Главная страница » Արցախի Տնջրի ծառը
Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում՝ Ստեփանակերտից 37 կմ հեռավորության վրա է գտնվում Արցախ աշխարհի հրաշալիքներից մեկը՝ հսկա Տնջրի ծառը: Տնջրի ծառը համարվում է ԱՊՀ տարածքում ամենահինն ու ամենաբարձրը, որը մոտ 2040 տարեկան է: Դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակ ծառին շնորհվել է անձնագիր, որպես ՍՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառ:
Ըստ առասպելի ծառը տնկել է Տիգրան Մեծը։ Նույն ծառից եղել է 15 ճյուղ ևս՝ նաhանգերի թվով, բայց բոլորը չորացել են, միայն Արցախինն է ապրել և մեծացել։
Չինարու չափերը պարզապես ապշեցնում են: Ծառն ունի 44 քառակուսի մետր մակերես, որտեղ կարող են տեղավորվել ավելի քան հարյուր մարդ:
Հսկա ծառի շրջագիծը հիմքում կազմում է 27 մետր: Տնջրիի բարձրությունը 54 մետրից ավելի է, համեմատության համար նշենք, որ դա մոտավորապես 18 հարկանի շենքի բարձրության է: Չինարու սաղարթի ստվերի մակերեսը կազմում է ավելի քան 1400 քառակուսի մետր:
Հսկան իր արտասովոր մեծ չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին:
Դարեր շարունակ արցախցիները ծառը սրբացրել են ու այն դարձել է ուղտատեղի: Ծառի փչակում մարդիկ գրություններ են կատարում։ Թեև մոմ վառելն արգելված է, սակայն այցելուները մոմ վառում են հենց ծառի փչակում, ինչը վտանգում է ծառի գոյությունը: Գուցե հաջորդ ավանդությունը հենց այս մարդկանց մասի՞ն է: Համարվում է, որ եթե մարդը փչացնի սուրբ ծառը, ապա նրան կմնա ապրելու ընդամերը յոթ օր:
Ժամանակին Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը նույնիսկ թոշակ է նշանակել ծառի համար: Տարեկան 300 ռուբլու դիմաց մոտակա Սխտորաշեն գյուղի բնակիչները խնամում էին դարավոր ծառը, որը ապրել է արքաների, իշխանների, մելիքների, մարզկոմների օրոք ու բարեհաջող շարունակում է կանաչել ու աճել Արցախի նոր ղեկավարության օրոք:
Այս ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երևելի մարդիկ, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին և շատ ուրիշներ:
Ծառի տակից բխում է մի հորդառատ և սառնորակ աղբյուր: Աղբյուրը դարեր շարունակ հագեցրել է շինականների ծարավը, սնել հսկա չինարին: Ըստ պահպանված վիմագիր արձանագրության, աղբյուրը կառուցել են սխտորաշենցի Հովհաննես Կիսիբեկյանը, Ներսես Մուսայելյանը և Մանաս Գասպարյանը:
Տնջրու աղբյուրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվում է հին Սխտորաշեն գյուղատեղին: Պահպանվել են միանավ եկեղեցին, գերեզմանատունը և այլ կառուցվածքների հետքեր: Եկեղեցին կառուցվել է 16-րդ դարում, իսկ գերեզմանատան տապանագրերից մի քանիսն ունեն ավելի վաղ շրջանի թվագրություններ: Նոր Սխտորաշենը գտնվում է նույն լեռնալանջի բարձունքում:
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]