբար։
Գիշերակացը կլինի առաջին ճամբարում։
Օր 4․
Առավոտյան նախաճաշից հետո կսկսեք քայլել դեպի 2200մ բարձրություն, որտեղից որ արել էիք Ձեր առաջին քայլերն Արարատ լեռան վրա։
Կտեղափոխվեք Բայազետ քաղաք և հենց այստեղ էլ կավարտվի բուն Արարատ լեռան վերելքը։
Մաղթում ենք բրեհաջող վերելքներ, անմոռանալի զգացողություններ և աչալրջություն՝ յուրաքանչյուր իրավիճակում, որոնք կհանդիպեն Ջեզ՝ բարձր լեռնային վերելքների ժամանակ։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։