HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ԱՌԱՋԻՆ ՎՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԱԿԱՑԸ․ ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏՎԵԼ

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԱԿԱՑՈՎ ՎՐԱՆԱՅԻՆ ԱՐՇԱՎԻՆ

Եղանակի տաքանալու հետ մեկտեղ սկսվում է նաև վրանային արշավների սեզոնը: Վրանային արշավները հրաշալի տարբերակ են քաղաքի աղմկոտ կյանքից մի քանի օրով կտրվելու, բնությանը ավելի մոտ գտնվելու համար:
Փորձառու արշավականները գիտեն, թե ինչ պետք է տանել իրենց հետ վրանային արշավի ժամանակ, սակայն սկսնակների համար անհրաժեշտ իրերի ցուցակ կազմելն հաճախ շփոթեցնող է: Մի կողմից՝ նրանք չեն ցանկանում իրենց ծանրաբեռնել լրացուցիչ բեռով, հատկապես, եթե ստիպված են ոտքով երկար ճանապարհ անցնել՝ մինչ կհասնեն վրանատեղին, մյուս կողմից՝ վախենում են մոռանալ որոշ մանրուքներ, առանց որոնց դժվար կլինի ճիշտ կազմակերպել վրանային հանգիստը։
Վրանային արշավների ժամանակ ձեզ անհրաժեշտ իրերի կոնկրետ ցանկը կախված է բազմաթիվ գործոններից: Այսպես, օրինակ, եթե մինչև վրանատեղի նախատեսվում է հասնել մեքենայով՝ այս դեպքում ձեզ հետ կարող եք վերցնել մեծածավալ ուղեբեռ, իսկ եթե պետք է ոտքով անցնեք ողջ ճանապարհը, ապա անհրաժեշտ է ուսապարկի մեջ դասավորել խիստ անհրաժեշտ գույքն ու հանդերձանքը: Ի վերջո, ցուցակները կտարբերվեն միմյանցից՝ կախված տարվա եղանակից, արշավի տևողությունից ու երթուղուց, ինչպես նաև ձեր հնարավորություններից ու կարիքներից։ Այնուամենայնիվ, կա ընդհանուր իրերի ցուցակ, որը պետք կգա յուրաքանչյուր վրանային արշավի դեպքում:

am-camping-how-to-prepare
Ուսապարկ

 Այն պետք է լինի ընդարձակ, հարմարավետ, անջրանցիկ: Եթե վրանատեղի եք հասնելու մեքենայով, իսկ տեղավորվելուց հետո ունենալու եք քայլարշավ, կարող եք ձեզ հետ վերցնել երկու ուսապարկ: Ուսապարկերից մեկը պետք է լինի մեծ և տարողունակ, որտեղ կդասավորեք մի քանի օրվա համար անհրաժեշտ ձեր բոլոր իրերը, իսկ երկրորդը՝ նախատեսված լինի մեկօրյա արշավի համար, որտեղ կդասավորեք միայն տվյալ օրվա քայլարշավի համար անհրաժեշտ իրերը:

ՎՐԱՆ

 Վրանային արշավների ժամանակ ամենակարևոր գույքը, թերևս, դա հենց վրանն է: Առանց դրա դուք ոչ մի տեղ չեք կարող գնալ, ուստի պետք է հնարավորինս պատասխանատու կերպով վերաբերվել այն հարցին, թե ինչպես ընտրել արշավային վրան:

 

Զբոսաշրջային վրանը պետք է ունենա հուսալի դիզայն, լինի պարզ և հեշտ տեղադրվող և ծալվող, ծալվելիս քիչ տեղ զբաղեցնի, իսկ բացվելիս՝ ապահովի նորմալ պայմաններ հանգստի և քնի համար: Բոլոր հնարավոր բացվածքների վրա միջատների ցանցերի առկայությունը պարտադիր է: Կարևոր գործոն է լավ օդափոխության հնարավորությունը, իսկ բաց տարածքում տեղադրելիս՝ բարձր պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Մինչ արշավի օրը նախապես ստուգեք Ձեր վրանը, արդյոք դրա տեղադրման համար անհրաժեշտ բոլոր մասերը կան, թե ոչ: Հարկ եղած դեպքում կարող եք տանը վրանը բացել և համոզվել, որ ամեն ինչ սարքին է:

Արշավական վրանների ճիշտ ընտրության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր այս հոդվածում։

Քնապարկ և արշավական գորգ

 Քնապարկը, ևս, գիշերակացով արշավների ամենակարևոր բաղադրիչն է։ Վերջինս  պետք է համապատասխանի սեզոնին (նույնիսկ ամռանը), ձեր չափսերին։

Արշավային գորգը հիանալի շերտ կլինի քնապարկի և գետնի միջև, կապահովի փափուկ, հարմարավետ պայմաններ գիշերվա համար: Բացի այդ, խորհուրդ է տրվում ձեզ հետ փոքրիկ փչովի բարձ վերցնել։ Ամենաէժան արշավային գորգերը պատրաստված են փրփուրից, ամենակոմպակտ գորգերը փչովի են, իսկ ամենահարմարավետները՝ ինքնափչվող։ Պետք է նաև ուշադրություն դարձնել արշավական գորգի երկարությանը, այն չպետք է պակաս լինի քնապարկի չափսից։

Խոհանոցային պարագաներ

Վրաններով արշավելիս կարելի է վերցնել միանգամյա օգտագործման թեթև սպասք կամ պլաստիկ տարաներ, բայց ավելի լավ է ունենալ խորը ալյումինե ափսե, նույնպիսի բաժակ և գդալ։
Կրակի վրա կերակուր և թեյ պատրաստելու համար ձեզ հարկավոր կլինի մետաղյա թեյնիկ, թեթև թավա կամ մի փոքրիկ կաթսա: Մթերքներ խորովելու համար կարող եք վերցնել նաև փոքրիկ մետաղյա ցանք: Ձեզ անպայման պետք կգա ծալովի բազմաֆունկցիոնալ տուրիստական դանակ: Ցանկալի է, որ խմբի անդամներից մեկն իր հետ ունենա փոքրիկ արշավական գազ, քանի որ կրակի համար չոր փայտն ամենուր չէ, որ կարող եք գտնել։

 

Արշավային հանդերձանք

Արշավական հանդերձանքը դասավորելիս աշխատեք ընտրել այնպիսի իրեր, որոնք ավելի քիչ տեղ են զբաղեցնում: Նախապատվությունը տվեք սպորտային հագուստներին, խուսափեք բամբակյա վերնաշապիկներից, քանի որ դրանք շուտ քրտնացնում և խոնավությունը երկար են պահում: Ջինսե տաբատների փոխարեն վերցրեք սպորտային տաբատներ: Կոշիկները անպայման պետք է լինեն սպորտային և ամուր տակացուներով։ Բազմօրյա արշավների դեպքում պարտադիր ունեցեք երկու զույգ կոշիկ։ Ձեր ուսապարկում ունեցեք նաև փոխնորդ հագուստ և գուլպաներ:

Չմոռանաք անձրևապաշտպան բաճկոնի մասին: Այն միշտ պետք է լինի Ձեր ուսապարկում: 

Լապտեր

Լապտերը նույնպես շատ կարևոր իր է վրանային արշավների ժամանակ: Ցանկալի է, որպեսզի այն լինի գլխին ամրացվող: Այդ տարբերակն ավելի հարմարավետ է և նպատակահարմար: Եթե լապտերը հոսանքով լիցքավորվող է, նախապես դրեք այն լիցքավորման: Եթե այն աշխատում է լիցքավորիչ մարտկոցով, չմոռանաք ստուքել սարքին լինելը, իսկ հնարավորության դեպքում Ձեզ հետ նաև պահեստային լիցքավորիչ մարտկոց վերցրեք:

Պաշտպանիչ միջոցներ միջատներից

Վրանային արշավների ժամանակ չմոռանաք միջատների և տզերի դեմ պաշտպանության միջոցների մասին: Դրանք ոչ մայն կօգնեն ապահովել ձեր հարմարավետ հանգիստը, այլև դրանք անհրաժեշտ են ձեր առողջության պահպանման համար: Մի մոռացեք, որ տզերի և շատ միջատների խայթոցից հնարավոր է ունենալ շատ լուրջ առողջական խնդիրներ:
Ոչ մի դեպքում չմոռանաք նաև արևապաշտպան քսուքի մասին: Դեմքի ու մարմնի ոչ գրագետ պաշտպանությունը կամ դրա իսպառ բացակայութունը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների՝ թեթև կարմրածությունից մինչև լուրջ այրվածքներ: Արևապաշտպան քսուքի կարևորության մասին կարդացեք մեր այս հոդվածում։

 

 

Անձնական Դեղատուփ

Լեռներում մարդու օրգանիզմը մշտապես գտնվում է սթրեսային վիճակում: Յուրաքանչյուր վարկյան կարող են լինել անկանխատեսելի շրջադարձներ: Արշավախմբի ուղեկցորդները մշտապես պատրաստ են նման իրավիճակներին, սակայն զգոն պետք է լինի խմբի յուրաքանչյուր մասնակից: Հնարավոր են իրավիճակներ, երբ Ձեր արշավական ընկերոջ կյանքը կարող է կախված լինել Ձեր շուտափույթ որոշումներից և ճիշտ ցուցաբերված օգնությունից: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է, որպեսզի արշավախմբի մասնակիցներից բոլորն ունենան իրենց անձնական դեղատուփը: Դեղատուփի մեջ պետք է լինեն այն մինիմալ միջոցները, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում անգնահատելի օգնություն ցուցաբերել:

Անձնական դեղատուփի բաղադրիչ մասերի մասին կարող եք կարդալ մեր այս հոդվածում։

 

Ջուր եվ սնունդ

Սննդի ծավալն ու քանակը հաշվարկվում է կախված ճամփորդության տևողությունից և արշավի մասնակիցների թվից: Նախևառաջ պետք է հոգ տանել խմելու ջրի մասին: Խմբի մասնակիցների հետ կարող եք նախօրոք քննարկել և բաշխել սնունդը, այդպես ավելի հեշտ կլինի և ավելորդ սնունդ չեք վերցնի: Բացի ընդհանուր սնունդից ձեզ հետ վերցրեք նաև չոր և չփչացող սնունդ՝ ընդհանուր սնունդի ընդունման միջակայքում թեթև քաղցը հագեցնելու համար:

Անհրաժեշտ մանրուքներ եվ անձնական հիգիենայի միջոցներ

Մի մոռացեք արևապաշտպան ակնոցների, ատամի մածուկի, խոնավ և չոր անձեռոցիկների մասին, մեմբրանե սրբիչի, ձեռքերի խոնավեցնոց կրեմի, շուրթերի բալզամի մասին:

 

Խորհուրդ բոլոր սկսնակներին.

Վրանային արշավի համար պլանավորված վայր հասնելուն պես սկսեք նախապատրաստական աշխատանքները: Երբեք վրանի տեղադրումը մի թողեք մութն ընկնելուց հետո: Նախ, այդ դեպքում դուք երկար ժամանակ կունենաք վրանը տեղադրելու համար հարմար տեղ գտնելու համար, նաև չեք շտապի և վրանը ճիշտ կտեղադրեք, դե իսկ տեղադրելու ընթացքն ավելի հաճելի կլինի: Ոչ ճիշտ տեղադրված վրանը կարող է քամուց կամ կողմնակի այլ ազդեցությունից շատ հեշտ ծալվել և ընկնել:

Մի՛ պահեք հոտ ունեցող խնամքի պարագաները և սնունդը վրաններում, դրանք գայթակղում և հետաքրքրություն են առաջացնում վայրի կենդանիների մոտ։ Սնունդը և այլ հոտ ունեցող իրեին ու պարագաներն առանձնացրեք և պահեք վրաններից հեռու՝ մեկ վայրում։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԲԼՈԳ

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ