ԱԶՈԽԻ ՔԱՐԱՆՁԱՎԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Ազոխի քարանձավ

Արցախի Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ գյուղերի միջև է գտնվում խորհրդավոր Ազոխի քարանձավը, որը նաև անվանում են Որվան, Որվանի անձավ: Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված է բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և կենդանիները գաղթել են Աֆրիկայից դեպի Եվրոպա և Ասիա։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որով կուսումնասիրվեն նախնադարի մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։ Այժմ գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։

azokhi-qarandzav

Պատմական ակնարկ

Թաթար-մոնղոլական արշավանքի տարիներին Ամարասի տերերը Ազոխի քարանձավում են պահվել Արցախ նահանգի նյութական մշակույթի թանկագին գանձերը: Իսկ Մակար Եպիս. Բարխուտարեանցը, ով հիշատակում է քարանձավի մասին 19-րդ դարի վերջին, նշում է, որ այստեղ տեսել է քարից կոփված կնոջ արձան:
Րաֆֆին Ղարաբաղի մելիքների պատմությանը նվիրված իր նշանավոր «Խամսայի մելիքություններ» գրքում գրել է. «Այդ իշխանությունների ժողուրդը ապրում էր լեռների մեջ, քարանձավների խորքում, կերակրվում էր իր անտառների պտուղներով, իր անասունների բարիքներով և որպես դարանամուտ մի գազան իր թաքստոցի միջից հարձակումներ էր գործում, երբ թշնամին հանդգնում էր վրդովել նրա խաղաղությունը»:
Խորհրդավոր քարանձավը շարունակում էր հարյուրամյակներ շարունակ մնալ որպես առեղծված: ԵՎ միայն անցած դարի վաթսունական թվականներից սկսած հնագետ գիտնականները ձեռնամուխ եղան այս քարանձավի ուսումնասիրությանը:

azokhi-qarandzav

Ազոխի քարանձավի վաղեմությունը

Ազոխի կրաքարե քարանձավը ունի շուրջ 8000 քմ տարածություն: Քարանձավն ունի բազմաթիվ մուտքեր և ելքեր, ունի վեց դահլիճներ, որոնք նման են լաբիրինթոսների: Դահլիճներից ամենամեծը ունի շուրջ 3000 քմ տարածություն: Այս դահլիճներում պեղումների ընթացքում հայտնաբերել են երեք հարյուր հազար տարվա վաղեմություն ունեցող քարե գործիքներ, բուսական և կենադանական աշխարհի բրածո մնացորդներ, նախամարդու արվեստի հետքեր, ինչպես նաև արտադրական թափոններ:
Քարայրում հայտնաբերված կենդանիների մնացորդները թույլ են տալիս եզրակացնել, որ քարայրի առաջին «բնակիչները» եղել են շատ բազմազան: Այստեղ հայտնաբերվել են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնց ցեղատեսակներն այժմ գոյություն չունեն: Քարանձավում հայտնաբերվել են 43 տարբեր տեսակի կենդանիների ավելի քան 20 հազար ոսկորներ, ինչպես նաև ավելի քան 6000 քարե գործիքներ և այլ իրեր: Քարանձավում հայտնաբերվել է նաև նախամարդու ծնոտի մի խոշոր բեկոր և միջնադարյան քարակերտ շինության մնացորդներ:

azokhi-qarandzav

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Կարդացե՛ք նաև

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ info@armland.am