Главная страница » ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
ՀՀ Գեղարքունիքի մարզում է գտնվում է Սևան ազգային պարկը: Ազգային պարկը ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին: Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Սևան ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը՝ Սևանը: «Սևան ազգային պարկ»-ի տարածքի մեծ մասը զբաղեցնում է հենց Սևանա լիճը:
Սևան ազգային պարկի տարածքը բաժանվում է 4 տարածքագործառնական գոտիների՝ արգելոցներ, արգելավայրեր, ռեկրեացիոն և տնտեսական։
Սևան ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են թռչունների 267 տեսակներ: 39 թռչնատեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։ Դրանցից մեկը՝ Հայկական որորը էնդեմիկ տեսակ է։
Ազգային պարկը ստեղծվել է կարևորագույն բարձր լեռնային լճային էկոհամակարգի, ձկների (Սևանի իշխան, Սևանի բեղլու, Սևանի կողակ), բույսերի և կենդանիների էնդեմիկ տեսակների, այդ թվում էնդեմիկ հայկական որորի, չվող ջրլող թռչունների հանգստատեղերի պահպանության նպատակով:
Ազգային պարկի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով Սևանավանքը (10-րդ դ.), Հայրավանքը (12-րդ դ.), Վանեվանքը (10-րդ դ.), Նորատուսի բազմաթիվ խաչքարերը և այլն):
Կա նաև Սևան ազգային պարկին նվիրված թանգարան: Թանգարանում ցուցադրված է Սևան ազգային պարկի բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև պատմության և կենցաղի մասին պատմող բազմազան հավաքածու: Հատկապես աչքի է ընկնում թռչունների հարուստ հավաքածուն: Իսկ թանգարանի զարդն է համարվում Սևանա լճից երբևէ բռնված ամենամեծ իշխան ձուկը՝ 16 կգ քաշով և 95 սմ երկարությամբ
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի