ՏԶԵՐ․ ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՆՐԱՆՑԻՑ

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՏԶԵՐԻՑ ԵՎ ՄՈԾԱԿՆԵՐԻՑ ԱՐՇԱՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Արդեն սկսել է ամառային արշավների սեզոնը և շատերը նախընտրում են արշավել անտառներում, որտեղ հով է և կարող են կտրվել քաղաքի թոհուբոհից: Որքան էլ հաճելի լինի անտառում արշավելը, չպետք է մոռանալ, որ եղանակի տաքանալու հետ մեկտեղ ակտիվանում են նաև միջատները: Անտառի հիմնական թշնամիները տիզերն ու մոծակներն են։ Դրանք ոչ միայն կարող են արշավի ընթացքում անհարմարավետության պատճառ դառնալ, այլև կարող են հանդիսանալ մի շարք վարակիչ հիվանդությունների տարածողը: Սրանք այնպիսի հիվանդությունների կրողներ կարող են լինել, ինչպիսիք են տիզերի էնցեֆալիտը, բորելիոզը (լայմի հիվանդություն), որոնք վնասում են կենտրոնական նյարդային համակարգը։ 

Ոչ պակաս վտանգավոր հիվանդությունների կրողներ կարող են լինել նաեւ մոծակները։ Բացի այդ, շատ մարդիկ ալերգիկ են միջատների խայթոցից: Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է արշավ գնալուց առաջ ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները տզերի «հարձակումից» հնարավորինս պաշտպանվելու համար: 

Ի՞նչ տեսք ունի տիզը եվ ինչպե՞ս է խայթում

Քաղցած տիզը դժվար թե տարբերվի ինչ-որ անվնաս սարդից։ Այն չափերով շատ փոքր է, երկարությունն ընդամենը 4 մմ է։ Ունի 8 ոտք։ Տիզը, որը չի հասցրել արյուն խմել, փոքր է. պետք է ունենալ բարձր զգայունություն, որպեսզի զգաս նրա շարժումները մաշկի վրա:

Տզերի թուքը, ինչպես շատ արնախումներինը, ունի ցավազրկող ազդեցություն։ Սա թույլ է տալիս նրան աննկատ գործել և երկար ժամանակ  մնալ մարդու մարմնի վրա: Երբեմն տիզը կարող է արյուն խմել մինչև 5 օր, եթե այն ավելի վաղ չի հայտնաբերվել մարմնի վրա:

Տզերի անատոմիան թույլ է տալիս նրանց ուռչել, և նրանց չափերը կարող է հասնել մինչև 10 մմ-ի : Հետևաբար, տզի չափով կարելի է մոտավորապես որոշել, թե որքան ժամանակ է նա արյուն խմել։ Եթե ​​մակաբույծը փոքր է, ամենայն հավանականությամբ, մարմնի վրա ամրանալուց շատ ժամանակ չի անցել։ Բժշկի համար մակաբույծի չափը կարող է կարևոր ցուցիչ լինել՝ որքան երկար է տիզը արյուն ծծում, այնքան ավելի շատ ժամանակ կունենա ախտածինների մեծ չափաբաժին տուժողին փոխանցելու համար։

Վտանգ են ներկայացնում արդեն տեղակայված և արյուն խմած տզերը։ Մինչ մակաբույծը տեղաշարժվում է մարմնի վրայով, այն չի կարող որևէ բանով վարակել իր զոհին։ Տիզը շատ խնամքով ընտրում է խայթոցի տեղը և հարմար տեղ գտնելու համար կարող է մի քանի ժամ զննել մաշկը։

Ավելի հաճախ տիզերը տեղակայվում են մատների արանքում, աճուկներում, ծնկների ետնամասում, գոտկատեղում, թևի տակ, պարանոցի վրա, ականջների հետևում, գլխի վրա։

Խայթոցի տեղում մնում է մինչև 1 սմ տրամագծով փոքր կարմիր բիծ՝ ինչպես մոծակի խայթոցից:

am-ticks

Ի՞նչն է գրավում մոծակներին և տզերին

Մոծակներին գրավում են հոտերը, հենց հոտով են ընտրում խայթոցի զոհին։ Մարդկանց մոտ նրանց գրավում են շնչառության և քրտնարտադրության ժամանակ արտազատվող նյութերը։ Մարդիկ, ովքեր օծանելիք են օգտագործում, նույպես գրավիչ զոհ են: Անտառ գնալիս մի օգտագործեք օծանելիք կամ դիմահարդարում, քանի որ նույնիսկ դեկորատիվ կոսմետիկայի հոտը շատ «սիրված» է մոծակների մոտ։ Նրանք նաև սիրում են ալկոհոլի հոտը։ Մարմնի բարձր ջերմաստիճանը և արյան բարձր խոլեստերինը նույնպես գրավում են մոծակներին:

Անտառում դուք պետք է ստուգեք ինքներդ ձեզ և երեխաներին երկու ժամը մեկ: Փորձեք չքայլել բարձր խոտի և ցածր թավուտների միջով, այստեղ ամենաշատն են հանդիպում տզերը:

Վերադառնալով տուն՝ պետք է հանել հագուստը և լավ զննել ինչպես հագուստը, այնպես էլ մարմինը: Տիզը կարող է թաքնվել հագուստի ծալքերի և կարերի մեջ։ Անտառից հավաքած ծաղկեփունջի մեջ նույպես կարող են շատ տզեր լինել:

Ի՞նչ անել, եթե տիզն արդեն խայթել է

Առաջին քայլը տզին հեռացնելն է առանց կտրուկ շարժումների և որքան շուտ, այնքան լավ։ Եթե ​​մոտակայքում կա հիվանդանով, ապա խորհուրդ է տրվում օգնության դիմել այնտեղ։ Եթե ​​բժշկին արագ դիմելու հնարավորություն  չկա, ապա ստիպված եք ինքներդ ձերբազատվել տզից։

Ավելի անվտանգ է դա անել ռետինե ձեռնոցներով կամ պլաստիկ տոպրակի միջոցով: Մաշկն ավելի հեշտ է պաշտպանել այսպես՝ եթե վարակված տիզը պատահաբար ճզմվում է, ապա հնարավոր է վարակվել նույնիսկ մատների փոքր վերքերի և կտրվածքների միջոցով կամ անզգուշաբար ձեռքերը բերան տանելով։

Տիզը ոչ մի դեպքում չի կարելի փորձել մաշկից դուրս հանել միայն ձեռքերի օգնությամբ, դա պետք է անել կոսմետիկ աքցանի օգնությամբ:

Բռնեք տիզը որքան հնարավոր է մոտ մաշկին: Ոչ մի դեպքում չպետք է ճզմել տզին, կամ օգտագործել միջոցներ, որոնք կարող են ագրեսից գրգրիչ հանդիսանալ, ինչպիսին է օրինակ լուցկիով այրելու մեթոդը: Այս դեպքում տիզը կարող է այդ գործոնների ազդեցության տակ մեծ քանակությամբ վարակված հեղուկ բաց թողնել վերքի մեջ՝ թուք կամ աղիքային պարունակություն։

Տզին մաշկին հնարավորինս մոտ բռնելուց հետո այն դանդաղ ու հանգիստ քաշեք վեր՝ թեթևակի ճոճվելով։ Տզին ինքնուրույն հանելիս միակ վտանգն այն է, որ անզգույշ հանելու դեպքում այն հնարավոր է ամբողջությամբ դուրս չգա մարմնի մեջից և շարունակի վարակելու գործընթացը:

Կծած տեղը և ձեռքերը պետք է ախտահանել  հակաբակտերյալ նյութերով (օրինակ՝ յոդով): Եթե ​​ձեռքի տակ նման միջոցներ չկան, օգտագործեք օճառ և ջուր:

Այս ամենը անելուց հետո լավագույն տարբերակը կլինի այն, որ տիզը ներկայացրեք հատուկ լաբորատորիաներ՝ վերլուծության համար: Դա անելու համար այն պետք է տեղադրվի փակվող տարայի մեջ:

Արտաքուստ վարակված տզերը չեն տարբերվում մյուսներից։ Տզի վարակիչ լինելը միայն կարող է հետազոտությունը ցույց տալ:  Ցանկալի է, որ այն տարայի մեջ, որում կդնեք տիզը, նաև թաց բամբակյա կտոր դնել։ Այսպիսով, ավելի հավանական է, որ տիզը կենդանի կհասնի լաբորատորիա: Այդ ժամանակ ուսումնասիրության արդյունքը հնարավորինս ճշգրիտ կլինի։ Չորացած և մանրացված տզի մարմնում ախտածիններն ավելի դժվար է նույնականացնել։ Նյութերը, ինչպիսիք են նավթը կամ բենզինը, որոնց մեջ հաճախ ներծծվում են մարմնից հեռացված տիզերը, նույնպես դժվարացնում են հետազոտությունը։

Ի՞նչ է լինում տզի խայթոցից հետո

Տզի խայթելուց հետո կծած հատվածում կարող է առաջանալ կարմրություն, այտուց և այրող զգացողություն։ Դրանք առաջանում են տզի խայթելուց անմիջապես հետո կամ 2 օրվա ընթացքում։ Ռեակցիան առաջանում է ալերգեններից, որոնք պարունակվում են մակաբույծի թքում։ Որոշ դեպքերում կարող է սուր ալերգիայի զարգացում լինել, որի դեպքում խայթոցից հետո նկատվում է արցունքաարտադրություն, փռշտոց, քթից արտահոսք, գլխացավ, հազ և շնչահեղձություն։ Սուր ալերգիայի նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել շտապ օգնություն:

Տզերը մի շարք վիրուսների, բակտերիաների և նախակենդանիների կրողներ են։ Մարդկանց և կենդանիների արյան մեջ հայտնվելով՝ այդ հարուցիչները վարակիչ հիվանդություններ են առաջացնում:

Դրանցից ամենատարածվածներն են՝ տիզային էնցեֆալիտը, բորելիոզը (լայմի հիվանդություն), էրլիխիոզը, անապլազմոզը և բաբեզիոզը։ Նրանք կարող են նույնականացվել լաբորատոր հետազոտություններով: Անալիզի համար նախընտրելի է հանված տիզ վերցնել։ Ճշգրիտ ախտորոշումը կօգնի ժամանակին սկսել բուժումը՝ դրանով իսկ նվազեցնելով հնարավոր բարդությունների վտանգը։

Ինչպե՞ս հագնվել անտառային արշավների ժամանակ

Անտառում արշավներ գնալիս հիմնական կանոնն այն է, որ մարմինը հնարավորինս պետք է փակ լինի։ Որքան քիչ բաց հատվածներ լինեն մարմնի վրա, այնքան ավելի լավ: Անտառում ավելի լավ է քայլել տաբատով և երկարաթև վերնաշապիկով, որի թևերը բավականաչափ երկար են և հասնում են դաստակին: Անտառում արշավելիս ավելի լավ է մոռանաք գեղեցկության մասին, չհագնեք շորտեր և կիսաթև վերնաշապիկներ, ավելի լավ է տաբատը դնել գուլպաների մեջ և հագնել երկարաճիտ արշավային կոշիկներ:

Հագուստը ընտրելիս պետք է նախապատվությունը տալ սահուն կտորներին և կտրականապես հրաժարվել ջինսերից: Այս դեպքում տիզը դժվարությամբ է կարողանում բռնվել հագուստից, իսկ  մարմնի վրայով տեղաշարժվելը, խայթելու համար հարմար տեղ ընտրելը կարող է տևել մինչև 12 ժամ։

Մի՛ մոռացեք գլխարկների մասին. շարֆը կամ գլխարկը կպաշտպանեն ձեր գլուխը արևից և կկանխեն տիզերի հայտվելը ձեր մազերի մեջ:

Անտառ ավելի լավ է գնալ սպիտակ հագուստող: Գիտականորեն ապացուցված է, որ մոծակներին ավելի շատ են գրավում մուգ հագուստով մարդիկ, քանի որ նրանց մարմնի ջերմաստիճանը մի փոքր բարձր է։ Բացի այդ, բաց գույնի հագուստի վրա ավելի հեշտ է նկատել փոքրիկ սև տզերին։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Հեղինակ՝ Գոհար Սարգսյան

2 Responses
  1. Հասմիկ

    Բարեվ ձեզ։ Իսկ Հայաստանում տարածվա՞ծ են տիզերից առաջացած էնցեֆալիտն ու նեվրոբորելիոզը։

    1. ArmLand

      Բարև Ձեզ, հարգելի Հասմիկ։
      Հայաստանում տարածված չէ էնցեֆալիտը, բայց տարածում ունի բորելիոզը (լայմի հիվանդություն)։