HY
+374 44 880058
HY
+374 44 880058

Գտչավանք վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ: Տողասարի կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջի գոգավորությունում, թավուտ անտառների մեջ, դեռ շատ հեռվից երևում է նշանավոր Գտչավանքի գմբեթը:

Պատմական ակնարկ

Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գտչավանքը դեռևս վաղնջական ժամանակներից եղել է քաղաքական և հոգևոր կենտրոն, հիշատակվում է նաև որպես եպիսկոպոսանիստ: Վանքը սկզբում գտնվել է Առանշահիկների իշխանության ներքո, ապա 8-րդ դարից ի վեր անցել է նրա Դիզակի ճյուղի հովանավորության ներքո:
Տեղի միջնադարյան պատմության մասին արժեքավոր տվյալներ են հաղորդում վանքի շենքերի վրա փորագրված վիմափոր արձանագրությունները, որոնք պատկանում են 13-17-րդ դարերին:
Ներկայիս վանքի տեղում եղել է հնագույն ժամանակներում կառուցված վանք, որն ավերվել է արաբական տիրապետության ժամանակաշրջանում: Այս փաստը հաստատում են նաև տեղում պահպանված իրեղեն նյութերը: Հին շենքերի հիմքերի վրա կառուցել են Գտչավանքի գլխավոր եկեղեցին: 

gtchavank
Գտչավանք

Այն կառուցել են Ամարասից այստեղ տեղափոխված երկու եպիսկոպոսներ՝ Տեր Սարգիս և Տեր Վրդանես եղբայրները: Այս մասին մատնանշում է ներկայիս եկեղեցու հյուսիսային պատի վրայի ընդարձակ արձանագրությունը: Նույն արձանագրությունը պատմում է նաև ժամանկի սոսկալի իրադարձությունների մասին, որի ժամանակ կործանվում է Ամարասը: Եվ վերոհիշյալ երկու եպիսկոպոսները այստեղ հավաքում են Ամարասի միաբանության մնացորդները:
Գրչավանքի հուշարձանն իր արվեստով, բարձր ճարտարպետական առանձնահատկություններով հայ բազմադարյան ճարտարպետության նշանավոր կոթողներից մեկն է: 19-րդ դարում Լեոյի «Իմ հիշատակարանում» վանքի ճարտարապետությունը բնութագրվում է որպես Բագրատունյաց ոճի կնիքը կրող:
Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում հանդիսանում էր Եսայի Ապու-Մուսեի նստավայրը, իսկ 10-րդ դարում Դիզակում հիմնված նոր թագավորության թագավորանիստ կենտրոնն էր։

Գտչավանքի ճարտարապետությունը

Գրականության մեջ բացի վերոհիշյալ անուններից, կոչվել է նաև Թիլնա վանք. բաղկացած է մի գմբեթավոր եկեղեցուց և գավթից. երկու շենքերն էլ կառուցված են սրբատաշ քարերով և արվեստավոր վարպետի ձեռքով:
Համալիրի զարդն է կազմում վանքի գլխավոր եկեղեցին: Այն իրենից ներկայացնում է արտաքուստ ուղղանկյուն, իսկ ներքուստ խաչաձև հատակագծով կառույց: Եկեղեցու ճարտարապետությունը թե դրսից և թե ներսից պարզ է, ծանրաբեռնված չէ դեկորատիվ զարդաքանդակներով: Եկեղեցին ունի գավիթ: Կիսամշակ բազալտից ու կրաքարից կառուցված թաղածածկ գավիթ-ժամատունը բազմության համար հավաքատեղի լինելուց բացի, ծառայել է նաև որպես իշխանական դամբարան:
Գավթին ու գլխավոր եկեղեցուն հյուսիսային կողմից կից է միանավ, թաղածածկ, ուղղանկյուն բեմով երկրորդ եկեղեցին: Այս եկեղեցին իր հարավային մուտքով կապված է գավթի հետ: Այսօիսով վանքի երկու եկեղեցիներն ունեն մեկ ընդհանուր գավիթ:

Գտչավանքի խաչքարերը

Գտչավանքի տարածքում նաև բազմաթիվ բարձրարվեստ խաչքարեր կան: Դրանցից ամենահինը 9-րդ, իսկ ամենանորը՝ 19-րդ դարերի թվագրություններ ունեն: Դրանց մեջ իրենց նրբությամբ և ճարտարապետական կատարելությամբ հատկապես առանձնանում են երկու խաչքարեր, որոնք տեղադրված են գլխավոր եկեղեցու մուտքի երկու կողմերում, պատի մեջ: Դրանցից մեկը տեղափոխված է Էջմիածին և դրված է մայր տաճարի բակում:

Գտչավանքը՝ որպես մշակութային հզոր կենտրոն

Սկսած XV դարից Գտչավանքը մեծ դեր էր խաղում Դիզակի, ինչպես նաև ամբողջ Հայաստանի հոգևոր, գիտական և մշակութային կյանքում: Դարերի ընթացքում այստեղ ստեղծվել և պահվել էր ձեռագրերի եզակի հավաքածու, որի մեծ մասը պահպանվել է մինչև մեր օրերը: XIX դարում Գտչավանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանդյանը 18 տարի շարունակ գրել է պատմագիտական և ազգագրական մի ձեռագիր աշխատություն, որն ամբողջությամբ պահպանվում է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։

***

Հադրութի շրջանում գտնվող Գտչավանք վանական համալիրը, որը հիշատակվում է դեռ վաղ միջնադարյան աղբյուրներում, նույնպես մնում է ադրբեջանական կողմին։ 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի