Սանահինը վանական համալիրը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում: Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի) Տաշիր գավառի մեջ: Վանքը տեղադրված է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում: Բաղկացած է 10-13-րդ դարերում կառուցված, հիմնականում ամբողջական վիճակում գտնվող պաշտամունքային և քաղաքացիական մեծ թվով շինություններից:
Վանքի կառուցվածքը
Վանքի կառույցների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցիներից, գրատուն- մատենադարանից, գավթից, նախագավթից, զանգակատնից, հոգևոր դպրոցի և գրատան սրահներից, դամբարաններից:
Ս. Աստվածածին եկեղեցին գոյություն ունեցող շինությունների մեջ ամենահինն է: Այն կառուցվել է Աբաս Ա Բագրատունի թագավորի ժամանակ՝ 10-րդ դարի 30-40-ական թվականներին: Այն իրենից ներկայացնում է արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև գմբեթավոր կառույց, որի չորս կողմերում ավանդատներ են: Պատերը ներքուստ պատված են եղել որմնանկարներով, որոնցից ներկայումս չնչին հետաքեր են մնացել: Հյուսիսարևելյան ավանդատան մուտքից վերև գտնվող խորշում՝ զույգ սյուների վրա տեղադրված է եկեղեցու քարե մանրակերտը: Եկեղեցին կառուցված է տեղական մոխրագույն բազալտի կոպտատաշ ոչ խոշոր քարերով, ի տարբերություն համալիրի մյուս հուշարձանների, որոնք կառուցված են բազալտի համեմատաբար խոշոր սրբատաշ քարերով:
Ամենափրկիչ եկեղեցին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կին Խոսրովանույշ թագուհին՝ 966 թվականին: Եկեղեցին աչքի է ընկնում իր խոշոր չափերով և համալիրում ունեցած իշխող դիրքի շնորհիվ: Այն նույնպես ունի խաչաձև գմբեթավոր կառուցվածք: Եկեղեցու արևելյան ճակատում ուղղանկյուն շրջանակով երիզված քարի վրա քանդակված են Սմբատ և Կյուրիկե եղբայրները՝ ողջ հասակով մեկ կանգնած, եկեղեցու մանրակերտը ձեռքներին:
Սբ. Գրիգոր եկեղեցին գտնվում է Սբ. Աստվածածին եկեղեցուց 12 մ դեպի արևելք: Այն կենտրոնագմբեթ փոքրածավալ շինություն է, դրսից կլոր, ներսից քառախորան խաչաձև հատակագծով: Կառուցվել է 1061 թ.-ին Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու կողմից: Ներսում կան որմնանկարների հետքեր:
Գրատուն-մատենադարանը կառուցվել է 1063թ.-ին նույնպես Հրանուշ թագուհու կողմից: Այն շինարարական արձանագրության մեջ հիշվում է որպես նշխարատուն, երևի այն պատճառով, որ նրանում պահվել են ոչ միայն գրքեր ու ձեռագրեր, այլև վանքի արժեքավոր իրեր, նշխարներ, մասունքներ: Հայկական գրատների մեջ այն հնագույնն է և իր հատակագծային չափերով ամենամեծը: Հատակագծում ուղղանկյուն շենք է: Լուսավորման հնարավորությունը առավելագույնս օգտագործելու համար երդիկը տեղադրված է հնարավորին չափով բարձր: Գրատան հորինվածքում հաշվի են առնված մատյանների և ձեռագրերի անխաթար պահպանման, լուսավորության, օդափոխության, ջերմաստիճանի կայունության խնդիրները:
Սբ: Գրիգոր եկեղեցին և գրատունը հիմնական խմբի հետ կապվում են գրատան սրահի շնորհիվ:
Վանքի հոգևոր դպրոցը, որը ավանդաբար կոչվում է Մագիստրոսի ճեմարան (Գրիգոր Մագիստրոս պահլավունու անունով), Ամենափրկիչ և Սբ. Աստվածածին եկեղեցիների միջև ձգվող ուղղանկյուն նեղ սրահ է:
Զանգակատունը կառուցվել է Աբասի որդի Վագի կողմից՝ 13-րդ դարի առաջին կեսին: Այն Հաղպատի զանգակատան հետ միասին առանձին կանգնած զանգակատների հնագույն օրինակներից է:
Վանքի միջուկը կազմող նշված հուշարձաններից բացի պահպանվել են նաև ուրիշները, ինչպես պարսպով շրջափակված տարածքում՝ Արղության-Երկայնաբազուկների դամբարանը, վանքի աղբյուրը, մեծ թվով խաչքարեր, այնպես էլ պարսպից դուրս, մերձակայքում՝ Զաքարյանների դամբարանը, Սբ. Հակոբի, Սբ. Հարությունի, Սբ. Կարապետի եկեղեցիները, Սբ. Սարգիս մատուռը, Գրիգոր Տուտեորդու մահարձանը, քաչքարեր:
Պատմության թատերաբեմում
Սանահինի վանքը իր պատմության ողջ ընթացքում ունեցել է տնտեսական, շինարարական և մշակութային կյանքի բազմաթիվ վերելքներ և վայրէջքներ: Բազմիցս ենթարկվել է ավերակությունների: Հուշարձանները կողոպտվել են սելջուկների 1064թ. , պարսկական 1104թ. հրոսակախմբերի կողմից: Դրանք մեծ չափով տուժել են տարերային աղետներից, հատկապես 1139թ. երկրաշարժից: Մեզ չեն հասել Կյուրիկյանների դամբարանը, հյուրատունը, տնտեսական, արտադրական բնույթի շենքեր:
Սանահինը համաշխարհային ժառանգություն
Խորհրդային իշխանության տարիներին Սանահինի վանքը եղել է պետական պահպանության ներքո. կատարվել են ամրակայման և վերականգնման աշխատանքներ: 1998 թ-ին ՀՀ Կառավարության որոշմամբ այն հանձնվել է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տնօրինությանը:
Հաղպատի վանքի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Ի՞նչ է նշանակում Սանահին
Ավանդության համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։
Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Հայրը մատնացույց է անում իր կառուցած վանքին և ասում․ «Հիշի՛ր, որ սա նրանից հին է»։ Այստեղից էլ գալիս է Սա-նա-հին անունը։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի