Главная страница » ԱՐՑԱԽ, ԹԵ՞ ՂԱՐԱԲԱՂ
Յուրաքանչյուր անվան մեկնաբանություն, եթե նույնիսկ այն կողմնակալ է, կարևոր է իր գոյությամբ, որովհետև ավելի դյուրին է դարձնում իրական պատմության ու ճշմարտության վերհանումը:
Արցախը տարբեր անուններով է կոչվել իր պատմաքաղաքական կյանքի տարբեր շրջաններում՝ Ադախ, Արցախ, Խաչեն, Արևելք, Արևելից կողմանք, Աղուանից կողմանք, Աղուանք՝ X-XII դդ., Առան էր կոչվել նույն շրջանում և XIII-XIV դդ., ապա Ղարաբաղ՝ սկսած XIV դարավերջից :
Արցախ տեղանվան այլ ձևերն էին՝ Արձախ, Արդախ և այլն: Հնչյունական կառուցվածքի տեսանկյունից սրանք կարող են գալ ար-դի-ախ նախաձևից, որի բուն իմաստը <<ջրառատն>> է՝ ար-<<ջուր>>, -դի-<<շատ>>, -ախ-<<ջուր>>: Հնուց ի վեր Արցախը հայտնի է իր հանքային և սառնորակ աղբյուրներով: Արցախի տեղանքը խիստ կտրված է բազմաթիվ գետերով, մեծամասամբ Կուրի վտակներով: Արցախի հիմնական հատկանիշներից մեկը ջրառատությունն է, որը համընկնում է Արցախ անվան <<առատաջուր>> իմաստին:
Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից տանընդոստած Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազուններ»։
Համոզված ենք, որ ձեզանից շատերը լսած կլինեն Ղարաբախ անվան ստուգաբանության մասին: Շատերը այն թարգմանում են որպես սև այգի: Ղարա բառը թյուրքական լեզուներում իսկապես օգտագործվում է սև իմաստով, բայց այն նաև ունի մի քանի այլ իմաստներ, որոնք են՝ մեծ, խիտ, մուգ: Իսկ <<բաղ>> արմատը թարգմանվում է որպես այգի:
Արցախի հակամարտության կարգավորմանն ուղղված բազմաթիվ նյութերում և ելույթներում հաճախ հանդիպում են սխալ ձևակերպված եզրույթներ: Եթե Ադրբեջանի կողմից այդպիսի տերմինների օգտագործումը հստակ մշակված քաղաքականության արդյունքն է, ապա հայերիս մոտ դա անտեղյակության արդյունքն է: Ամենից հաճախ թույլատրվող սխալներից մեկը «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի կիրառումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Արցախի փոխարեն: Լեռնային Ղարաբաղը որպես այդպիսին պատմական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ընկած է Դաշտային Ղարաբաղի և Զանգեզուրի միջև և զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավ-արևելյան լեռնաշղթան։
Կրճատ Լեռնային Ղարաբաղ էր կոչվում նաև նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ԽՍՀ) Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը ձևավորվել է 1923 թվականին: Այն ուներ մոտ տ 4.400 կմ² տարածք և այն մասամբ է մտնում ներկայիս ԼՂՀ կազմի մեջ: Ներկայիս ԼՂՀ-ն ամբողջությամբ չի ներառում Լեռնային Ղարաբաղը, և ամենակարևորը տվյալ տերմինն օգտագործելով մենք դուրս ենք թողում ազատագրված 7 շրջանները: Ադրբեջանը ԼՂ եզրույթի կիրառումով մի կողմից 7 շրջանները համարում է առանձին գրավյալ տարածքներ, մյուս կողմից դա համապատասխանում է ադրբեջանական կողմից առաջ քաշվող այն թեզին, թե Ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը (ԼՂԻՄ նմանությամբ) ինքնավարության ստեղծումն է Ադրբեջանի կազմում: Այս դեպքում առնվազն անտրամաբանական և անթույլատրելի է մեր կողմից նման բառակազմի օգտագործումը:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]