ԱՐԵՎԻՔ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման ու ընդլայնման նպատակով Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում ընդունվեց «Արևիկ» ազգային պարկ ստեղծելու որոշումը: “Արևիկ” ազգային պարկը բացվել է 2010 թվականին: Տարածքը կազմում է շուրջ 34401.8 հա: Այն զբաղեցնում է Մեղրու լեռնաշղթայի հարավային լեռնաբազուկներն ու Մեղրի, Նյուվադի, Շվանիձոր և մի քանի այլ սակավաջուր գետակների հովիտները:
Ազգային պարկի գլխավոր նպատակը Մեղրու և Զանգեզուրի լեռնաշղթաների լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, էնդեմ, հազվագյուտ և վտանգված տեսակների պաշպանությունն է:
Ազգային պարկում առկա են բնական գոտիների և լանդշաֆտների գրեթե բոլոր տեսակները: Արևիկ ազգային պարկը ունի շատ հարուստ կենսաբազմազանություն: Այստեղ կան հազվագյուտ և անհետացող այնպիսի կենդանական տեսակներ, ինչպիսիք են Առաջավորասիական հովազը, Բեզոարյան այծը, Հայկական մուֆլոնը, Միջերկրածովային կրիան, Հայկական իժը, Կովկասյան ջրասամույրը, Կասպիական հնդկահավը, Կովկասյան մայրեհավը և այլն։ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակներից հայտնաբերվել են տեսակներ, որոնք աճում են միայն Մեղրու շրջանում:
Պարկի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Կարդացեք նաև
Հայաստանի ջրվեժները