Главная страница » ԼԵԳԵՆԴՆԵՐ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՍԻՆ
Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։
Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:
Ադամից ու Եվայից սերված մարդկությունը աստիճանաբար հեռացավ Աստծուց և չարացավ: Այդ պատճառով Աստված որոշեց ջրհեղեղի միջոցով պատժել ողջ մարդկությանը բացի Նոյից, ով արդար ու բարի մարդ էր և հավատարիմ էր Աստծուն: Ջրհեղեղից առաջ Նա Նոյին պատվիրեց տապան կառուցել, ապա վերցնել իր ընտանիքը, մեկական զույգ բոլոր ցամաքային կենդանիներից և թռչուններից ու մտնել տապան: Ապա սկսվեց ջրհեղեղը, և 40 օր ու 40 գիշեր անձրև տեղաց: Ամեն բան անցավ ջրի տակ և ոչնչացավ:
Նոյան տապանը երկար նավարկելուց հետո կանգ առավ Արարատ լեռան վրա: Ջրերի իջնելու լուրն ավետեց Նոյի բաց թողած աղավնին, որ վերադարձավ՝ կտուցին ձիթենու մի շյուղ բերելով: Յոթ օր անց Նոյը նորից աղավնուն բաց թողեց և այս անգամ աղավնին չվերադարձավ, որից էլ հասկանալի եղավ, որ երկիրը ցամաքել է: Տապանից դուրս գալուց հետո Նոյը զոհասեղան պատրաստեց և զոհ մատուցեց: Աստված ուխտ հաստատեց նրա ու նրա որդիների հետ, որի նշանը եղավ ծիածանը:
Ավանդության համաձայն` Նոյն իր երեք որդիների՝ Սեմի, Քամի, Հաբեթի և նրանց ընտանիքների հետ բնակություն հաստատեց Արարատ լեռան շրջակա բնակավայրերում: Նույն ավանդույթի համաձայն Արարատ լեռից իջնելուց, երբ Նոյը տեսավ ցամաքը, բացականչեց «Երև անդ»: Նոյի իջած առաջին վայրը կոչվեց Նախիջևան, իսկ նրա առաջին տնկին եղավ խաղողի որթը: Նա զբաղվում էր երկրագործությամբ:
Բրիտանացի նշանավոր պարմաբան, ասորագետ Իրվինգ Ֆինքելն իր «Տապանը մինչ Նոյը․ Միջագետքից Արարատ․ սեպագիր պատմություններ ջրհեղեղի մասին» գրքում ներկայացրել է մի շարք ապացույցներ առ այն, որ Նոյան տապանն իսկապես հանգրվանել է Արարատ լեռան վրա։
Գրքի հիմքում ընկած է «տապանի աղյուսակներ» անունը ստացած և մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող սեպագիր արձանագրույթան ուղումնասիրությունը, որը լրացնում և պատկերավոր է դարձնում Գիրք Ծննդոցում ներկայացված պատմությունը։ Մինչև վերջերս մասնագետներն ուսումնասիրել էին ջրհեղեղի մասին հնագույն երեք տեքստ, որոնք գրվել են Աստվածաշնչից հազար տարի առաջ։ Չորրորդ տեքստն ուսումնասիրողների համար հասանելի է դարձել միայն 2009 թվականին։ Պարզվել է, որ այն Նոյան տապանի շինարարության մանրամասն ուղեցույցն է։
Գրքում Իրվինգ Ֆինքելն համեմատում է ջրհեղեղի պատմության միջագետքյան, բիբլիական և ղուրանական տարբերակները, ներկայացնում է տապանի կառուցման մանրամասները, և քննում է Արարատ լեռան վրա տապանի վերջնական հանգրվանմանը վերաբերող փաստերը։ Այս գրքի շներհիվ Նոյի և նրա տապանի պատմությունը դադարում է լինել պարզապես որպես լեգենդ։
Իրվինգ Ֆինքելը բրիտանացի ասորագետ է, որը նաև բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի սեպագրության հավաքածուի պահապան-գիտնականներից է։
Ի դեպ, նա այն նշանավոր գիտնականներից է, որը բազմաթիվ հարցազրույցների ընթացքում անդրադարձել է ուրարտական պատմությանը, ծագմանն ու տեղադրությանը՝ փաստելով որ Ուրարտու անվանումը Արարատ և Արմենիա անվանումներ հնագույն տարներակն է։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Գոհար Սարգսյանի