ԱԶԱՏ ԳԵՏ ԵՎ ՋՐԱՄԲԱՐ

Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերից է սկիզբ առնում Ազատ գետը: Ընդհանուր երկարությունը 55 կմ է։ Այն համարվում է Արաքս գետի ձախ վտակը և, Գառնի գյուղի մոտ աջից ընդունելով Գողթ վտակը, մտնում է Գառնի ձոր: Ձորի այդ տեղամասը անվանում են նաև Ազատ գետի կիրճ: Ստորին հոսանքում գետը դուրս է գալիս Արարատյան դաշտ: Գետի վերին հոսանքում կիրճը ծածկված է Խոսրովի արգելոցի խիտ անտառներով։
Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան դաշտով ու թափվում Արաքս։ Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ջրերը մասամբ օգտագործվում են գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։ Հորդանում է ապրիլ-հունիս ամիսներին:
Ազատ գետի վրա գտնվում է XIII դ.-ի միաթռիչք կամուրջ՝ Գառնի գյուղի մոտ: Ձորի գլխավերևում են գտնվում Գառնիի տաճարը և Հավուց Թառ վանքային համալիրը: Ազատ գետի վերին մասը Գեղարդի վանքի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Գետի հովիտը հայտնի է իր անկրկնելի բազալտների սյունաձև անջատումներով և բնության այլ հուշարձաններով:

Ազատի ջրամբար

Ազատ գետի միջին հոսանքում՝ Լանջազատ գյուղի մոտ գտնվում է Ազատի ջրամբարը: Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Գտվում է ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա: Ջրամբարի կառուցման նպատակը Արարատյան դաշտի ոռոգումն է: Մակերեսը 2,85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Այն իր մեծությամբ Հայաստանի չորրորդ ջրամբարն է: Մարդու կողմից ստեղծված այս ջրամբարը այժմ դարձել է առանձին էկոհամակարգ և հանդիսանում է կենդանիների տարբեր տեսակների բնակավայր: Այստեղ կա մեծ քանակությամբ ձուկ (սազան, կարպ, կարմրախայտ և այլն), և այս վայրը սիրված է ձկնորսության սիրահարների համար:
Ջրամբարը շրջապատված է լեռներով և արդեն քանի տարի է դարձել է տուրիստական շատ հայտնի երթուղի: Ջրամբարի մոտից բացվող տեսարանները անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Այցելուների առջև իր ողջ գեղեցկությամբ կանգնած են Երանոսի լեռները:
Ազատի ջրամբարի հարակից տարածքում բացակայում է բուսականությունը, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում այստեղ այցելել շոգ եղանակին, քանի որ մեծ է արևահարվելու հավանականությունը:

 

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐԸ
/Տեսնել բոլորը