ԴԻԶԱՓԱՅՏ ԼԵՌ

Դիզափայտ լեռ

Արցախի գանձերը

Արցախի հանրապետության Հադրութի շրջանում է գտնվում Դիզափայտ լեռը: Ծովի մակարդակից ունեցած բարձրությունը կազմում է 2478 մետր:  Լեռնագագաթից երևում են Արցախի (Մուղանքի) դաշտավայրը, Իրանի սահմանը՝ Արաքսի հովիտը , Զանգեզուրի լեռնաշխարհը, Մռովի կատարները, իսկ ավելի մոտիկից՝ հյուսիսային կողմում, Հարոս լեռնաշղթան է: Սյունյաց աշխարհի դիմաց Մեծ քար սարն է, որի ստորոտում են գտնվում Քարինգ, Սպիտակ Շեն, Փարաջանց գյուղերը: Դրանցից հարավ՝ Զինգյանակապ գետի ձախ ափին, խոյացել է հսկա Ամու կոչվող տեղամասը, որի կողերին փռված են Արևշատ, Ամուտակ (Թեզխարաբ), Պետրոսաշեն բնակավայրերը: Բարձունքից երևում են նաև Տումի, Մոխրենես, Հին Թաղեր, Խանձաձոր, Ծամձոր, Քարագլուխ, Սարին Շեն, Բանաձոր, Առաքել, Ցոր, Սարալանջ, Ջրաբերդ, Կարմրաքար գյուղերը: Լեռան հենց կատարին է գտնվում Կատարո վանքը

dizapayt-ler
Դիզափայտ լեռ
Անվան ստուգաբանությունը

Ինչու՞ Դիզափայտ

Լեռն ունի նաև այլ անվանում՝ Զիարաթ: Երկու անվանումներն էլ իրենց հետաքրքիր բացատրությունն ունեն։ Առաջինը մեկնաբանվում է հետևյալ կերպ․ 335 թվականին մազքուտների թագավոր Սանեսանը պարսից արքայի հրահրումով հավաքում  է իր Աղվանք երկրի կիսավայրենի ցեղերին, անցնում Կուր գետը և հարձակվում հայերի վրա: Նա հարձակվում է Կատարո վանքում ապաշխարող նորահավատ իր երեք տղաների և 3870 ճգնավորների վրա, կոտորում նրանց, ապա դիակները դիզում լեռան կատարին և այրում: Այդ օրվանից լեռը կոչվում է Դիզափայտ:

Զիարաթն էլ արաբերենից թարգմանաբար նշանակում է սրբատեղի։ Լեռն այդպես են անվանել Հայաստան ներխուժած արաբները։

Մեկ այլ ավանդության համաձայն, որը գրված է Հայսմավուրքում (հայ եկեղեցու ծիսական գրքերից է), հոների առաջավոր ջոկատները զավթում են Արցախը, գերի են վերցնում Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից շատերին, որոնց մեջ էր նաև Թագուհի անունով անվանի մի կին: Թագուհու գեղեցկությամբ հիացած հոների առաջնորդը որոշում է բռնի ուժով կնության առնել նրան: Սակայն Թագուհին ընբոստանում է և դրա համար սպանվում: Գիշերը լեռան լանջով ցրված նրա արյան հետքերը և մարմնի բզկտված մասերը սկսում են լույս արձակել: Այս հրաշքից զարմացած՝ հոնաց զորքերի առաջնորդը դարձի է գալիս և իր երկու որդիների ու մարտիկների հետ միասին ընդունում է քրիստոնեություն: Այս մասին իմանում է հոների արքան և հրամայում է գլխատել զորավարին և նրա մյուս մարտիկներին, սակայն զորավարի երկու որդիներին՝ Մովսեսին և Երանոսին հաջողվում է փախչել: Արքայի զինվորները հետապնդում են նրանց և լեռան գագաթին սրախողխող անում: Այնուհետ Մովսեսի և Երանոսի դիերը փայտի նման այրում են ցորենի և գարու դեզերի վրա: Այստեղից էլ լեռան Դիզափայտ անվանումը:

Այս հրաշքից զարմացած՝ հոնաց զորքերի առաջնորդը դարձի է գալիս և իր երկու որդիների ու մարտիկների հետ միասին քրիստոնեություն է ընդունում։

Սա իմանում է հոների արքան եւ հրամայում գլխատել զորավարին ու նրա մարտիկներին, սակայն զորավարի երկու որդիներին՝ Մովսեսին ու Երանոսին հաջողվում է փախչել։ Արքայի զինվորները հետապնդում են նրանց եւ լեռան գագաթին սրախողխող անում։ Մովսեսի ու Երանոսի դիերը փայտի նման այրում են ցորենի ու գարու դեզերի վրա։

Կատարո վանք

Լեռնագագաթը Արցախի գլխավոր սրբավայրերից մեկն է համարվում, քանի որ գագաթին կառուցված է Կատարո վանքը: Ծովի մակերևույթից ավելի քան 2000 մետր բարձրքության վրա թառած Կատարո վանքը Արցախի տարածքում հանդիպող ամենաբարձրադիր հուշարձանն է:

Վանքը կառուցվել է 4-5-րդ դարերում: Ըստ պատմաբան Լեոյի վկայության Կատարո վանքը  եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը: Հայտնի է, որ այնուհետև թշնամիների ձեռքով հրի են մատնվել Դիզափայտի մատուռ-վկայարաններն ու Կատարո վանքը: Հին ու բարեշեն վանքի ավերակները չեն երևում: Ներկայիս եկեղեցին , որը 17-րդ դարի շինություն է, Կատարո վանքի հիմքերի վրա է կառուցված թե ոչ, դժվար է ասել, քանի որ հնի հետքերն անգամ չկան:

 Եկեղեցին ուղղանկյուն է, երկթեք ծածկով, կառուցված կիսամշակ տեղական կայծքարից: Պատերի հարթությունների միապաղաղ ֆոնը խախտվում է միայն փոքր ու նեղ լուսամուտների ճեղքերով: Արևմտյան մասում գտնվող միակ մուտքը զուրկ է հարդարանքից և կառուցված է մշակված քարից: Համեմատաբար խոր արտաքին որմնակամարը ստեղծում է լույսի ու ստվերի խաղ և դրանով միայն ընդգծում եկեղեցու մուտքը: Միակ դեկորատիվ մասը բարավորի սրբատաշ քարն է:

Դիզափայտը նշանավոր է իր լայն բացվածք ունեցող անձավներով, սառնորակ աղբյուրներով, վայրի սննդաբույսերով։ 

Լեռը մշտապես եղել է ուղտատեղի հազարավոր մարդկանց համար: Այս մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակներին: Սրբավայրի եկեղեցին ուխտատեղի էր ոչ միայն Դիզակի, այլև Հայաստանի այլ գավառների բնակչության համար։ Դա են վկայում նվիրատվական արձանագրությունները և ուխտավորների կողմից եկեղեցուն ընծայված չափերով ոչ մեծ խաչքարերը, որոնց վրա արձանագրվել են նվիրատուների անուններն ու նրանց բնակավայրերը։ 

 Ուղտավորները Դիզափայտ էին գալիս հատկապես Վարդավառի տոնին, ակնկալելով, որ իրենց իղձերը ի կատար կածվեին: Լեռան գագաթին աղբյուրի բացակայության պատճառով մարդիկ մատաղը լեռան ստորոտին էին անում:

Ժողովուրդը մի ավանդություն է հյուսել լեռան մասին, ըստ որի Աստված մարդկանց արարքներից վրդոհված, ցանկացել է բնաջնջել աշխարհը, բայց լեռը խնդրել է գթալ մարդկանց: Այդժամ Աստված ասել է, որ մարդկանց հասանելի պատիժը պիտի լեռը կրի: Երբ լեռը համաձայնվել է, կայծակի սոսկալի հարվածը հարվածել է լեռանը:

***

2020 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական 44-օրյա գործողությունների ընթացքում եկեղեցին չի տուժել, սակայն դեկտեմբերին Հադրութի շրջանի ամբողջական բռնազավթումից հետո ընկած ժամանակահատվածում  ադրբեջանական կողմի տեղադրված տեսանյութերից պարզ է դառնում, որ ոչնչացվել են  վանքին նվիրված հին և նոր խաչքարերը։ Ադրբեջանական զինուժի կողմից Դիզափայտի գագաթը վեր է ածվել ռազմական հենակետի, իսկ Կատարո վանքը ծառայեցվում է որպես զինվորների կացարան և զենքի պահեստ։

Սովորաբար այս լեռը բարձրանում էին գարնան վերջին, ամռանը և աշնան սկզբին: Տարվա մնացած ամիսներին սարը բարձրանալ հնարավոր չէ, քանի որ ճանապարհը ոլորապտույտ է, գրեթե միշտ ձյունածածկ, իսկ ընկնելու ու վնասվելու վտանգը մեծ է:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]