ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ

ՀՀ Սյունիքի մարզում՝ Ծավ և Շիկահող գետերի ափին՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ է գտնվում Սյունիքի մարզի գանձերից մեկը՝ Սոսիների պուրակը: Պուրակը գտնվում է ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա:

Ստեղծման պատմությունը

Սոսիների պուրակը ստեղծվել է 1958 թվականին ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի (թիվ Պ-341) որոշմամբ: Այժմ այն զբաղեցնում է 64.2 հա տարածք։ Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար արգելավայրը շրջապատված է մոտ 100 մ լայնություն ունեցող բուֆերային գոտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գյուղի և Կապանի անտառտնտեսության հողերը։ Մինչև 2004 թվականը գտնվել է Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել է «Շիկահող» արգելոցին։ Արևելյան սոսու բնական պուրակը միակն է Կովկասում՝ պահպանության նպատակով, «Սոսու պուրակ» արգելավայրն իր մեջ ներառում է արևելյան սոսու` Կովկասում ամենախոշոր բնական պուրակը։«Սոսու պուրակն» ունի ձգված տեսք՝ Ծավ գետի երկայնքով 50-200 մ լայնությամբ և 10 կմ երկարությամբ։

Հսկա սոսիները

Սոսիների պուրակում կան 1000-ից ավելի սոսիներ, որոնք ավելի քան 200 տարեկան են: Դրանցից շատերն ունեն 30-35 մ բարձրություն: Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ՝ հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն։ Պուրակի ծառատեսակները’ սոսին ու արեւելյան ընկուզենին, բնական վերաճ չեն ապահովում: Տնկինեը հիմնականում ստացվում են սերմերի միջոցով: Արգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանի խոսքերով տարվա ընթացքում պուրակի 1-2 ծառ ինքն իրեն ընկնում է: Դրանք 500-600 տարեկան գերհասուն ծառեր են, որոնց փոխարեն տնկում ենք մատղաշ տնկիներ: Պուրակի զարդը 2000 տարեկան սոսին է, որի բնում կարող է տեղավորվել շուրջ 30 մարդ։ Ներկայումս արևելյան սոսին գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:
Հնագույն ժամանակներից ի վեր արևելյան սոսին լայնորեն օգտագործվում է քաղաքների ու բնակավայրերի կանաչապատման մեջ։ Այն առաջին հերթին աճեցվել է եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերում։ Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Արմավիրում գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը նույնպես շրջապատված էր Սոսյաց հռչակավոր անտառով։
Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները՝ 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ։ Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, կատվաօձը և անդրկովկասյան սահնօձը։

Սոսիների պուրակի առեղծվածը

Սոսիների պուրակի մասին պատմող մի քանի առասպելներ կան: Դրանցից մեկի համաձայն մի օր Սյունիքի Թորոս իշխանը իր շքախմբով գալիս է ասյտեղ՝ զովանալու և որսի նպատակով: Բոլորի համար անսպասելի սարերում ուժեղ անձրև է սկսվում և հանդարտ հոսող գետը վերածվում է հեղեղի: Հանկարծահաս հեղեղը փակում է նրանց ճանապարհը, ձիերը դժվարանում են անցնել գետը։ Թվում է, վիճակը անելանելի է , բայց մոտակա անտառի խորքից մի հսկա սոսի է տապալվում, մեկնվում գետի վրա՝ դառնալով բնական կամուրջ մարդկանց համար: Շքախումբը անվտանգ անցնում է գետի վրայով, սկսում որսն ու զվարճանքը: Դրանից հետո Թորոս խշխանն իր մարդկանց կարգադրում է գետահովտում բազմաթիվ սոսիներ տնկել՝ ի հիշատակ նահատակ սոսու ծառի:
Լեգենդներից մյուսի համաձայն Սոսիների պուրակը ավելի քան 2000 տարի առաջ գոյություն է ունեցել: Այստեղ, մոտակայքում եղել է հեթանոսական մեհյան, գործել են քրմերը: Նրանք սոսիների տերևների սոսափյունով գուշակում էին մարդկանց ապագան, կանխատեսում եղանակը, բնական աղետները, և մարդկանց զգուշացնում էին մոտալուտ աղետների մասին: Այս կողմերում սոսին և ընկուզենին համարվում են սուրբ ծառ, և այս ծառերը կտրողները կրում էին խիստ պատիժ: Այստեղ վաղուց գործում է տնկարան։Հայ հեթանոս քրմերը հավատում էին, որ խշշացող սոսիների տերևները կարող են ապագա գուշակել:
Մի անգամ այստեղով անցնելիս պարսից Դարեհ արքան զմայլվում է պուրակով։ Նա հրամայում է, որ անտառից ոստեր հանեն, տանեն Պարսկաստան և իր պալատի մոտ սրա նման չքնաղ մի պուրակ տնկեն։
Ինչ ջանք էլ որ թափում են պարսիկ անտառագետները, միևնույն է, գործը գլուխ չի գալիս․ հայկական սոսին պարսկական հողի վրա չի արմատակալում։
– Այն, ինչ պարսից երկրում չի աճում, աշխարհի ոչ մի անկյունում էլ չպետք է աճի,- ասում է զայրացած Դարեհը և մարդկանց ուղարկում, որպեսզի հատեն Ծավի պուրակը։
Հրամանը կատարվում է։ Սակայն մի քանի տարի անց պուրակը կրկին դալարում է։ Պարսիկները դարձյալ կտրում սոսիների շիվերը, բայց շատ չանցած՝ պուրակը նորից ծլարձակում։
Դարեհը կանչում մի գիտունի ու հարցնում.
– Սա ի՞նչ բան է, ի՞նչ ուժ կա այդ սոսիների մեջ, որ իմ մարդիկ չեն կարողանում արմատահան անել դրանք։
Իմաստունը պատասխանում է.
– Այդ սոսիների տակ հայերը ցորեն են ցանել։ Իսկ ցորենի ուժով հողին կպած ծառը մահ չունի․ ինչ էլ անես, մի տեղից կդալարի։

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
/Տեսնել բոլորը