HYRU
+374 44 880058
HYRU
+374 44 880058

ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ

Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում` Ազատ գետի կիրճում է գտնվում բնության անձեռակերտ հուշարձաններից մեկը՝ Քարերի սիմֆոնիան: Այն իրենից ներկայացնում է հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներ, որոնք ունեն մոտ 50 մետր բարձրություն: Դրանք այնքան սիմետրիկ են դասավորված, որ նայելիս թվում է, թե ձեռակերտ են, մարդու կողմից են կառուցված, բայց բնությունն ավելի կատարյալ է: Սյունրերը իրենց դասավորվածությամբ հիշեցնում են երաժտական գործիք երգեհոն, այդ իսկ պատճառով Քարերի սինֆոնիան նաև անվանում են «Բազալտե երգեհոն»:
Քարերի սիմֆոնիայի ծագման հիմնական տարբերակը հրաբխային ակտիվությունն է։ Գիտնականները համակարծիք են, որ բազալտե սյուների անսովոր ձևը ձևավորվել է բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում: Յուրօրինակ կառուցվածքը կապված է նրանց հետագա հողմահարման հետ, ինչի արդյունքում լավային ռելիեֆի զարմանահրաշ, գեղատեսիլ ձևեր են ստեղծվել: Հետաքրքիր է, որ տարօրինակ ձևի պատճառով հին ժամանակներում նմանատիպ ժայռերը կոչվում էին «Սատանայի մեղվանոց»՝ մեղրախորիսխների նմանությամբ: Միևնույն ժամանակ, ժայռերի նման անսովոր ձևի գաղտնիքը հնարավոր եղավ բացահայտել միայն համեմատաբար վերջերս։
Բնական այս հուշարձանը գտնվում է Գառնու տաճարից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 1270-1375 մ: Նախկինում Քարերի սինֆոնիա տանող ճանապարը գտնվում է շատ անբարվոք և քարքուքանդ վիճակում և այնտեղ կարելի էր հասնել միայն ոտքով կամ ամենագնացներով: Հենց այդ պատճառով էլ շատ զբոսավարներ չէին ներառում այս բնության հրաշքը իրենց երթուղում:  Հուրախություն շատերին 2020 թվականին հիմնովին նորոգվել է Գառնի համայնքից դեպի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհի շուրջ 2500 մ հատվածը, ինչպես նաև կառուցվում է «Մաշտոց Հայրապետ» եկեղեցի տանող ճանապարհը: Մաքրվել է Ազատ գետի հունը, գետի երկայնքով 600 մետր հատվածում բետոնով կատարվել են ամրացման աշխատանքներ, կառուցվել են քարե բազրիքներ, որոնք կապահովեն զբոսաշրջիկների անվտանգությունը: «Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվել է 700 մետր սալարկում` մարմարացված կրաքարով: Գառնի համայնքից մինչև «Քարերի սիմֆոնիա» ողջ հատվածում տեղադրվում է գիշերային լուսավորության ցանց, ինչպես նաև կառուցվում է սանհանգույց և պահակակետ:
ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականին «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող է ճանաչվել Հայաստանը` «Քարերի Սիմֆոնիա» պաստառով։
Քարերի սինֆոնյայի տարածքում է նաև գտնվում «Անանուն քարայր» բնության հուշարձանը: «Անանուն քարայր»-ը գոյացել է տարբեր հաստության հնգանիստ և վեցանիստ ճշգրիտ ձև ունեցող բազալտե սյուների թափվելու արդյունքում: Ջուրը, ներծծվելով ճեղքերի մեջ և աստիճանաբար լայնացնելով դրանք (ջերմաստիճանի օրական և սեզոնային կտրուկ տատանումների ազդեցությամբ), ի վերջո հանգեցրել է Ազատ գետի աջ ափով ձգվող կիրճի վեցանիստ-հնգանիստ հատույթով հսկայական սյունաձև բազալտների ներքին հատվածում ապարի քայքայմանը և ռելիեֆի ուրույն փոքր ձևի գոյացմանը: Յուրօրինակ կառուցվածքի շնորհիվ քարայրը ստացել է գեղեցիկ տեսք:
Աշխարհում կան մի քանի տասնյակ նման լեռնային կազմավորումներ, համարվում է, որ Գառնու ձորում գտնվող Քարերի սիմֆոնիան  այս տեսակի ամենամեծ և ամենագեղեցիկ հուշարձաններից մեկն է:
Ստորև կներկայացնենք աշխարհի տարբեր երկրներում գտնվող բազալտե սյուների մասին հետաքրքիր տեղեկություններ:

ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ

Սատանայի Քարակույտը-ԱՄՆ

Սատանայի Քարակույտը, որը գտնվում է արևելյան Կալիֆոռնիայի Մամոնտի լեռան մոտ սյունաձև բազալտային կառույց է, որը ստեղծվել է մի քանի հարյուր հազար տարի առաջ լավայի ժայթքման հետևանքով: Այս բազալտե սյուները ունեն մինչև քսան մետր բարձրություն, Սատանայի Քարակույտի սյուները չափից դուրս սիմետրիկ են: Ի տարբրերություն մյուս նմանատիպ վայրերի, Սատանայի Քարակույտի սյուները վեցանիստ են և իրար միացված չեն հորիզոնական մասնիկներով:
Ջուսանգջեոլլի Ժայռեր — Հարավային Կորեա
Հարավային Կորեայում գտնվող Ջեջու կղզու վրա քսան մետր բարձրություն ունեցող Ջուսանգջեոլլիի սյուները ձգվում են մոտ երկու կիլոմետր: Նրանք կարծես քարե պահակներ լինեն, որոնք պահպանում են կղզին: Ջուսանգջեոլլիի ժայռերի գեղեցկությունը այն դարձրել է Կորեայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:
Ջուսանգջեոլլիի ժայռերը ձևավորվել են մոտ 250.000 տարի առաջ:

 

Հսկաների Արահետը – Հյուսիսային Իռլանդիա


Աշխարհում շատ վայրեր կան, որտեղ հրաբխային ակտիվությունը մեծ ազդեցություն է թողնում բնության վրա, սակայն Հյուսիսային Իռլանդիայի հյուսիս-արևելյան ափին տեղի ունեցածը հիմա էլ ապշեցնում է մարդուն: Անկասկած Հսկաների Արահետը իր նմանը չունեցող յուրահատուկ բնական կոթող է:
Հսկաների Արահետը ափին ձգվող վեց կիլոմետր երկարություն ունեցող ժայռեր են: 1986թ-ին այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈյի Համաշխարհային Ժառանգության Վայրերի ցանկում: Գիտնականների կարծիքով այն ձևավորվել է 60 միլիոն տարի առաջ, երբ լավայի հոսքը լցվելով գետնի մեջ եղած անցքերի մեջ սառել է և ստեղծել ուղղահայաց սյուներ:

 

Ֆինգալի քարանձավը – Շոտլանդիա


Շոտլանդիայի Ներքին Հեբրիդյան կղզինում է գտնվում Ստաֆֆա անունը կրող փոքրիկ անմարդաբնակ կղզին: Այժմ կղզին պահպանվում է բրիտանական կառավարության կողմից, քանի որ այս փոքրիկ կղզում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ բնական հրաշալիքներից մեկը:                                                                                                                                                                                                       
Ստաֆֆան ունի հրաբխային ծագում, նրա անվանումը հին սկանդինավերենից թարգմանած նշանակում է սյուն: Այս կղզում են գտնվում վեցանկյուն գեղեցիկ բազալտե սյուներ, որոնք կարծես թե բարձրանում են օվկիանոսի հատակից: Այստեղ են կա նաև ծովային թռչունների մեծ գաղութ, ինչպես նաև Ստաֆֆայի ամենայուրօրինակ կոթողը՝ Ֆինգալի քարանձավը:
Ֆինգալի քարանձավի շոտլանդերեն անվանումը Ուամհ Բինն է, որը նշանակում է երաժշտական քարանձավ: Նրա երկարությունը մոտ 50 մետր է, լայնությունը՝ 15 մետր իսկ բարձրությունը՝ 20 մետր: Քարանձավի չափսերը և կամարակապ առաստաղը նման է տաճարի, իսկ ալիքների արձագանքները ստեղծում են վախենալու երաժշտական ձայներ, որոնք ասես երկրի խորքից գան:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Գոհար Սարգսյանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՃԵՐԸ
/Տեսնել բոլորը